Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է կատարվում Գյումրու Ձիթողցոնց տուն-թանգարանի տնօրենի թափուր պաշտոնի շուրջ․ պատմական գիտությունների թեկնածուին չեն թույլատրում մասնակցել մրցույթին

Դեկտեմբեր 28,2022 19:19

Շիրակի մարզպետարանն իր ենթակայության տակ գտնվող «Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարել է մրցույթ, որին, սակայն,  չեն թույլատրել մասնակցել պատմական գիտությունների թեկնածու, Շիրակի պետական համալսարանի դասախոս, Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող  Լուսինե Պետրոսյանին։

Նման հրաման է արձակել  Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը՝  պատճառաբանելով հետևյալը․ «Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 539-ն որոշման հավելված 3-րդ  և 12-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի Լուսինե Սարգսի Պետրոսյանի փաստաթղթերի  ամբողջականության և իրավական ակտերին համապատասխանության մասին ՀՀ Շիրակի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժնի պետի կողմից  2022 թվականի դեկտեմբերի 12-ին տրված եզրակացությունը, Լուսինե Սարգսի Պետրոսյանին  չթույլատրել մասնակցել  Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2023 թվականի հունվարի 10-ին, ժամը 11․00-ին անցկացվող մրցույթին»։

Լուսինե Պետրոսյանը, սակայն, պնդում է, որ Արսեն Աբրահամյանի արձակած հրամանն ապօրինի է, կոռուպցիոն ռիսկ պարունակող և որ արհեստականորեն խոչընդոտում են իր մասնակցությունը․ իր բոլոր տվյալները բավարարում են թափուր պաշտոնի համար հայտարարված  մրցույթի պահանջներին։

Շիրակի մարզպետարանը տվյալ թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար պահանջում է ՀՀ քաղաքացիություն, բարձրագույն կրթություն, հանրային ծառայության  առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի (թանգարանագիտություն կամ սոցիալ-մշակութային գործունեություն՝ թանգարանային գործ և հուշարձանների պահպանություն) առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ (տես փաստաթղթում)։

Լուսինե Պետրոսյանը 23 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունի․ 1999 թվականից աշխատում է Մ․ Նալբանդյանի անվան Շիրակի պետական համալսարանում (նախկինում Մ․ Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ), սակայն Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղարը նրանից մասնագիտական աշխատանքային ստաժ պահանջելու փոխարեն պահանջում է որակավորման ստաժ, իսկ նման պահանջ չկա Շիրակի մարզպետարանի հայտարարության մեջ։

«Ինձ մերժել են փաստաթղթերի անհամապատասխանության պատճառով՝ իբր թե իմ բարձրագույն կրթության վկայականում նշված է մասնագիտությունը ուսուցիչ և ես չեմ աշխատել ուսուցիչ, այդ պատճառով ինձ մերժում են։ Խնդրում եմ հրապարակեք իմ դիպլոմը, հայերեն տառերով հստակ գրված է՝ մասնագիտությունը պատմություն և աշխարհագրություն։ Ուսուցիչ գրված է որակավորման դիմաց (տես փաստաթղթում)։

Խնդրում եմ՝ նաև ցույց տվեք մարզպետարանի հայտարարության մեջ այն կետը, որտեղ ինձանից պահանջվում է որակավորման ստաժ։ Մարզպետարանը իր հայտարարության մեջ թանգարանի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջում է  մասնագիտական աշխատանքային ստաժ և ոչ թե որակավորման ստաժ։ Արսեն Աբրահամյանը կամ իրոք շփոթում է մասնագիտությունը որակավորման հետ, չի տարանջատում, կամ մանիպուլացնում է, որպեսզի խոչընդոտի իմ մասնակցությունը։

Բացի այդ, ես 1997 թվականից աշխատում եմ նաև Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնում, գիտաշխատող եմ, 30-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ եմ։ Հայագիտական կենտրոնի գործառույթների մեջ էական է գիտական բաղադրիչը, մեր կենտրոնի ուսումնասիրությունների ոլորտը նաև թանգարանն է։ Մեր գործառույթներին մեջ ասենք դաշտային կամ բանահավաքչական նյութերը վերածում ենք գիտական դիսցիպլինի։ Թանգարանից վերցված նյութը Հայագիտական կենտրոնում դառնում է գիտական նյութ։

Եթե դուք ընթերցեք մարզպետարանի հայտարարությունը, թե ինչ գործառույթներ է պահանջվում «Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի» տնօրենից, կտեսնեք, որ բացառապես գիտական գործունեություն է»,-ասում է Լուսինե Պետրոսյանը։

Նկատենք, որ  նույն թանգարանի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարվել էր նաև 2020 սեպտեմբերի 24-ին, որին մասնակցել է նաև Լուսինե Պետրոսյանը՝  համալրելով երեք հաղթողների շարքերը, ավելին՝ նա հաղթողների մեջ ամենաբարձր միավորն է հավաքել։ Մրցույթը հետագայում չեղարկվել է, քանի որ կատարվել էր կարգի խախտում։

Աբսուրդն այն է, որ ՀՀ Շիրակի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժնի պետ Նարինե Մինասյանն այդ անգամ ի գիտություն է ընդունել Լուսինե Պետրոսյանի փաստաթղթերը, հանձնաժողովում քննարկում է եղել ու եկել են այն եզրահանգման, որ թեկնածուն ունի համապատասխան մասնագիտական աշխատանքային ստաժ։

Արսեն Աբրահամյանի անունից տրված մերժումը Լուսինե Պետրոսյանը բողոքարկել է՝ գրություն հղելով Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանին։

Նրան այս անգամ մերժել են՝ մեջբերելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասին 2-րդ կետը։

«Համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ հատուկ կամ մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվարկվում են այն ժամանակահատվածները, որոնց ընթացքում կատարվել է քաղաքացու կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին վկայականում նշված  մասնագիտությամբ աշխատանք կամ զբաղեցվել է որոշակի պաշտոն կամ կատարվել է աշխատանք աշխատանքի առանձնահատուկ պայմաններում, ինչպես նաև այլ ժամանակահատվածներ, որոնք թույլատրվում է հաշվարկել տվյալ տիպի աշխատանքային ստաժում։

Համաձայն Ձեր կողմից ներկայացած փաստաթղթերի՝ Դուք ստացել եք միջնակարգ դպրոցի պատմության և աշխարհագրության ուսուցչի որակավորում, սակայն աշխատել եք Շիրակի պետական համալսարանում որպես ասիստենտ և Շիրակի Հայագիտական հետազոտությունների կենտրոնում որպես գիտաշխատող, և քանի  որ ձեր ստացած որակավորմանը համապատասխան չեք աշխատել, այդ կապակցությամբ  աշխատանքային ստաժը չի դիտարկվել որպես մասնագիտական աշխատանքային ստաժ»,- նշված է Արսեն Աբրահամյանի պատասխանում։ Լուսինե Պետրոսյանի բողոքին դարձյալ պատասխանել է Արսեն Աբրահամյանը։

Լուսինե Պետրոսյանը, սակայն պնդում է, որ Աշխատանքային օրենսգրքի տվյալ հոդվածը ևս մանիպուլացնում են։ Նա զարմանում է, որ պարզ, մատչելի հայերենով շարադրված կետը մեկնաբանում են այնպես, ինչպես ցանկանում են։

«Աշխատանքային օրենսգրքում ևս չկա որևէ խոսք որակավորման մասին, պարզապես խոսքը գնում է վկայականի մասին, որտեղ նշված է որակավորում և  մասնագիտություն։ Կամ դիտավորյալ մանիպուլյացիայի են ենթարկում կամ լավ չեն ընկալել  Աշխատանքային օրենսգրքի տվյալ  հոդվածը և հրամցնում են որպես փաստ, թե ես իրավունք չունեմ մասնակցելու»,-ասում է Լուսինե Պետրոսյանը։

Նկատենք, որ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի տվյալ հոդվածով  որակավորման ստաժի մասին իրոք խոսք չկա, օրենսգրքում խոսվում է որակավորման մասին վկայականում նշված  մասնագիտությամբ աշխատանք կատարելու կամ պաշտոն զբաղեցնելու մասին։ Իսկ փաստն այն է, որ Լուսինե Պետրոսյանը աշխատում է իր մասնագիտությամբ։

Լուսինե Պետրոսյանը նաև նշում է, որ իր բարձրագույն կրթության հնգամյա դիպլոմը հիմա հավասարեցված է մագիստրատուրայի դիպլոմին։

 

Մենք թեմայի շուրջ պարզաբանումներ ստացանք նաև Արսեն Աբրահամյանից։

Մարզպետարանի պաշտոնյան նշեց, որ ինքը մերժել է Լուսինե Պետրոսյանի մասնակցությունը՝ հիմք ընդունելով  համակարգող ստորաբաժանման կողմից տրված եզրակացությունը։ Մրցույթի մասնակցության հարցը  որոշվում է այդ ստորաբաժանման եզրակացության հիման վրա, իսկ նախկինում որոշվել  է ՀՀ Շիրակի մարզպետի  որոշմամբ հաստատված հանձնաժողովի կողմից։ Իսկ թե ինչու Լուսինե Պետրոսյանին 2020 թվականին թույլատրել են մասնակցելու նույն թանգարանի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին,  իսկ հիմա մերժում են, Արսեն Աբրահամյանը նշում է, որ այն ժամանակ նրա տվյալները համապատասխանել են ՀՀ կառավարության սահմանած չափորոշիչներին, իսկ 2022 թվականի ապրիլից  չափորոշիչները փոխվել են։

Արսեն Աբրահամյանը նաև նշում է, որ թանգարանի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին ներկայացվել են 8 այլ դիմումներ, որոնք ուսումնասիրվել են ՀՀ Շիրակի մարզպետարանի կառավարման բաժնի կողմից, տրվել են դրական եզրակացություններ։ Այս դեպքում, ըստ նրա, սուբյեկտիվ մոտեցում չէր կարող լինել, քանի որ ինքը չի էլ ճանաչում Լուսինե Պետրոսյանին։ Ըստ նրա, որևէ մեկն անձնական թշնամանք չունի նրա հանդեպ, որ սուբյեկտիվ մոտեցում ցուցաբերի։

Նկատենք, որ 2020 թվականի սեպտեմբերին հայտարարված մրցույթում, որին մասնակցել ու հաղթողներից մեկն է ճանաչվել  Լուսինե Պետրոսյանը, պահանջները գրեթե նույնն են եղել․ պահանջվել է համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն, ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031