Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ընդամենը ներկայացրինք իրողությունը, այն, ինչ կա։ Ինքներդ որոշեք Ձեր անելիքը․ նամակ Արցախի նախագահին

Փետրվար 01,2023 14:04

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին

Պարոն Հարությունյան

Սույն նամակը կազմել և ստորագրել ենք ազգությամբ հայ Արցախի ու Հայաստանի քաղաքացիներս, ինչպես նաև` արտերկրում ապրող ճանաչված մտավորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ` ելնելով այն իրողությունից, որ Արցախի ճակատագիրը վերաբերում է ոչ միայն Արցախի Հանրապետությունում ապրող քաղաքացիներին, այլև ՀՀ քաղաքացիներին ու աշխարհասփյուռ հայությանը։ Արցախի ճակատագրից է կախված ոչ միայն արցախցիների, այլև Հայաստանի Հանրապետության գոյության փաստը, ինչպես նաև արտերկրում ապրող միլիոնավոր հայերի որպես հայ ապրելու, հայկականությունը սերունդներին փոխանցելու հարցը։ Միևնույն ժամանակ, հիշեցնենք, որ հենց ՀՀ ղեկավարի ստորագրած փաստաթղթերն են ճակատագրական ազդեցություն ունեցել Արցախի ժողովրդի վրա։ Այնպես որ` մենք բոլորս որպես հայ, գտնվում ենք մի հսկա նավում։

Որպես ԱՀ նախագահ Ձեր պաշտոնավարման ժամանակ 2020 թ. 44-օրյա պատերազմում Արցախը, բնականաբար նաև Հայաստանի Հանրապետությունը, աննախադեպ խայտառակ պարտություն է կրել, ստորագրվել է կապիտուլյացիոն փաստաթուղթ, որի արդյունքում Արցախի Հանրապետությունը կորցրել է ԱՀ Սահմանադրությամբ վավերացված իր տարածքի շուրջ 70 տոկոսը, հայկական բանակը տվել 5 հազարից ավելի զոհ, իսկ հազարավոր ընտանիքներ զրկվել են իրենց ծննդավայրից, այն բնակավայրերից, որտեղ սերնդեսերունդ ապրել են հարյուրավոր, հազարավոր տարիներ։

ԱՀ նախագահ ընտրվելով, Դուք երդվել էիք` «Ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը», որը ամրագրված է ԱՀ Սահմանադրությամբ (հոդված 91)։ Նույն Սահմանադրության Հոդված 94-ի համաձայն՝ «Հանրապետության նախագահը Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է», ինչպես նաև «Հանրապետության նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է»:

Որպես ԱՀ նախագահ, ինչպես նաև զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, Դուք խախտել եք ԱՀ Սահմանադրության հոդված 91-ի և հոդված 94-ի Ձեզ վերապահված գործառույթները` չեք պաշտպանել Արցախի թե տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, թե քաղաքացիների իրավունքները, որոնց մի մասը զոհվել են, մյուսները զրկվել իրենց հայրենի օջախներում ապրելու իրավունքից։

Վերջին 16 տարում լինելով ԱՀ առանցքային, գլխավոր քաղաքական դեմքը (2007-2017 թվականներին եղել եք վարչապետ, պետնախարար, իսկ 2020 թ.` ԱՀ նախագահ), հենց Դուք եք գլխավոր պատասխանատուն, որ տարածքային ու մարդկային աննախադեպ մեծ կորուստներից բացի մսխվեց նաև այն Հաղթանակը, որ 1994թ. ձեռք էր բերվել տասնյակ հազարավոր հայորդիների արյան ու կյանքի գնով։

Հիշեցնենք, որ մարդկության պատմությունը լի է տարբեր երկրների և ժողովուրդների հաղթանակներով ու պարտություններով։ Սովորաբար մեկի հաղթանակը մյուսի պարտությունն է։ Դեռևս անտիկ ժամանակներից սկսած պարտված արքաները, զորավարները, գերագույն հրամանատարները խայտառակ պարտությունից հետո կամ ինքնասպան են լինում, կամ հրաժարական են տալիս` կախված իրենց բարոյական նկարագրից ու խղճի, պատվի զգացումից։ Մենք ընդամենը փաստ ենք արձանագրում, ներկայացնում ենք իրողությունը։

Ուզում ենք հիշեցնել նաև, որ անկախ նրանից, Դուք ցանկանում եք թե ոչ, հաճելի է Ձեզ թե ոչ, մարդիկ, հանրությունը, ժողովուրդը ի դեմս Ձեզ տեսնում է կորցրած զավակների, կորսված օջախների, իր դժբախտությունների և ողբերգությունների գլխավոր մեղավորին։ Կրկին հիշեցնենք, որ մենք ընդամենը ներկայացրինք իրողությունը, այն, ինչ կա։ Ինքներդ որոշեք Ձեր անելիքը։

Սերժ Սրապիոնյան – բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Վարդգես Օվյան – գրող, հրապարակախոս

Վալերի Խաչատրյան – իրավաբան

Սերգեյ Համբարձումյան – «Կատարոտ» հ/կ նախագահ, գնդապետ

Յուրի Հովհաննիսյան- արվեստագետ, քանդակագործ

Վարդան Հովհաննիսյան – Արցախյան պատերազմի վետերան, գնդապետ

Նազելի Մարգարյան – բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Սեդրակ Երկանյան – երաժիշտ, դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Գագիկ Հարությունյան – գործարար

Նարինե Կռոյան – արձակագիր, թարգմանիչ, տնտեսագիտության թեկնածու

Ժիրայր Շահրիմանյան – կոմպոզիտոր

Խորեն Գասպարյան – գրող, թարգմանիչ

Արամ Խաչատրյան – իրավաբան

Վաչագան Ա. Սարգսյան – գրող, թարգմանիչ, մանկավարժ, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի խմբագիր

Դիանա Համբարձումյան, գրող, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Սամվել Հարոյան, – մշակութային գործիչ, «Նաիրի» համահայկական փառատոնի հիմնադիր֊ղեկավար

Թաթուլ Պետրոսյան – արդարադատության գեներալ֊-մայոր

Գագիկ Սարգսյան – արևելագետ, իրանաթալիշական հետազոտությունների կենտրոնի ղեկավար

Սամվել Թադևոսյան- ռեժիսոր, Արցախյան պատերազմի մասին «Խրամատային ակնթարթներ» ֆիլմաշարի հեղինակ

Գոհար Սրապիոնյան – լրագրող, Հ2 հեռուստաընկերության միջազգային լուրերի մեկնաբան

Մելս Զաքարյան – վաստակաշատ մանկավարժ

Գևորգ Բալյան – ճարտարապետ, ԱՄՆ

Աշոտ Միրզոյան – բանաստեղծ, հրապարակախոս

Իրինա Արամյան – բանաստեղծ

Կարինե Ստեփանյան – ՀՀ վաստակավոր մանկավարժ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Այս նամակի տակ կստորագրեր Արցախի բնակչության մեծ մասը, բայց տեքստում կա պատմական աղաղակող սխալ՝ 44-օրյա պատերազմում պարտություն չենք կրել, այլ դավաճանվել ենք նույն Ա.Հ. և հայստանյան իր հանցակցի կողմից։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728