Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Հունանյանը չի կարող ազատության մեջ հայտնվել. ես բացառում եմ. Բախշյան

Մարտ 21,2023 17:37

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն իրագործած ահաբեկիչներից Կարեն Հունանյանը չի կարող ներում ստանալ ու ազատության մեջ հայտնվել: Չնայած Հունանյանի՝ ներման հարցերով զբաղվող հանձնաժողով ներում ստանալու դիմում ներկայացնելուն, համոզված է կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ, ԱԺ նախկին նախագահ Յուրի Բախշյանի կինը:

«Խոսել եմ արդարադատության փոխնախարարի հետ, շատ երկար քննարկել ենք: Էդ հանցագործը օգտվել է օրենքով սահմանված իր իրավունքից ու դիմել է, բայց դա ոչինչ չի նշանակում: Դիմելը մի բան է, ներում ստանալը՝ մեկ այլ գործողություն: Ինձ ասել են՝ չանհանգստանաք, ես էլ ասել եմ, որ անհանգիստ եմ եւ իմ անհանգստությունը փոխանցում եմ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին»,- Aravot.am-ին ասաց տիկին Բախշյանը՝ հավելելով, որ չնայած իր անհանգստությանը, չի հավատում, որ ներման հանձնաժողովի որեւէ անդամ կհամարձակվի ներման գործողությունը կատարել:

«Ես չգիտեմ՝ ովքեր են այդ ներման հանձնաժողովում, բայց ովքեր էլ լինեն, իրենց մտքի ծայրով նույնիսկ չպետք է անցկացնեն այդ ներումը: Ես բացառում եմ, նման բան չի կարող լինել: Այո՛, շատ նման է ինձ համար այսօրվա քաղաքական իրավիճակը հոկտեմբերի 27-ին նախորդած ժամանակահատվածին, լիքը ընդհանուր բաներ եմ տեսնում, բայց ես բացառում եմ նրա՝ ազատության մեջ հայտնվելը: Եթե այդպիսի բան անեն, ես կպայթեցնեմ արդարադատության նախարարությունը»:

Ինչ վերաբերում է 2018 թվականից ի վեր 4 դատապարտյալի՝ վաղաժամկետ պայմանական ազատ արձակելուն ու վերջին շրջանում ծանր հանցագործություններ կատարած անձանց ազատ արձակելու միջնորդությունների դատաքննություններին՝ տիկին Բախշյանն այսպես արձագանքեց. «Մարդասպանին, որին ցմահ ազատազրկում է սահմանված, պետք է դա չբեկանվի: Կոնկրետ Մհեր Ենոքյանի դեպքում մի քիչ տարբեր է իմ տեսակետը, որովհետեւ մանրամասներ գիտեմ, դրա մասին չեմ ուզում ասել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031