Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնասպանության փո՞րձ «զոն նայողի» պատճառով․ արտակարգ իրավիճակ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում

Փետրվար 10,2023 18:40

Aravot.am-ի տեղեկություններով այս պահին արտակարգ իրավիճակ է ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում (ՑԵԲԵ-խմբ․)։

Այստեղ են քրեակատարողական ծառայության անվտանգության ու օպերատիվ բաժնի բոլոր աշխատակիցներն՝ իրենց ղեկավարների գլխավորությամբ։ Քրեակատարողական հիմնարկում ուժեղացված ծառայություն է։

Մոտ երեք ժամ առաջ կախվելու միջոցով ինքնասպանության փորձ է արել դատապարտյալներից մեկը՝ 27-ամյա Ա.-ն։ Նրա կյանքը, ըստ մեր աղբյուրների,  հազիվ է հաջողվել փրկել։ Նույն աղբյուրի համաձայն՝ «զոն նայող» Արտաշը իր մտերիմներով փորձել է բռնության ենթարկել Ա․-ին, քանի որ վերջինս չի ենթարկվում քրեական ենթամշակույթի չգրված կանոններին։ Ավելին, նույն Արտաշը սպառնացել է ինքնասպանության փորձ արած դատապարտյալին՝ ասելով, որ «դեռ  կտեսնի իր վիճակը»։

Ընդհանրապես, մի քանի ամիս է, ինչ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում անկառավարելի վիճակ է․ պատիժ կրող այն անձինք, որոնք չեն ենթարկվում «զոն նայողին», ենթարկվում են դաժան ծեծի։ ՔԿՀ-ի վարչակազմը ոչինչ չի անում, քանի որ լավ հարաբերություններ ունի նրա հետ։ Ավելին«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ Աղասի Խաչատրյանը լավ փոխհարաբերություններ ունի իշխանությունների հետ, ինչի պատճառով էլ պատիժ կրող անձինք ենթադրում են, որ  նման իրավիճակ է ստեղծվել ՔԿՀ-ում։ Պատիժ կրող անձինք ահազանգելով մեզ՝ խնդրում են համապատասխան կառույցներին՝ ձեռնարկել բոլոր միջոցները՝ «զոն նայող» Արտաշին տեղափոխելու այլ ՔԿՀ։

«Մենք այստեղ ենք բուժման նպատակով, ոչ թե ամեն ամիս Արտաշին փող չտալու համար ծեծեն մեզ»,–ասացին մեզ ահազանգողները։

Aravot.am-ը պատրաստ է ներկայացնել նաեւ պաշտոնական կողմի պարզաբանումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728