Հիասթափությանն ու ֆրուստրացիային անխուսափելիորեն հետեւում է ակտիվություն
Երբ ներքաղաքական վիճակը կայուն է, դա բերում է հասարակական կյանքին քաղաքացիների մասնակցության նվազմանը: Դրա հաջորդ փուլն է անխուսափելի հիասթափությունը, կրավորականությունը, ֆրուստրացիան, որը, սակայն, պատմականորեն շատ երկար չի կարող տեւել: Աստիճանաբար հասարակությունը պահանջում է ավելի լայն մասնակցություն, քանի որ որոշակի շերտեր իրենց անտեսված են զգում: Դա իր հերթին բերում է քաղաքացիների ակտիվության աճի եւ, ի վերջո, հանգեցնում է ներքաղաքական ապակայունացման: Այդ շրջափուլերը նկարագրված են Սեմյուել Հանթինգթոնի գրքում, որը լույս է տեսել 1968 թվականին եւ կոչվում է «Քաղաքական կարգը փոփոխվող հասարակություններում»:
Օրինաչափությունը, կարծում եմ, ունիվերսալ է եւ կես դարի ընթացքում չի կորցրել իր արդիականությունը: Տեսնենք՝ արդյո՞ք այն կիրառելի է Հայաստանի դեպքում: 1998 թվականի իշխանափոխությունից եւ հաջորդ տարվա ահաբեկչական ակտից հետո Հայաստանն աստիճանաբար թեւակոխել էր կայունության փուլ: Ժամանակի ընթացքում այդ կայունությունը վերաճեց լճացման: Վերջինս սկզբունքորեն հնարավոր էր հաղթահարել «վերեւից» անցկացվող արմատական բարեփոխումներով: Բայց Ռոբերտ Քոչարյանը, իսկ այնուհետեւ՝ Սերժ Սարգսյանը, նման մտադրություն չունեին, եւ տարիների ընթացքում աճում էր անտեսված խավերի դժգոհությունը: Դրանք հիմնականում երկուսն էին. 1/ լյումպենացված, դեռեւս 1990-ականների վայրիվերումներից տուժած զանգվածը 2/ անկախության տարիներին մեծացած երիտասարդությունը, որը 2018 թվականին հասել էր միանգամայն հասուն տարիքի: Այդ շերտերը պահանջում էին մասնակցություն քաղաքական-հասարակական կյանքին, եւ 2018 թվականին նրանք դուրս եկան փողոց՝ շեշտելու համար իրենց կարեւորությունը:
Դրանից հետո մենք թեւակոխեցինք կայունության փուլ, որին աստիճանաբար գալիս է փոխարինելու ֆրուստրացիան: Պատերազմում պարտությունը մի քանի անգամ ավելի է խորացրել այդ զգացողությունը: Եվ դարձյալ՝ այդ իրավիճակը հնարավոր է հաղթահարել արմատական բարեփոխումներով, սակայն նորից պետք է արձանագրենք, որ ներկայիս իշխանությունը նույնպես նման որեւէ ցանկություն չունի: Պոպուլիզմը, որը հատուկ է ներկա իշխանություններին, արմատական միջոց չէ: Իրականում դա որեւէ բան չբարեփոխելու համար արտաքին շղարշ է, որը չի ստեղծում պետական եւ քաղաքական նոր ինստիտուտներ եւ չի ամրապնդում, այլ հակառակը՝ թուլացնում է քաղաքական համակարգը:
Կարդացեք նաև
Այն երկու շերտերը, որոնք 2018 թվականի հեղափոխության շարժիչ ուժն էին, հինգ տարի անց տարբեր ձեւով են արձագանքում իրավիճակին: Լյումպենացված զանգվածը շարունակում է հավատարիմ մնալ այսօրվա իշխանություններին, մասնավորապես, հենց նույն պոպուլիզմի պատճառով: Երիտասարդությունը, բացառությամբ այն մի քանի տասնյակ հոգու, որոնք իշխանության մեջ են, հիասթափություն է ապրում՝ տեսնելով, որ ներկաները շատ հարցերում (օրինակ՝ հակաժողովրդավարության եւ կոռուպցիայի) շարունակում են գնալ իրենց նախորդների ճանապարհով: Պետք է հաշվի առնել նաեւ, որ առաջին խումբը, հասկանալի պատճառներով, հետզհետե հեռանում է ասպարեզից, իսկ երիտասարդությունը, հակառակը, ամրապնդում է իր դիրքերը:
Ի վերջո՝ դա կբերի նոր ապակայունացման եւ նոր հեղափոխության: Թե երբ դա տեղի կունենա՝ դժվարանում եմ ասել: Բայց ենթադրում եմ, որ այս անգամ քսան տարի չի պահանջվի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.04.2023
Պարոն Աբրահամյան, դուք իրոք կարծում եք, որ Հայաստանում 2018թ.-ին հեղափոխություն է տեղի ունեցե՞լ
Այո, հասարակության այն շերտերը, որոնք 20 տարի արհամարվում էին ու նվաստացվում, դուրս եկան փողոց ու պահանջեցին, որ նրանց մարդատեղ դնեն: Այլ բան է, թե ինչ է տեղի ունեցել հետո:
Իսկ ես համոզված եմ, որ սա արևմտյան պրոյեկտ էր`թուրքի քավորությամբ, ռսին տարածաշրջանից հանելու համար, իսկ թուրքերը, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, հիանալի օգտվեցին դրանից։ Բոլորն էլ գիտեն, որ Սերժից պրծնելու համար ժողովուրդը ցանկացածին կօժանդակեր (նույնիսկ Րաֆֆի Հովհաննիսյանին ենք ընտրել, որ պրծնենք սրանցից), իսկ հետո ձնագնդի էֆեկտով վերածվեց “հեղափոխության”։ Հիմա հետահայաց նայելով, պարզ երևում է, որ Սերժը պայմանավորված հանձնեց իշխանությունը (մինչև ժողովրդի կրիտիկական զանգված հավաքվելը 1000 ու մի հանցագործություն արեցին “հեղափոխականները”, ոչ մի արձագանք)։