Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդենիսի ոստիկանության շենքի ուղղությամբ նռնակ նետելու մեջ կասկածվող քաղաքացին 2020-ին էր սպառնացել վրեժ լուծել

Հունվար 13,2023 15:49

Aravot.am-ի տեղեկություններով՝ հունվարի 11-ին ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի հատուկ պահպանվող տարածքի մուտքի դարպասի մոտ պայթուցիկ սարք նետած քաղաքացին այդ կերպ իր վրեժն է լուծել իրավապահներից:

Հիշեցնենք, որ պայթյունից կոտրվել են ոստիկանության բաժնի վարչական շենքի ապակիները, վնասվել հատուկ պահպանվող տարածքի սանհանգույցի տանիքը, պատը, ինչպես նաև վնասվել է դարպասը:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ պայթյունն իրականացրած տղամարդը Միխայիլ Հարությունյանն է՝ 2020 թվականի հունիսին Վարդենիսում 19 կրակոց ստացած ու մահացած 25 ամյա Թորգոմ Հարությունյանի (լուսանկարում) հայրը: Վերջինս դժգոհ է մնացել որդու սպանության քննությունից ու պայթուցիկը ոստիկանության ուղղությամբ նետելով՝ փորձել էր այդ կերպ իր դժգոհությունն արտահայտել: Միխայիլ Հարությունյանը դեռ 2020 թվականից էր դժգոհ որդու սպանության քննությունից ու պնդում էր, որ իրավապահներին նույնիսկ անուններ է տվել, թե ում է կասկածում որդու սպանության մեջ, սակայն իրավապահները ոչինչ չեն անում բացահայտման ուղղությամբ: Ըստ տուժողի վայրի հարակից տարածքի տեսախցիկներն էլ են ուշ առգրավել, եւ ոչինչ չանելու արդյունքում որդու սպանությունը մնում է չբացահայտված:

Միխայիլ Հարությունյանը նաեւ դեռ 2020 թվականին էր սպառնացել, որ որդու սպանության չբացահայտման դեպքում ինքը վրեժ է լուծելու:

Aravot.am-ը զրուցեց մահացած 25 ամյա երիտասարդի կնոջ Ջուլի Եղիազարյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում չցանկացավ պատասխանել հարցին, թե արդյոք ինքն էլ էր Թորգոմի հոր պես կասկածներ ունեցել՝ ով կարող էր սպանել ամուսնուն: Միայն անդրադառնալով ամուսնու հոր՝ ոստիկանության ուղղությամբ նռնակ նետելու հնարավոր դեպքին՝ իր զարմանքը հայտնեց, թե այդ ոնց պատահեց, որ մի գիշերում կարողացան պարզել, որ նռնակ նետողը Թորգոմի հայրն է, բայց տարիներ շարունակ, չկարողացան պարզել՝ ով էր Թորգոմի սպանությունը կատարողը: Նա նաեւ ասաց, որ Թորգոմի ծնողների հետ կապ այս պահին չունի ու չի կարող ասել, թե իսկապես նռնակ նետողը Թորգոմի հայրն է:

Զրուցեցինք նաեւ Միխայիլ Հարությունյանի կնոջ՝ Կիմա Հարությունյանի հետ, վերջինս Aravot.am-ին պատմեց, որ հարյուր տոկոսով համոզված չէ, որ ամուսինն է նռնակ նետողը. «Ինձ ասաց՝ մի 10 րոպեով դուրս է գալիս, վերադառնա, դա կարող եմ ասել, այլ բան չգիտեմ: Բայց, եթե նույնիսկ իմ ամուսինը լինի, կատարվածի ամբողջ մեղավորը Վարդենիսի ոստիկանությունն է ու ՀՀ Ոստիկանությունն ընդհանրապես, որի գլխավորը թույլ Նիկոլ Փաշինյանն է: Մենք բազմիցս դիմել ենք օրենքին, տարբեր տեղեր, ոչ մի արձագանք: Տղայիս սպանության երրորդ տարին է, ի՞նչ են արել որդուս համար, ասում են գործողություններ են կատարում, երե՞ք տարի, բոլորն էլ գիտեն՝ ով է սպանողը: Մենք ասել ենք, այնքան տվյալներ ենք տվել իրավապահներին, որդուս մոտ էլ էին ասել՝ Թորգոմ քեզ մի օր կխփենք շենքի շքամուտքի մոտ: Ի՞նչ է այդքան զորեղ մա՞րդ էր խփողը, որ չբռնեցին, ուրեմն իրենց մարդն է։ Ոստիկանությունը լավ էլ տեղյակ է, թե չէ՝ չե՞ն կարողանում փոքր Վարդենիսում հանցագործ բռնել, իսկ ինչի՞ համար են աշխատում: Կան բազմաթիվ խոսակցություններ, տեսախցիկներ հանցագործության բացահայտման համար, բայց իրավապահները հետքի վրա չեն գնացել, ասում են՝ մինչեւ հիմա գործողություններ են անում, լավ, իսկ վե՞րջը»:

Կիմա Հարությունյանն ասաց նաեւ, որ երեկ 30-ից ավելի ոստիկաններ լցվել են իրենց տուն ու խուզարկել, զենք են փնտրել ու չեն գտել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031