Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գիտաշխատողը դիմում է Շիրակի դատախազին․ Գյումրու Ձիթողցոնց տուն-թանգարանի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի հետքերով

Մարտ 01,2023 23:13

Ինչպես Aravot.am-ն անդրադարձել էր, Շիրակի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող «Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին պատմական գիտությունների թեկնածու, Շիրակի պետական համալսարանի դասախոս, Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Լուսինե Պետրոսյանին արգելել էին մասնակցելու։

Շիրակի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժնի պետ Նարինե Մինասյանը եզրակացություն էր տվել նրա՝ փաստաթղթերի իբրև թե անհամապատասխանության մասին։ Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանն էլ, վկայակոչելով այդ տիկնոջ եզրակացությունը, հրաման էր արձակել արգելել Լուսինե Պետրոսյանին մրցույթին մասնակցելու։

Արսեն Աբրահամյանը պատճառաբանել էր հետևյալը․ «Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 539-ն որոշման հավելված 3-րդ և 12-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի Լուսինե Սարգսի Պետրոսյանի փաստաթղթերի ամբողջականության և իրավական ակտերին համապատասխանության մասին ՀՀ Շիրակի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժնի պետի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 12-ին տրված եզրակացությունը, Լուսինե Սարգսի Պետրոսյանին չթույլատրել մասնակցել Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2023 թվականի հունվարի 10-ին, ժամը 11․00-ին անցկացվող մրցույթին»։

Այս պատմության ողջ հիմքում այն էր, որ իբրև Լուսինե Պետրոսյանի բարձրագույն կրթության վկայականում նշված է մասնագիտությունը՝ ուսուցիչ, իսկ նա, ըստ մարզպետարանցիների, երբեք իր մասնագիտությամբ, այն է՝ պատմության ուսուցիչ չի աշխատել։

Aravot.am-ը, սակայն, հրապարակել էր Լուսինե Պետրոսյանի դիպլոմը, որտեղ հստակ գրված է՝ մասնագիտությունը՝ պատմություն և աշխարհագրություն, որակավորումը՝ պատմության և աշխարհագրության ուսուցիչ (տես փաստաթղթում):

Լուսինե Պետրոսյանը պնդում էր, որ Շիրակի մարզպետարանի պաշտոնյաները կամ միտումնավոր խոչընդոտում են իր մասնակցությունը կամ իրոք չեն տարբերակում մասնագիտական աշխատանքային ստաժը որակավորման ստաժից, իրենից պահանջում են որակավորման ստաժ, որը սակայն չկա մրցույթի պահանջների մեջ։ Այդուհանդերձ նշենք, որ Լուսինե Պետրոսյանը նաև որակավորման ստաժ ունի․ թեկնածուական ատենախոսության վկայականն է (տես փաստաթուղթը), որը ևս ներկայացրել էր Շիրակի մարզպետարան։ Սակայն ոչ մեկը, ոչ մյուսը հաշվի չէին առել։

Շիրակի մարզպետարանը տվյալ թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար պահանջում էր` ՀՀ քաղաքացիություն, բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի (թանգարանագիտություն կամ սոցիալ-մշակութային գործունեություն՝ թանգարանային գործ և հուշարձանների պահպանություն) առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ (տես փաստաթղթում)։

Լուսինե Պետրոսյանը 23 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունի․ 1999 թվականից աշխատում է Մ․ Նալբանդյանի անվան Շիրակի պետական համալսարանում (նախկինում Մ․ Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ), 1997 թվականից աշխատում է նաև Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնում, գիտաշխատող է, 40-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ։
Նշենք նաև, որ Լուսինե Պետրոսյանը մինչ այս մրցույթը, մեկ անգամ ևս մասնակցել էր թանգարանի տնօրենի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթին, այն տեղի էր ունեցել 2020 թվականի սեպտեմբերին ու հաղթողներից մեկն էր ճանաչվել։

Այդ ժամանակ էլ պահանջները գրեթե նույնն են եղել․ պահանջվել է համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն, ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ։

Աբսուրդն այն է, որ ՀՀ Շիրակի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժնի պետ Նարինե Մինասյանն այդ անգամ ի գիտություն է ընդունել Լուսինե Պետրոսյանի փաստաթղթերը, հանձնաժողովում քննարկում է եղել ու եկել են այն եզրահանգման, որ թեկնածուն ունի համապատասխան մասնագիտական աշխատանքային ստաժ:

Ինչևէ, պատմական գիտությունների թեկնածուն դիմել է ՀՀ Արդարադատության նախարարություն՝ խնդրելով պարզաբանել՝ արդյո՞ք իրավական առումով հիմնավոր է իրեն տվյալ մրցույթին մասնակցելն արգելելը։

Արդարադատության նախարարությունը դիմումը վերահասցեավորել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցեր նախարարություն։ Այս գերատեսչության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժ․ Սարգսյանը, ամենայն մանրամասնությամբ հիմնավորում է ներկայացրել՝ վկայակոչելով ՀՀ օրենքներն ու հանգելով հետևյալ եզրակացության․ «Դուք 2013 թվականից սկսած՝ «ունենալով պատմական գիտությունների թեկնածուի» որակավորում (գիտական աստիճան), կատարել եք գիտաշխատողի մասնագիտությամբ աշխատանք՝ գիտական կազմակերպությունում (ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնում)։

Այսինքն ձեր կողմից ներկայացված մրցույթի մասով պարտադիր պահանջ համարվող պայմաններից, մասնավորապես «առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժի» առկայությունը ձեր համար հիմնավորված է (տես փաստաթուղթը)։

Ի դեպ, այս գերատեսչությունից նաև նշել են․ «Ինչ վերաբերում է մրցույթին մասնակցելու համար Ձեր համապատասխանության հետ կապված դիրքորոշում ներկայացնելուն, ապա այդ մասով պարզաբանումների տրամադրումը դուրս է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության իրավասությունների շրջանակից»։

Լուսինե Պետրոսյանը, իր մասնակցությունը խոչընդոտելու մեջ տեսնելով կոռուպցիոն դրսևորում, պատրաստվում է դիմել Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչյանին։ Նա նաև դատախազին խնդրում է մեր հրապարկումը դիտարկել որպես հայտարարություն։

Նշենք, որ հունվարի 20-ին թանգարանի տնօրեն է նշանակվել մրցույթում հաղթած Անի Նազարյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031