«Լոռի» ջրօգտագործողների ընկերությունում իրականացվող ուսումնասիրության արդյունքում բացահայտվել է, որ 2019-2022 թթ ընթացքում գլխամասի հսկիչ Անահիտ Մաթևոսյանը պարբերաբար 3-4 ամիս բացակայել է ՀՀ-ից, սակայն աշխատավարձ է ստացել:
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ընկերության իրավասու աշխատակիցները (տվյալները պարզվում են) իրենց ծառայողական լիազորությունները և ծառայողական դիրքից բխող հեղինակությունն օգտագործելով ընկերության աշխատակիցների աշխատավարձերի վճարման տեղեկագրերում և ցուցակներում ներառել են Անահիտ Մաթևոսյանի կողմից աշխատանքի հաճախելու մասին կեղծ տեղեկություններ, այնուհետև բովանդակությամբ կեղծ այդ փաստաթղթերն օգտագործելով ՝ դրել են շրջանառության մեջ, ինչի արդյունքում Ա.Մաթևոսյանին հաշվարկվել և վճարվել է մոտ 850.000 դրամ աշխատավարձ:
Aravot.am-ը զրուցեց Անահիտ Մաթեւոսյանի ամուսնու` Գագիկ Մաթեւոսյանի հետ: Վերջինս ասաց, որ այդ 850.000 դրամը չգանձված հարկերով աշխատավարձի չափն է. «Ավելի քան 30 տարի այդ նույն աշխատանքին ենք: Ես էլ եմ այդտեղ աշխատել, ես եմ գրանցված եղել, բայց այս գործն ընտանիքով ենք արել: Մեր տունը կանալի գլխամասում է, տարբերություն չի եղել՝ որ մեկս է անում: Ինչ տարբերություն՝ Անոն է արել, թե ես եմ արել: Մենք Մոսկվայում թոռանս առողջականի հետ կապված խնդիր ենք ունեցել, կինս այդ պատճառով է բացակայել, բայց չէ, որ այդ գործը արվել է, կինս չի եղել, բայց ես եմ այդ գործը արել: Հիմա էդ փողը հետ են ուզում գանձել, ես թքած ունեմ էդ փողի վրա, բայց հարցն էն է, որ ես աշխատել եմ, գործն արվել է, չէ՞: Ինչ տարբերություն, որ ինքը չէր բացակայում երկրից, էլի երկուսով ենք արել: Իմ տան տակն է կանալի գլխամասը, ուրիշ մարդ կարո՞ղ է գա աշխատի: Մեզանից առաջ էլ պապս է աշխատել, մենք ծնունդով, կյանքներովս էստեղ ենք ապրել: Մեր գործն էլ լավ արել ենք: Միլիոններ են իբր տվել, ընկել են մեր հետեւից՝ բա թե էդ փողը պիտի հետ տաք: Դրա հույսին էլ չեմ, բայց մենք գործն արել ենք, հարյուր մարդ, հարյուր տեղ գիտի, որ աշխատում ենք: Մեր վրա 30 տարի մի բացթողում, չեպե, չի եղել: Ինչն է էստեղ խնդիրը, սենց խառնվել են իրար»:
Ուսումնասիրության արդյունքում նաեւ պարզվել է, որ նույն ընկերության տարբեր հաստիքներում ձևակերպված 55 աշխատակիցների՝ 2020-2022 թթ. զուգահեռ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ստեղծված կազմակերպություններում՝ դպրոցներում, համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում, բժշկական կենտրոնում, միաժամանակ 3 այլ վայրերում վարձու աշխատակիցներ հանդիսանալու պայմաններում, ընկերության իրավասու աշխատակիցները իրենց ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, հիշյալ անձանց անվամբ հաշվարկել և վճարել են ընդհանուր շուրջ 41.438.000 հազար դրամ աշխատավարձ այդ կերպ հափշտակելով իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
“….Ուսումնասիրության արդյունքում նաեւ պարզվել է, որ …”
73 բառ և մեկ նախադասություն, դժվար է հասկանալ: