Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Դատարանը մերժեց 45 միլիոն դրամի գրավը․ Գյումրիում օրենքով գողերը դեռ դատվում են

Դեկտեմբեր 23,2022 20:44

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է քրեական ենթամշակույթ կրող անձանց ու նրանց ստեղծած խմբավորմանն աջակցածների նկատմամբ հարուցված քրեական գործով դատավարությունը։

Դատավոր Ռոման Սմբատյանը երեկ մերժել է այս քրգործով անցնող Ցոլակ Գևորգյանի (լայն շրջանակներին հայտնի է Տեքստիլի Ցոլո) խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։

Նրա պաշտպանը միջնորդել է այլընտրանքային խափանման միջոց կիրառել՝ գրավադրելով ամբաստանյալի որդիների սեփականությունը համարվող արտադրամասն ու բնակարանը, որի արժեքը 45 միլիոն դրամ է։ Դատարանը մերժել է՝ երկու ամսով երկարացնելով նրա կալանքը։

Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալների թիվը 8-ն է, որոնցից չորսը գրավի դիմաց ազատ էին արձակվել, սակայն նրանցից մեկին՝ Էդմոն Գրիգորյանին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ նորից կալանավորել են։

Այս գործով անցնում են երկու օրենքով գողեր, մեկը Սուրեն Ավետիսյանն է, որը լայն շրջանակներին հայտնի է «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ, մյուսը՝ Արտյոմ Ղազարյանն է՝ «Զապի եգան Արտյոմ Լեննականսկին»։ Նա օրենքով գող Անդրանիկ Սողոյանի՝ «Զապ Լեննականսկիի» քրոջ որդին է։

Սուրեն Ավետիսյանի խափանման միջոցը ևս անփոփոխ է մնացել, դատարանը մերժել է նրան գրավով ազատ արձակելը, թեև, մեր տեղեկություններով, վերջինս վատառողջ է, ի վիճակի չէ կալանավայրում մնալու։

 Ըստ քրգործի, «Սուրեն Ավետիսյանը, ունենալով  «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ՝ ղեկավարել է իր կողմից ստեղծված քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը՝ իր  կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու միջոցով։

Մասնավորապես՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելով, մասնավոր հարցին առնչվող վեճը (խնդիրը) լուծելու համար քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող անձանց տվել է հանձնարարություններ, ինչպես նաև իր հեղինակությունն օգտագործելով՝ կայացրել է պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին չհամապատասխանող և իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով շարժվելու վերաբերյալ «որոշումներ»:

Իրենց հերթին, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող անձինք, ստանալով և կատարելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու մասին «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ հայտնի, «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սուրեն Պավլուշի Ավետիսյանի հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաև ներգրավվել դրա հետապնդած նպատակների իրականացմանը»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031