Aravot.am-ը տեղեկացրել էր, որ երեկ ձերբակալվել են գյումրեցի 4 տղամարդիկ, որոնցից մեկը Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ, պաշտոնաթող փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ազգական Աղասի Մաթևոսյանն է։ Հղում տալով մեր աղբյուրներին՝ գրել էինք, որ նրանք ձերբակալվել են զբոսաշրջիկների բողոքի հիման վրա՝ կողոպուտի կասկածանքով։ Զբոսաշրջիկները դիմել էին պարեկների օգնությանը, որոնք և տղամարդկանց բերման էին ենթարկել Ախուրյանի ոստիկանություն։
ՀՀ Քննչական կոմիտեից՝առանց անուններ նշելու հաստատել էին մեր տեղեկությունը, թե 4 անձ է ձերբակալվել՝ կողոպուտ, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելու, շորթելու, ոչնչացնելու, վնասելու կամ թաքցնելու փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
«Քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ’ հանցանքի կատարման մեջ անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա»,-պարզաբանել էին ՀՀ Քննչական կոմիտեից։
Քիչ առաջ թեմային պաշտոնապես անդրադարձել է ՀՀ ոստիկանությունը՝ մանրամասնելով, թե ինչ է տեղի ունեցել։
Կարդացեք նաև
Ոստիկանությունը միջադեպին մասնակցած անձանց անունները կամ անվան ու ազգանվան առաջին տառերը չի նշել, այդուհանդերձ գովաբանելով պարեկների օպերատիվ արձագանքը, օբյեկտիվ վերաբերմունքը, թե անկախ նրանից՝ ով ում բարեկամն է, բերման պիտի ենթարկվի ու պատասխան տա, պաշտոնական էջում տարածել է հետևյալ հաղորդագրությունը․
«Փետրվարի 3-ին, ժամը 06.45-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ ժամը 03.00-ի սահմաններում ընկերուհու հետ եղել են Գյումրի քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում, երբ իրենց է մոտեցել «Նիվա» մակնիշի մի մեքենա, ապա մեքենայից իջած երեք անձինք սկսել են խուզարկել իրենց, իր մոտից վերցրել են դրամապանակը և հեռախոսը, իսկ ընկերուհու մոտից՝ նրա և իր ՌԴ քաղաքացու անձնագրերը և հեռախոսը, վիճաբանել են իրենց հետ, ինչից հետո նրանցից մեկը իր դրամապանակից վերցնելով 910 եվրո՝ հեռացել են:
Քաղաքացին նաև հայտնել էր, որ այդ ժամանակ նկատելով պարեկային ծառայության մեքենան՝ մոտեցել են և պարեկներին հայտնել կատարվածի մասին:
Պարեկային ծառայողները և Ախուրյանի բաժնի ծառայողները համատեղ միջոցառումների արդյունքում Գյումրի քաղաքի Թեհլերյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Ախուրյանի բաժին են տարել չորս տղամարդու՝ «Նիվայով» հանդերձ:
Բաժնում կատարված անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է 710 եվրո և 17 000 դրամ, մյուսի մոտ՝ 200 եվրո:
Գյումրեցի չորս տղամարդիկ, կազմված փաստաթղթերը և հայտնաբերվածը ներկայացվել են Ախուրյանի քննչական բաժին»:
Թե ովքեր են կողոպուտի ենթարկվածները, զբոսաշրջիկնե՞ր են, ի՞նչ էին անում գիշերը ժամը 3-ին Գյումրու ռեստորանային համալիրի մոտակայքում, որի շուրջբոլորն, ի դեպ, ամայի տարածք է, այս ամենը ճշտվում է քրեական գործի շրջանակում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ