Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ է նշանակում «երեւանցի տղա»

Ապրիլ 08,2023 10:00

Իմ ողջ գիտակից կյանքի ընթացքում լսում եմ «Ես երեւանցի տղա եմ» արտահայտությունը, որը, եթե խորը մտածենք՝ մինչեւ վերջ պարզ չէ, թե ի՞նչ է նշանակում: Գուցե մարդիկ ցանկանում են ընդգծել, որ ծնվել եւ ապրում են մայրաքաղաքում, եւ իրենց կենցաղով, բարքերով եւ ինտելեկտով շահեկանորեն տարբերվում են Հայաստանի մյուս քաղաքների եւ գյուղերի բնակիչներից:

Կամ, թերեւս, ցանկանում են ցույց տալ, որ երեւանցի լինելու իրենց հրաշալի հատկությունը որոշակի առավելություններ եւ արտոնություններ է տալիս: Օրինակ, երեւանցին իրավունք ունի լինել ավելի ամբարտավան կամ ցինիկ, քան, ասենք, Արմավիրի բնակիչը:

Ինչպես ցանկացած սնապարծություն՝ այս մեկը նույնպես որեւէ հիմք չունի, եւ, մասնավորապես, որեւէ խուլիգանություն չի արդարացնում: Այնպես որ՝ նման բան ասողները թող իրենց բացատրեն, թե ի՞նչ է իրականում նշանակում լինել «երեւանցի»: Մանավանդ, որ այս պահին մայրաքաղաքում ապրող մարդկանցից քչերի ապուպապերն են ծնվել Երեւանում:

Ես, ճիշտն ասած, ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչ է նշանակում պարծենալ այն բնակավայրով, որտեղ ծնվել ես կամ որտեղ ապրում ես: Իհարկե, պետք է ամեն ինչ անել, որ այն գեղեցիկ, բարեկարգ ու մաքուր լինի, որովհետեւ դա քո տունն է: Բայց դա ամենեւին չի նշանակում, որ «այլ տները» արժանի են արհամարհանքի:

Ազգությունը եւ քաղաքացիությունը այլ բան է: Ես հպարտանում եմ, որ ա՛յս մշակույթը, ա՛յս կրոնը, ա՛յս պատմությունն ունեցող ժողովրդի ներկայացուցիչ եմ: Դա, կարծում եմ, ինձ վրա պարտականություն է դնում լինել ավելի լավը, ավելի ուժեղ, որպեսզի այլ ազգերն ինձ հարգեն: Ես հպարտ եմ նաեւ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, այն պետության, որը ստեղծվել է 1991 թվականին՝ որոշակի սկզբունքների հիման վրա եւ որոշակի նպատակներով: Ցավոք, այդ սկզբունքներն ու նպատակներն այսօր մոռացվում են, եւ մեր «տաղանդավոր» իշխանությունների գործունեության հետեւանքով այդ պետությունը կարող է եւ դադարել գոյություն ունենալուց:
Մնացած «տեղայնական» խնդիրներն, ինձ թվում է, առնվազն երկրորդական են: Մասնավորապես, երեւանցին խուլիգան լինելու ինդուլգենցիա չէ:

… Տեղեկացնեմ ձեզ, որ ես, թեեւ ծնվել եմ Երեւանում, երեւանցի չեմ՝ ծնողներս Երեւանում չեն ծնվել, եւ ես մայրաքաղաքում չեմ ապրում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Hay says:

    Չէի ուզում սրա մասին գրել, բայց ստիպեցիք։ Թող ինձ ներեն լավ մարդիկ, բայց ես ասում եմ ճշմարտությունը։ Ուրեմն, երբ մարզերի բնակիչներն իմանում են, որ դիմացինը բնիկ երևանցի է, չեն ուզում որևէ գործարք ունենալ նրա հետ։ Երևանցին ասոցացվում է խաբեության, խարդախության, քցելու, սուտ խոսելու հետ։ Էնպես որ երևանցիներ, ամեն տեղ մի ասեք, որ երևանցի եք(բնիկ), դա առավելություն չի, դա թերություն է։

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ամբողջ X խմբին Y բացասական հատկությունները վերագրելը կարող է տանել դեպի մերժելի կարծրատիպ եւ ատելության խոսք

    • Ջորդանո Գալիլյան says:

      “Թող ինձ ներեն լավ մարդիկ, բայց ես ասում եմ ճշմարտությունը։”

      ճշմարտությունը չի կարող հիմնվել տգիտության վրա… 🙂

  2. Սարգիս Զեյթունյան says:

    Ի՞նչ կարիք կա անդրադառնալ ողորմելի վիճակում հայտնված խղճուկ մարդու բարբաջանքին: Դուք կմեկնաբանեի՞ք Հայկոյի «Ես լա՜վ տղա եմ, ես քուչին նվիրված տղա եմ» համարը: Հայկոն գոնե պարոդիա էր անում: Սա մոտավորապես նույն բանը լրիվ լուրջ է ասում: Դժբախտությունն այն է, որ մանկության տարիների հոգեկան խեղումները դեմքերին դրոշմված երիտասարդները, ներառյալ վարչապետն ու ԱԺ նախագահը, ստացել են իշխանություն, ու անասնական բնազդով աջուձախ վրեժ են լուծում իրենց խեղված մանկության ու պատանեկության համար: Ինչպե՞ս կարող է, օրինակ, նորմալ մանկություն ունեցած իշխանավորը թքել մարդու երեսին, ում ձեռքերից բռնել են իր թիկնապահները:
    Դժբախտությունը նաև այն է, որ մենք էլ, որպես պետություն, խեղված մանկություն ունեցանք: Այնքան խեղված, որ 2018-ին միամտաբար որոշեցինք գնալ սատանայի հետևից՝ իր վրեժը լուծելու: Այն քչերս էլ, որ տեսնում էինք, թե ինչ է կատարվում, ոչ մի դիմադրություն ցույց չտվեցինք:

  3. Լավատես says:

    Ինչքան էլ օտարի երկրում երկար տարիներ ապրում եմ եւ բնիկներն ինձ լավ են վերաբերում, ես ինձ հյուր եմ զգում նրանց տանը, որովհետեւ ես իմ տունն ունեմ, որտեղ ես եմ բնիկն ու տանտերը: Երեւանցին էլ նա է, ով որտեղ էլ ապրի, իրեն հյուր է զգում, բացի իր Երեւանից, որտեղ ինքն է տանտերը: Իսկ ով ուրիշի տանը իրեն տանտեր է զգում եւ ոչ թե հյուր, դա էլ կոչվում է գեղցի, քաղքենի, անհայրենիք, աշխարհաքաղաքացի, զզվանք, խամաճիկ, դավաճան, այլասերված’ այլասերված բնիկ ու այլասերված քոչվոր: Այսօրվա աշխարհում այլասերվածներն են կառավարում, ժամանակն է իսկական տանտերերը միավորվեն ու քշեն այլասերվածներին կառավարման ղեկից ու վերցնեն ղեկն իրենց ձեռքը’ սկսած համայնքներից, գյուղերից, վերջացրաց քաղաքներով ու պետություններով ու վերպետական կայսրություններով: Այլասերվածներն այդքան ուժեղ չեն, ինչքան ցույց են տալիս, սրանց ուժը իրենց միաբանության եւ բնիկների անմիաբանության մեջ է, սրանց լոզունգն է’ իրենց տունը տալիս են’ վերցրու, իրենց տնից ծեծելով դուրս են անում’ փախի: Երեւանցիներ բոլոր երկրների’ միացե՛ք: Հիվանդ ձուկը գլխից է առողջանում:

  4. Արդյո՞ք շատ են Հայաստանում պարոն Սարգիս Զեյթունյանի պես մտածողները: Հույս ունեմ որ այո: Այլ դեպքում, ապագա չկա:

  5. Ջորդանո Գալիլյան says:

    Չալոյի հետ հեղափոխություն արած, ալեկազմիչ տեսած, հունական կղզիներում կայֆավատ եղած, դավաճանական պարտություն ճաշակած իռավանցի տղան ուզում է «ներողություն» խնդրել Հայաստանի Հանրապետության բոլոր ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ: Այսինքն՝ պարզ խոստովանում է, որ իրականում թքել է ԲՈԼՈՐ հայերի վրա՝ նախապես կապելով նրանց ձեռքերը եւ թունավորելով նրանց գիտակցությունը՝ Կանադայից մինչեւ Արցախ, Երեւանից մինչեւ Բուենոս-Այրես…

    Իռավանցի տղան շատ էր զարմացել, որ նույնիսկ ԼՏՊ-ն է իր հրաժարականը պահանջել: Թե բա՝ ես առաջնային թքելու մանդատով օժտված միակ ատյանի տեր-տիրակալն եմ, դու էլ պատմաբան մարդ ես, աններելի սխալներ ես գործել, հիմա եկել ես իմ պես սուրբ անձնավորությանը քննադատում ես, որ ի՞նչ անես: Չկարողացար ժամանակին դաշնակներին լրիվ փակես, հիմա դրանց տղերքը եկել են արդեն Կասկադի վրա օրը ցերեկով ինձ են դավաճան հանում: Ով-ով, բայց դու էլ հո լավ գիտես, թե ով է թիվ մեկ դավաճանը. ես այդ օրը ընդհանրապես Մոսկվայում եմ եղել, հետո էլ բունկերից վիստուպատ չեմ եղել…

  6. Ջորդանո Գալիլյան says:

    “Ազգությունը եւ քաղաքացիությունը այլ բան է: Ես հպարտանում եմ, որ…”

    Իրականում ազգությունը եւ քաղաքացիությունը նույնպես հպարտանալու առարկա չպետք է լինեն: Ինչպես եւ ծննդավայրը, դրանք եւս մարդու արժանիքները ոչ մի կերպ չեն կարող բնորոշել. անիմաստ է հպարտանալ մի բանով, որի ընտրությանը մարդն ընդհանրապես չի մասնակցել եւ չէր էլ կարող մասնակցել: Ուրիշ բան, եթե հնարավորություն լիներ ծնողներին խնդրել ամուսնանալ կոնկրետ այս վայրում, լինել հատկապես այս ազգության ներկայացուցիչը եւ ընդունել հենց այս պետության քաղաքացիությունը:

    Իմ խորին համոզմամբ՝ հպարտանալ կարելի է միայն անհատական ​​հատկանիշներով, երբ դու ինքդ ես կերտել այդ հատկանիշները, ինքդ ունես անձնական վաստակ: Այդպիսի մարդիկ, անընդհատ հետեւելով ազգին, առաջին հերթին նկատում են նրա թերությունները եւ փորձում ուղղել դրանք: Իսկ երբ մարդ սկսում է հպարտանալ իր ծննդավայրով կամ ազգով, ապա այդտեղ ակնհայտորեն ի հայտ են գալիս անձնական թերարժեքության բարդույթները. նա պատրաստ է ամեն գնով արդարացնել իր ազգի (ծննդավայրի, պետության) բոլոր թերություններն ու հիմարությունները…

  7. Ջորդանո Գալիլյան says:

    Հուդայական հրեաները մի հետաքրքիր աղոթք ունեն, որով գովաբանում են տիեզերքի թագավորին, շնորհակալություն հայտնում, որ իրենց այլ ժողովուրդների նման չդարձրեց եւ այդ ցեղերի հետ հավասարություն չստեղծեց: Թե բա՝ նրանք երկրպագում են «ունայնությանը» եւ «ոչնչությանը», իսկ ահա իրենց հրեական ամպերի մեջ նստածը մի ուրիշ տիպի «արարիչ» է, ամենազորության այնպիսի բարձունքներում է գտնվում, որ իրենց մնում է միայն զօր ու գիշեր ծնկաչոք աղոթել, երկրպագել ու … թքել: Այո՛, այո՛, հավատացյալ հրեան պարտավոր է այս աղոթքի ընթացքում հենց թքել:

    Եւ ինչն է այստեղ զարմանալին եւ ես կասեի նույնիսկ՝ զավեշտալին, որ այս զարմանահրաշ աղոթքը եբրայերեն կոչվում է «ալենու» (עָלֵינוּ): Հենց այս բառով է սկսվում աղոթքը, որը բառացի նշանակում է «մեզ վրա». «Մեզ վրա պարտավորություն է դրված գովաբանել տիեզերքի թագավորին եւ այլն…»: Զարմանալ պետք չէ, քանզի եբրայերենում անձնական դերանունները ածանցների հետ միանալու եւ մեկ բառով ներկայանալու հատկություն ունեն: Ալենը միացավ իր թիկնապահներին, թքեց, վիրավորեց ու ներկայացավ մեզ որպես խայտառակություն ու ոչնչություն: Մի խոսքով՝ «ալենու»…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930