Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կառավարությունն ընդունել է փոփոխություններ՝ իրավասություն տալով պետական մարմիններին դադարեցնել լրագրողների հավատարմագրումը, ինչը մտավախություն է պարունակում. ԵԽ զեկույց

Մարտ 07,2023 14:19

«2022 թվականին, երբ Ռուսաստանը սկսեց պատերազմ Ուկրաինայի դեմ, առնվազն 12 լրագրող և լրատվամիջոցների աշխատակիցներ սպանվեցին, իսկ 21-ը վիրավորվեցին իրենց մասնագիտական ​​պարտականությունները կատարելիս։ Պատերազմը տեղի ունեցավ ամբողջ Եվրոպայում մամուլի ազատության շարունակական հետընթացի համատեքստում՝ կալանավորված լրագրողների թվի զգալի աճով»,-այսպիսի իրավիճակ է ներկայացված Եվրոպայի խորհրդի Լրագրության պաշտպանության և լրագրողների անվտանգության խթանման հարթակի գործընկեր կազմակերպությունների 2023 թվականի տարեկան զեկույցում:

Հարթակը ստեղծվել է Եվրոպայի խորհրդի կողմից 2015 թվականին՝ համագործակցելով խոսքի ազատության ոլորտում գործող հայտնի միջազգային ՀԿ-ների և լրագրողների ասոցիացիաների հետ: Հարթակի 15 գործընկերներից են Լրագրողների եվրոպական ֆեդերացիան, Լրագրողների միջազգային ֆեդերացիան, Եվրոպական լրագրողների ասոցիացիան, «Հոդված 19», «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունները, Լրագրողների պաշտպանության կոմիտեն, Գրաքննության ինդեքսը, Մամուլի միջազգային ինստիտուտը և այլ կազմակերպություններ:

«Պատերազմը Եվրոպայում և պայքարը լուսաբանման իրավունքի համար» վերնագրով զեկույցում ներկայացված են Եվրոպայի տարածքում լրատվամիջոցների ազատության հիմնական սպառնալիքները: Ներկայացված են հանձնարարականներ Եվրոպայի խորհրդին, Եվրամիությանը և անդամ պետություններին՝ իրավիճակը բարելավելու համար անհրաժեշտ գործողությունների դիմելու համար:

2022 թվականին հարթակը հրապարակել է 289 ահազանգ ԶԼՄ-ների ազատության դեմ լուրջ սպառնալիքների կամ հարձակումների վերաբերյալ ԵԽ անդամ 37 երկրներում: Հայաստանի վերաբերյալ ևս ահազանգ կա:

Զեկույցի շնորհանդեսի ժամանակ, ողջունելով ուսումնասիրության հրապարակումը, ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հայտարարեց. «Վերջին տարիներին մենք արձանագրել ենք լրագրողների դեմ հարձակումների և սպառնալիքների անհանգստացնող աճ։ Բազմաթիվ լրագրողներ ցուցաբերել են խիզախություն, իսկ մյուսները վճարել են իրենց կյանքով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան լուսաբանելու համար: Այն փաստը, որ լրագրողների դեմ հարձակում գործած անձանցից շատերը մնում են անպատիժ, սպառնում է մեր հասարակություններին: Կոչ եմ անում անդամ երկրներին լրջորեն մոտենալ այս հարցին և լիովին հարգել ու պաշտպանել լրագրողների իրավունքները, ապահովել նրանց անվտանգությունը, պաշտպանել նրանց տեղեկատվության աղբյուրների գաղտնիությունը և կանխել գրաքննությունը ու նրանց աշխատանքին միջամտության այլ ձևերը»:

Պատերազմական իրավիճակներում լրագրողների սպանվելու դեպքերից բացի հարթակն արձանագրել է նաև, որ Թուրքիայում մեկ լրագրող՝ Գյունգոր Արսլանը, սպանվել է իր մասնագիտական գործունեության իրականացման ժամանակ՝ ոչ պատերազմական իրավիճակում: 2022-ին ավելի քիչ ահազանգեր են եղել փողոցային ցույցերի լուսաբանման ժամանակ լրագրողների նկատմամբ հնչած սպառնալիքների և հարձակումների վերաբերյալ, քանի որ Covid-19-ով պայմանավորված՝ ցույցերի թվի անկում է գրանցվել:

Հարթակի գործընկեր կազմակերպությունները ցավով նշում են. «Լրագրողների կամայական ձերբակալություններն ու կալանավորումները Եվրոպայում սովորական են դարձել։ 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կալանքի տակ են եղել 127 լրագրողներ և լրատվամիջոցների աշխատակիցներ, այդ թվում՝ 95-ը, որոնց մասին ահազանգերը ակտիվ են եղել հարթակում (որը 60% աճ է 2021թ. դեկտեմբերի 31-ի համեմատ) և Բելառուսում 32 լրագրող և լրատվամիջոցների աշխատող, որոնց վերաբերյալ ահազանգեր են եղել, որոնք դեռ չի հրապարակվել»։ 2022 թվականի ընթացքում հարթակն արձանագրել է լրագրողների ֆիզիկական անձեռնմխելիությանն ուղղված 74 ահազանգ (բոլոր ահազանգերի 26%-ը), 41 ահազանգ՝ լրագրողների կալանավորման և բանտարկության վերաբերյալ (14%), 94 ահազանգ լրագրողների նկատմամբ ոտնձգությունների և ահաբեկման դեպքերի վերաբերյալ (32 %) և ևս 80 ահազանգ լրատվամիջոցների ազատությանը սպառնացող տարբեր այլ գործողությունների վերաբերյալ (28%):

Զեկույցն արտացոլում է, որ չկա առաջընթաց լրագրողների դեմ հարձակումների անպատժելիության հետ կապված: Հարթակում դեռ 35 ակտիվ ահազանգ կա լրագրողների դեմ հարձակումների հետ կապված, որոնցից 26-ը վերաբերում են սպանությունների դեպքերին:

Զեկույցի «Սահմանափակող օրենսդրություն» բաժնում անդրադարձ կա Հայաստանին: Մասնավորապես ամրագրված է. «ՀՀ կառավարությունն ընդունել է ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխություններ՝ իրավասություն տալով պետական ​​մարմիններին դադարեցնել լրագրողների հավատարմագրումը, ինչը մտավախություն է պարունակում, որ իշխանությունները կարող են արգելել քննադատող լրագրողներին լուսաբանել խորհրդարանական նիստերը և կառավարության միջոցառումներ»:

Ադրբեջանի հետ կապված ևս մտահոգություն կա: Զեկույցում նշված է. «2021 թվականի դեկտեմբերի 30-ին Ադրբեջանի Ազգային ժողովը հաստատել է օրինագիծ, որի ոչ ճշգրիտ ձևակերպումը և ենթադրյալ «գաղտնի մշակումը» վրդովմունք առաջացրեցին տեղական և գլոբալ շրջանակներում: Ադրբեջանի պաշտոնյաները հերքել են քննադատությունները, իսկ փետրվարի 8-ին նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԶԼՄ-ների մասին փոփոխված օրենքը։ Նա ստորագրել է նաև կատարողական հրամանագիրը և հանձնարարել է կառավարությանը մշակել օրենսդրական նախագիծ, որը սահմանում է վարչական տույժեր օրենքի ցանկացած խախտման համար»:

Հայաստանի վերաբերյալ ահազանգում անդրադարձ է կատարվում ՀՀ-ում օրենսդրական փոփոխություններին և մտահոգություն հայտնում այդ առիթով: Մասնավորապես ամրագրված է. «ՀՀ-ի գործող «Ռազմական դրության մասին օրենքը» իշխանություններին լիազորում է առգրավել լրատվամիջոցների սարքավորումները, սահմանել լրագրողների հավատարմագրման հատուկ ընթացակարգեր և «սահմանափակել կարծիքի ազատությունը օրենքով սահմանված կարգով»։ 2022 թվականի հուլիսին ՀՀ գլխավոր դատախազն առաջարկել է օրենսդրական փոփոխություն, որը կառավարությանը լիազորում է արգելափակել կայքերը՝ վկայակոչելով վնասակար նյութերը գրաքննելու անհրաժեշտությունը»:

Հիշեցնենք՝ 2022թ․ դեկտեմբերի 22-ին Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է դրել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, համաձայն որի՝ ռազմական դրության ժամանակ նախատեսվում են հեռուստատեսությամբ, ինտերնետով և սոցիալական կայքերով հրապարակվող տեղեկատվության մի շարք սահմանափակումներ, կայքերի հասանելիության արգելափակումներ և այլն։ Մեկ այլ փոփոխության համաձայն՝ ԱԺ-ի առաջին ընթերցմամբ ընդունվել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որոնցով առաջարկվում է պատասխանատվություն սահմանել ԶԼՄ-ների համար, եթե չնույնականացվող աղբյուրի միջոցով վիրավորանք ու զրպարտություն են տարածել:

Լրագրողների պաշտպանության կոմիտեի (CPJ) ահազանգում ՀՀ իշխանություններին կոչ է արվում. «Հայաստանի իշխանությունները չպետք է օգտագործեն ռազմական հակամարտությունները որպես պատրվակ մամուլի ազատությունը սահմանափակելու համար և պետք է վերանայեն օրինագծի այն կետերը, որոնք սպառնում են մամուլի ազատությանը»: Ահազանգում նաև նշված է, որ Լրագրողների պաշտպանության կոմիտեի նամակը՝ ուղղված ՀՀ արդարադատության նախարարությանը մնացել է անպատասխան:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031