Լրահոս
Օրվա լրահոսը

Ներգաղթած երիտասարդ դերասանը ընտրեց ոչ թե ԳԻՏԻՍ-ը, այլ Երեւանի Ազնավուրի անվան քոլեջը, զուգահեռ էլ իրեն փորձում է մշակութային այլ մասնագիտություններում

Մարտ 15,2023 12:30

Հարցազրույց Գագիկ Օհանյանի հետ

– Հարգարժան Գագիկ, ծնվել եք Հայաստանում, ապա ընտանյոք արտագաղթել  Ռուսաստանի Դաշնություն, հիմա էլ ուսում առնելու նպատակով ներգաղթել եք հայրենիք, ուսանում եք Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի դերասանական բաժնում…

– Կներեք, բայց արտագաղթ, ներգաղթ բառերը ականջիս շատ կոպիտ հնչեցին, թեեւ, ցավոք, Հայաստանում այդ խնդիրը կա, բայց հավատացնում եմ՝ դա իմ ընտանիքի համար չէ։ Միեւնույն ժամանակ հասկանում եմ, որ յուրաքանչյուր ընտանիք իր պատճառները կամ արդարացումներն ունի հայրենիքից հեռու ապրելու կամ ժամանակավոր հեռանալու համար։ Այո, ծնվել եմ այստեղ, Կապանում, 13 տարեկանից ընտանիքով  մեկնել ենք ՌԴ, Անապա քաղաք։ Ընդամենը ամիսներ անց ընդունվել եմ տեղի դրամատիկական թատրոնի ստուդիա, ընդգրկված եմ եղել տարբեր ներկայացումներում, մասնակցել փառատոների, արժանացել եմ դիպլոմների։

– Դերասանի մասնագիտությունը միշտ գրավել է երիտասարդներին։ Հանդիպել ենք այնպիսի դեպքերի, երբ ծնողները իրենց չիրականացված երազանքը, այս դեպքում՝ դերասան դառնալը, ցանկացել են «ուղղել»՝ երեխային ուղղորդելով այդ ոլորտ։ Հետաքրքիր է՝ ձեր դեպքո՞ւմ ինչպես է։

– Ծնողներս արվեստի մարդիկ չեն, մայրս աշխատում է առողջապահության ոլորտում, հայրս մենեջեր է, բայց ոչ մշակույթի ոլորտում։ Իմ դեպքում բացարձակ հակառակ պատկերն է. ծնողներս դեմ էին ընտրությանս, ավելին՝ դեմ էին, որ ուսման նպատակով Հայաստան վերադառնամ։ Երկար ժամանակ պահանջվեց, որ համոզեի նրանց, թեեւ 18 տարեկան եմ՝ արդեն քոլեջի 3-րդ կուրսի ուսանող, բայց նրանք այդպես էլ չեն համակերպվել, որ իրենցից հեռու եմ։ Ծնողներիս չեմ մեղադրում, բայց շատ լավ եմ հասկանում… Մինչ օրս մորս հետ զրույցներում նրա «կարոննի» արտահայտությունն եմ լսում՝ երնեկ կողքիս լինեիր։ Այդուհանդերձ, երբ բարձրաձայնում եմ հաջողություններիս մասին, զգում եմ, որ նրանք հպարտություն են ապրում։


– Մենք ձեզ մեկ անգամ ենք հանդիպել «Գոյ» թատրոնում՝ բեմադրիչ Աննա Գեւորգյանի «Թատրոնը թատրոնի մեջ» ներկայացման պրեմիերային։

– Թատերարվեստում առայժմ փոքր քայլեր եմ անում, բայց ինձ նկատել են նաեւ նորաձեւության, մոդելային ոլորտի մասնագետները,  օրինակ՝ ֆոտոշարքով ներկայացրել եմ հագուստի ճանաչված դիզայներներից Քրիստինա Գրիգորյանի, Մանուկ Ալեքսանյանի զգեստները։ Կուզեի, որ այս ոլորտում հայաստանցի մոդելները եւ ընդհանրապես հասարակությունը կամաց-կամաց կենտրոնանար Made in Armenia պիտակով ապրանքանիշներին։ Իմ դիտարկմամբ՝ արեւմտյան շատ երկրների հաջողություններն առաջին հերթին սկսվում է իրենցը գովազդելուց։ Այստեղ ունեմ ընկերներ ոլորտում ճանաչված մոդելներից, որոնք մեր արտադրանքը հաջողությամբ ներկայացնում են դրսում։ Վստահ եմ՝ իմ հերթն էլ կգա։

– Իսկ թատերարվեստո՞ւմ…

– Մեր քոլեջի ուսանողական թատրոնը (ղեկավար՝ Համլետ Թադեւոսյան) ձեռնամուխ է եղել մի ներկայացման, որտեղ ընդգրկված եմ նաեւ ես, եւ շատ շուտով կսկսվեն բեմադրական աշխատանքները։ (Չմանրամասնեց- Ս. Դ.)։ Ի դեպ, Անապայում մասնակցել եմ քաղաքային թատրոնի ներկայացումներին, նույնիսկ որոշ բեմադրություններով շրջել Ռուսաստանում։

– Հետաքրքիր է՝ Ռուսաստանում կամ այստեղ սերիալներից առաջարկներ ստացե՞լ եք։

– Սիթքոմ նկարահանելու նպատակով Մոսկվայից Անապայում նկարահանումներ էին ներկայացնում եւ դերասաններ ընտրելու նպատակով նկարահանող խումբը եկել էր նաեւ քաղաքային թատրոն։ Ինձ ընտրեցին մի կերպարի համար, բնականաբար՝ ոչ գլխավոր դերի, բայց մի տեսակ սրտիս չկպավ այն, չնայած, մեծ հաշվով՝ ֆիլմում պետք է մեկ-երկու րոպե երեւայի։  Իսկ Հայաստան՝ մեր քոլեջ, ԱՄՆ-ից  ժամանել էր ռեժիսոր Արմեն Սարգսյանը, իր «Երազանք» կարճամետրաժ-գեղարվեստական ֆիլմի նկարահանումների համար դերասան ընտրելու նպատակով։ Կարճ ասեմ՝ մասնակցեցի նկարահանումների, հետո ֆիլմը հաջողությամբ ցուցադրվեց շուրջ կեսդարյա պատմություն ունեցող ամերիկյան «Sandens» միջազգային կինոփառատոնին։ Մարմնավորեցի զբոսաշրջիկի կերպարը, որը տպավորված է հայաստանյան տեսարժան վայրերով։ Իսկ ֆիլմի առանցքում 44-օրյա պատերազմն է։


– Ընտրել եք դերասանի մասնագիտությունը եւ կարծում ենք՝ տեղյակ եք, որ աստղ դառնալու համար շանսերը մոտավորապես նույնն են, ինչ վիճակախաղում շահելու հնարավորությունները։ Բայց ի տարբերություն վիճակախաղի՝ սխալվելու դեպքում վտանգի ես ենթարկում կորցնել տարիներ, ձախողված դերասանների թվում հազվադեպ չեն քրոնիկ դեպրեսիայով եւ ալկոհոլիզմով տառապողները…

– Ես գիտակցում եմ բոլոր ռիսկերը… Գերնպատակս միայն հայտնի դառնալը չէ, ի վերջո, ապրում ենք այնպիսի ժամանակներ, որ րոպեների ընթացքում կարելի է դառնալ աստղ… Արվեստի մարդը կամ իրեն մշակույթի նվիրյալ համարողը պետք է լինի բազմակողմանի զարգացած եւ պետք է փորձի իրեն դրսեւորել մի քանի ոլորտում միաժամանակ։ Արտիստի առաքելությունն՝ ընդհանրապես, ժողովրդի լայն մասսաներին մոտեցնելն է մշակույթին եւ, միանշանակ՝ ժպիտ պարգեւելը։ Կարծում եմ՝ նույնիսկ որեւէ դրամա դիտելուց հետո հանդիսատեսը պետք է որոշ ժամանակ մնա դրա ազդեցության տակ, որոնի, գտնի բարձրացված հարցերի պատասխանը եւ այլն։ Ըստ էության՝ թատրոնի դերը հասարակության կյանքը էլ ավելի թեթեւ ու պոզիտիվ դարձնելն է։ Գուցե տարօրինակ հնչի, բայց ինքս նախընտրություն չեմ տալիս տրագեդիայի ժանրին, մանավանդ մեր ազգի դեպքում, այսքան ցավ տեսնելուց հետո… Մեր ժողովրդին անհրաժեշտ է նույնիսկ ներկայացնել թեթեւ ներկայացումներ։ Խնդրում եմ չշփոթել ոչինչ չասող ներկայացումների հետ, որոնք, ցավոք, երբեմն տեղ են գտնում մեր իրականությունում։

– Այսօր մեր ֆիլմերում, սերիալներում հաճախ ենք հանդիպում նույն դերասաններին, եկեք նրանց անվանենք հաջողակ, բայց նրանց կողքին կան չպահանջվածներ էլ, չէ՞…

– Ես կասեի, որ թատրոններում էլ կարծես նույն վիճակն է, հաջողակների ու չպահանջվածների մասով։ Մտածել եմ այդ ուղղությամբ, համակարծիք եմ ձեզ հետ։ Ես պատրաստ եմ ներկայանալ թատրոնների ղեկավարներին, ռեժիսորներին եւ ինքս ինձ ներկայացնել։ Իհարկե, ոչ բոլոր դեպքերում բախտս կբերի, կստանամ նաեւ բացասական արձագանքներ, բայց մի անգամ էլ բախտս կբերի, չէ՞։ Ի վերջո, գալիս է պահ, երբ մարդ չարածի համար է փոշմանում…

– Անծայրածիր Ռուսաստանում կան շատ հեղինակավոր մշակութային ուսումնական հաստատություններ…

– Հասկանալի է ձեր հարցը. ինչո՞ւ, օրինակ, չեմ դիմել ԳԻՏԻՍ… Երեւանի մշակույթի քոլեջի մասին ինձ տեղեկացրել էին հայաստանցի ընկերներս։ Երբ ընդունվեցի, ավելին տեսա, քան նրանց ներկայացրածն էր. քոլեջում, առանց չափազանցության, օրեցօր բարեփոխումներ են լինում։ Խոսքս, իհարկե, ուսումնական գործընթացի մասին է, այն հիմա դարձել է ավելի արդյունավետ։  Օրվա մեծ մասն անցկացնում եմ քոլեջում, դասերից հետո փորձեր, տնային հանձնարարություններն ենք կատարում ընկերներիս հետ։ Հավատացնում եմ՝ այդ ամենը մեզ ավելի է կապում, մի տեսակ էլ ավելի հարազատ դարձնելով քոլեջը։ Իհարկե, այս ամենում իրենց մեծ դերն ունեն դասախոսները։

– Մի օր կավարտեք քոլեջը, հետո հավանաբար ուսումը կշարունակեք թատերական ինստիտուտում…

– Հավանաբար՝ այո, կշարունակեմ թատերական ինստիտուտում։ Մի բանում հաստատ համոզված եմ՝ ստացած գիտելիքներս կօգնեն նաեւ այլ ոլորտում, ասենք՝ նորաձեւության։ Մի բան եմ նկատել. նորաձեւության հայաստանյան ոլորտը ավելի շատ կոմերցիոն բնույթ է կրում։ Մինչդեռ հենց վերջերս հանրահայտ BALENCIAJA բրենդը իր ցուցադրություններից մեկը կազմակերպել էր ցեխաջրերի մեջ։ Առաջին հայացքից տարօրինակ է, քանի որ նորաձեւությունը մշտապես ակնկալում է ճոխ զգեստների ցուցադրություն։ Բայց, տեսեք, հիշյալ բրենդը «լուռ» ասում էր, թե նորաձեւությունը այն է, ինչ թելադրում է ժամանակը, օրինակ՝ մոդելների պայուսակներ կամ այլ աքսեսուարներ ուկրաինական դրոշների գույներով էին։ Թույլ տվեք նկատել, որ զրույցի ընթացքում մի քանի անգամ կարեւորեցիք աստղ դառնալու հանգամանքը կամ որպես դերասան պահանջված լինելը։ Մի բան էլ ասեմ. ինքս ինձ համար զբաղվում եմ նաեւ հագուստի դիզայնով եւ նույնիսկ ունեմ մեկ-երկու հաճախորդ։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Լուսանկարներում՝ մոդել Գագիկ Օհանյանը

«Առավոտ» օրաթերթ
14.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել