Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞նց ես ընտրված նախագահին բան ասում. Փաշինյանին «դավաճան» անվանած Սամվել Վարդանյանն ազատվել է աշխատանքից

Ապրիլ 26,2023 17:42

Նիկոլ Փաշինյանին «դավաճան» անվանելու համար երեկ ոստիկանության բաժին տարված Սամվել Վարդանյանը գործատուի հետ խնդիրներ է ունեցել իր կատարած արարքի համար: Նա ազատվել է աշխատանքից:

«Շատ տհաճ խոսակցություն եմ ունեցել գործատուիս հետ, ինքը համաձայն չէր իմ ասածի հետ, ինձ ասաց՝ այդ արարքիցս հետո նույնիսկ հյուրանոց ոտք չպետք է դնեի, այդտեղ ես ադմինիստրատոր էի աշխատում: Ասաց, որ սխալ եմ, ո՞նց եմ ընտրված նախագահին բան ասում և այլն: Մեր տհաճ խոսակցությունից երկուստեք հասկացանք՝ այդ աշխատանքն այլեւս անհնար է: Իրենք կուսակցական չեն, բայց խնդիրն այն է, որ իրենք հասկացան, որ խնդիրներ կունենան իմ նման աշխատող ունենալու դեպքում»,- Aravot.am-ին պատմեց Սամվել Վարդանյանը:

44-օրյա պատերազմի մասնակից Վարդանյանին գործատուն նաեւ ասել է, թե նույնիսկ սահմանից եկածներն իրենց նման կերպ չեն պահում: Այնինչ, Վարդանյանը երկար պնդում էր, որ մեր հարցազրույցում նույնիսկ չնշենք պատերազմին իր մասնակցությունը. «Չեմ ուզում իմ մասնակցությունը շահարկել, ես նոյեմբերի 9-ի երեկոյան եմ վերադարձել, այնքան բան եմ այնտեղ տեսել, որ դեսերտացիա կարող եմ գրել, բայց հիմա չեմ ուզում խոսել այդ մասին, չեմ ուզում նշվի իմ մասնակցության մասին»

Անդրադառնալով ՔՊ գրասենյակի դիմաց տեղի ունեցածին՝ Վարդանյանն ասաց, որ պատրաստվում է բողոքարկել իրեն անօրինական ձերբակալելու որոշումը: Սառը զենք ունենալու կասկածանքով բաժին տարված երիտասարդին ազատ են արձակել ավելի քան մեկ ժամ բաժնում պահելուց հետո: Այնտեղ, ըստ նրա, իրեն խուզարկել են, հարցաքննել, ոստիկաններից մեկն իր բջջային հեռախոսով իրեն նկարել է՝ պնդելով, որ այդ իրավունքն ունի, մոտ կես ժամ էլ իրեն են զրկել իր հեռախոսից օգտվելու իրավունքից:

«Մոտ կես ժամ հեռախոսս, պայուսակս ինձ մոտ չի եղել: Հեռախոսս կոդավորված չի եղել, հանգիստ կարող էին այն ուսումնասիրել: Ինչ վերաբերում է ձերբակալման որոշմանը՝ այն բողոքարկելու ենք: Արդեն զբաղվում ենք դրանով, հետեւողական եմ լինելու: Ավելին այս պահին չեմ կարող ասել»,- ասաց Սամվել Վարդանյանը:

Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ մեզ հետ զրույցում պնդեց, որ սառը զենք ունենալու կասկածանքը փարատելու համար ոստիկանները կարող էին տեղում Վարդանյանին խնդրել ցույց տա գրպանները.

«Կասկածը հիմնավորված չէ, ձերբակալման իմաստ ընդհանրապես չկար: Ակնհայտ է, որ ինչ-որ մի պատրվակով պետք էր այդ անձին ձերբակալել, որ մարդը թույլ էր տվել իրեն կարծիք հայտնել, ձերբակալումը, ըստ իրենց, մի փոքր պատիժ էր: Ընդ որում՝ ձերբակալում են մի բանի համար, ինչը հազարավոր մարդիկ անում են սոցցանցերով»:

Սամվել Վարդանյանն էլ շարունակեց պատմել, որ երեկ երեկոյան անցնելիս է եղել ՔՊ գրասենյակի դիմացով, երբ նկատել է Նիկոլ Փաշինյանին գրասենյակից դուրս գալուց: Նրա պատմելով, նույնիսկ անունը չի տվել, պարզապես գոռացել է «դավաճան»:

«Եզակի հնարավորություն ընձեռվեց իմ դիրքորոշումը արտահայտելու ու իրենց քաղաքական գնահատականը տալու: Առանց անվան, միայն բառն եմ ասել՝ դավաճան: Փաշինյանը, վստահաբար տեսավ ինձ, նկատեց, լսեց, բայց կոնկրետ իր կողմից հրահանգ չեմ նկատել, պարզապես մոտեցան ինձ 15-20 հոգի ոստիկան, թիկնազորից եկան մարդիկ ու տարան բաժին»,- պատմեց Վարդանյանը:

Նա ասաց, որ որեւէ քաղաքական ուժի չի հարում, մորական կողմով արցախցի է, ամբողջ կյանքում Հայաստանում է ապրել:

Ինչու են իշխանությունները ցավոտ տանում «դավաճան» բառը, ըստ Սամվել Վարդանյանի. «Ճշմարտությունը միշտ ցավոտ է, բնական է, որ այդպես պետք է ընդունեն: Արդեն ջղաձգումների մեջ են, հասկանում են, որ իրենց վերջը մոտ է, հրաշալի հասկանում են, որ արդեն չեն կարող ապրել այս հասարակության մեջ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930