Aravot.am-ի տեղեկություններով, ապրիլի 4-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում զեկուցագիր է ստացվել այն մասին, որ մի խումբ քաղաքացիներ, ընտանեկան նպաստ ստանալու համար, տարբեր ժամանակահատվածներում, դիմել են միասնական սոցիալական ծառայության Ստեփանավանի տարածքային կենտրոն՝ ներկայացրել փաստացի բնակության, զբաղվածության եկամուտների, գույքի առկայության, ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ կեղծ տվյալներ ու դրանց հիման վրա ընդգրկվել են նպաստառուների ցուցակում:
Մոտ երկու տասնյակ անձանց կողմից Միասնական սոցիալական ծառայության Ստեփանավանի տարածքային կենտրոն իրականությունը չհամապատասխանող կեղծ տվյալներ ներկայացվելու և նպաստառուների ցուցակում ընդգրկվելու արդյունքում պատճառված ընդհանուր վնասի չափը կազմում է 54.475.800 դրամ: Գործը գտնվում է Ստեփանավանի քննչական բաժնում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ