Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասածս աղմուկ կառաջացնի․ պատերազմը պարտվել ենք այն պատճառով, որ բանակում գործել է «5-րդ շարասյուն»․ Փաշինյան

Մարտ 14,2023 14:51

«Գիտեք, ինձ դառնացնում է, որ․․․չեմ ուզում նախկին-ներկա բանի մեջ մտնել։ Ինձ դառնացնում է, որ այդ լրջության մարդն է ՀՀ-ն ղեկավարել։ Ո՞նց կարելի է այդքան անլուրջ լինել ու այդքան անլուրջ գտնվել, հասկանո՞ւմ եք ինչի մասին է խոսքը»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի պնդմանը, որ 2020թ․-ի պատերազմի ժամանակ ամենահզոր զենքերը չեն օգտագործվել, եւ որ 2018թ․-ից ի վեր ՀՀ-ն ռազմատեխնիկական օգնություն չի ստացել։

Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Հազարավոր կամավորներ են մասնակցել պատերազմին։ Որեւէ մեկն ասե՞լ է, որ զենքի պակաս ենք ունեցել։ Կատարյալ սուտ է։ Օգնություն ասելով ի՞նչ նկատի ունի, ձրի զե՞նք։ Չասեմ դա ինչ է․․․ՀՀ-ն 2018-20թթ․ ձեռք է բերել ավելի շատ զինամթերք, քան նախորդ տասը տարին իրար հետ։ Սա ապացուցված վիճակագրություն է։ Շատ էի մտածում այս մասին խոսեմ, թե ոչ, բայց որ հարցրիք։ Օբյեկտիվ մի խնդիր կա։ Բա լավ, որ զենքը կար․․․խոսքը նրա մասին չէ, որ սպառազինությունը կատարյալ վիճակում էր։ Իմիջիայլոց, ես համաձայնություն եմ արտահայտել մի շարք ընդդիմադիրների այն հայտարարություններին, որ այդ պատերազմում հաղթելու հնարավորություն կար։ Հարց է մնում՝ եթե զենքը կար․․․իմիջիայլոց, «Սու»-երը չեն օգտագործվել, որովհետեւ այդ պահին ձեռք են բերվել ոչ վաղ անցյալում եւ ֆիզիկապես պատրաստ չեն եղել կիրառման։ Մնացածը, զինանոցի եւ ԼՂ ՊԲ-ի՝ չկա զենք, որը չի կիրառվել։ Չէր կարող լինել նման բան։ Եթե ընդդիմության եւ իշխանության գնահատականն այն է, որ պատերազմը կարող էր այլ ելք ունենար, այդ դեպքում ո՞րն է պատճառը»։

Փաշինյանը հավելեց՝ հիմա մի բան կասի, որը մեծ աղմուկ է առաջացնելու․ «Իմ համոզմունքը նա է, որ պատերազմը պարտվել ենք այն պատճառով, որ բանակում գործել է «5-րդ շարասյուն»։ Համոզմունքս մի շարք փաստերի վերլուծության արդյունք է։ Այդ փաստերը, կարծում եմ, առաջիկայում այնքան հրապարակային կլինեն, որ իմ հայտարարությունն այդքան տարօրինակ չի թվա։ Այսօր հիսունից ավելի զինծառայողներ այդ թվում սպաներ եւ բարձրաստիճան սպաներ մեղադրվում են լրտեսության եւ պետական դավաճանության մեջ։ Որեւէ մեկը մտածո՞ւմ է, որ նրանց գլխին գործ են սարքել։ Այլ հոդվածներով կալանավորված բարձրաստիճան զինվորականներ ունենք։ Հողեր հանձնելու մեղադրանքով բարձրաստիճան զինվորականներ կան կալանքի տակ։ Կա զինվորական, որը մեղադրվում է Շուշիի գործով։ Երբ դատարանը որոշեց կալանավորի, իմ համար զարմանալի բան եղավ։ Մեկ էլ տարբեր մարդիկ ՀՀ-ից, ԼՂ-ից․․․իմացա, որ դատաիրավական համակարգին միջնորդել են, որ կլինի՞ այսինչ մարդուն կամ մարդկանց կալանքից ազատեն, ներողամիտ վերաբերվեն։ Երբ իմացա․․․բա դուք չէիք ասո՞ւմ, որ պետք է բացահայտվի, թե ինչ է եղել ռազմի դաշտում, թե Շուշին ով է տվել, թե ոնց է ընկել Շուշին։ Որ ասեք դավաճան վարչապետը Շուշին հանձնե՞ց։ Իսկ կարո՞ղ է պարզվի, որ դա է եղել պլանը։ Այդ ամենը ՀՀ անկախության դեմ եւ պետականության դեմ է եղել, ոչ թե միայն իմ իշխանության»։

Ըստ Փաշինյանի՝ 2021թ․ մայիսի 11 -ին, երբ ՀՀ գործող կառավարությունը հրաժարական էր տվել, Ադրբեջանը ներխուժեց Սոթք-Խոզնավար հատված․ «Այսօր գեներալ կա կալանավորված այն բանի համար, որ դիտավորությամբ չի կատարել պարտականությունը՝ պաշտպանելու համար ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Ինչո՞ւ չի կատարել։ Ես իմ համար ունեմ բացատրություն, չունեմ ապացույց։ Բայց փաստերը բարձր են խոսում»։

Դառնալով զենքի հետ կապված Սերժ Սարգսյանի պնդումներին՝ Փաշինյանը դրանք անհեթեթություն որակեց․ «Ապրիլյանից վերադառնալուց հետո մենք մեր իմացածը երբեք չենք օգտագործել ներքաղաքական նպատակներով։ Նման մակարդակի հայտարարությունները պատիվ չեն բերում թեկուզ նախկին ու թեկուզ ոչ լեգիտիմ եւ սեփական ժողովրդի քվեն երբեք չստացած նախագահին»։

Հավելենք, որ սպառազինության ձեռքբերման մասին Փաշինյանի տվյալները, ըստ մի շարք փաստական տվյալների, իրականությանը չեն համապատասխանում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031