Այս տարվա հուլիսի 1-ից հարցաքննությունները եւ մի շարք այլ քննչական գործողությունները կիրականացվեն տեսանկարահանման եղանակով՝ համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի։ Այս մասին Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հանձնաժողովի նիստում նկատեց, որ քննիչներն ունեն նաեւ տեխնիկական խնդիրներ։ Ի պատասխան՝ Արսեն Այվազյանն ասաց․ «Քրեական դատավարության օրենսգիրքը, որն Ազգային ժողովի կողմից ընդունվեց վերջերս, արդեն իսկ ամրագրում է տեխնիկական նման համալրման անհրաժեշտություն եւ պահանջ։ Դրանով պայմանավորված՝ Քննչական կոմիտեն արդեն իսկ գնում է համապատասխան տեխնիկական միջոցների գնումների։ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ այս տարվա հուլիսի 1-ից մենք պետք է հարցաքննությունները եւ մի շարք այլ քննչական գործողություններ կատարենք տեսանկարահանման եղանակով։ Այսինքն՝ այն հարցաքննությունները, որոնք մենք թղթով, գրիչով կամ համակարգչով էինք անում, այսուհետ, որպես կանոն, լինելու են տեսանկարահանման եղանակով։ Դա քայլ առաջ է երկու տարբեր իմաստներով՝ եւ ժամանակի խնայողության իմաստով, եւ քննիչի ու դատավարության մասնակիցների։ Օրինակ՝ վկան էլ ստիպված չի լինի քննիչի մոտ 4 ժամ հարցաքննվել, նա 1-2 ժամում տեսանկարահանման եղանակով կհարցաքննվի։ Քննչական կոմիտեի քննիչների այս ծանրաբեռնվածության պատճառներից մեկն էլ այն է, որ մենք դեռ շարունակում ենք թուղթ ու գրիչով աշխատել, բայց հուլիսի 1-ից արդեն կունենանք այդ բարեփոխումը»։
Արսեն Այվազյանը նաեւ հավելեց, որ սեպտեմբերի 1-ից էլ ներդրվելու է էլեկտրոնային նախաքննության համակարգը։ «Դրա շրջանակներում նախկինից հայտնի եւ այսօր էլ դեռ գործող թղթային պապկաները, հատորներով քրեական գործերն արդեն չեն լինելու, եւ մենք աստիճանաբար անցում ենք կատարում դեպի էլեկտրոնային եղանակով նախաքննության իրականացմանը։ Օրերս թվայնացման խորհրդի հետ քննարկում էինք նաեւ հնարավորությունը, որ դատարաններն էլ միանան, դատական քննությունն էլ էլեկտրոնային լինի։ Կարծում եմ՝ էլեկտրոնային նախաքննությամբ պայմանավորված կարագացվի նաեւ այդ մասը, եւ մենք ի վերջո կունենանք ամբողջ դատավարության էլեկտրոնային տարբերակը, որն էականորեն կնվազեցնի այս ծանրաբեռնվածությունը։ Եվ շատ կարեւոր մի հանգամանք՝ մենք տեխնիկական միջոցների կիրառմամբ՝ տվյալ դեպքում տեսանկարահանմամբ կապահովենք մարդու իրավունքների պաշտպանությունը, որովհետեւ շատ դեպքերում վիճարկվում է ցուցմունքի բովանդակությունը՝ նշելով, որ ինքը մի բան է ասել, բայց արձանագրված է մեկ այլ բան։ Տեսանկարահանման միջոցով այդ դեպքերը կկանխվեն, ընդհուպ նաեւ կկանխվեն մարդու իրավունքների ոտնահարման, խոշտանգման հնարավոր առերեւույթ դեպքերը»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ