Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Յաշար Ալիեւը ՄԱԿ-ում կրկնեց հայտնի կեղծ թեզերը ու ակնարկեց, թե «որոշ ուժեր» չարաշահում են ՄԱԿ-ի ամբիոնը

Դեկտեմբեր 21,2022 14:18

ՀՀ դիմումի հիման վրա կայացած՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Ադրբեջանի ներկայացուցիչ Յաշար Ալիեւը, ավանդույթի համաձայն, ՀՀ ներկայացուցչի պնդումները կեղծիք անվանեց։ Իսկ ՀՀ ներկայացուցիչը հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումը պլանավորած գործողությունների եւ էթնիկ զտումների նպատակ ունի։

«Ոչ Ադրբեջանի կառավարությունը, ոչ էլ բողոքող ակտիվիստները չեն շրջափակել Լաչինի միջանցքը։ Քաղաքացիների, բեռների անցուդարձի ռեժիմը մնում է անփոփոխ, խաղաղապահները շարունակում են իրականացնել իրենց պարտականությունները»,-պնդեց Յաշար Ալիեւը եւ «կեղծիք» որակեց նաեւ մարդասիրական աղետի մասին հայկական կողմի փաստարկները:

Մհեր Մարգարյան

Հայաստանի ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նշել էր․ «Մարդասիրական ճգնաժամը ստեղծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն ապօրինի փակելու հետեւանքով՝ խախտելով եռակողմ հայտարարության իր հանձնառությունները, նաեւ միջազգային պարտավորությունները: Ադրբեջանը պետական հովանավորությամբ զանգվածային արշավ է իրականացնում Լաչինի միջանցքի երկայնքով՝ շրջափակելով դեպի ԼՂ մատակարարման միակ ճանապարհը․ «Բնապահպանական պատրվակով կազմակերպելով միջանցքի շրջափակումը՝ Ադրբեջանը թիրախավորել է 120 000 բնակչություն։ Սա բերել է շատ խաթարումների։ Միջանցքը բնակչության համար փակ է եւ ոչ թե հակառակը, ինչպես Ադրբեջանն է պնդում։ ԼՂ ժողովրդի՝ միջնադարյան ոճով պաշարումը վատթարացել է գազամատակարարման խափանման հետեւանքով․ երեխաները զրկված են կրթության իրավունքից։ Իրավիճակը ԼՂ-ում մոտ է մարդասիրական աղետ դառնալուն»։

Յաշար Ալիեւը նաեւ անընդունելի որակեց այն փաստը, որ ՄԱԿ-ի ամբիոնը չարաշահվում է «որոշ ուժերի» կողմից։ Նա կրկնեց Ադրբեջանի հայտնի՝ նենգափոխված եւ խեղաթյուրված թեզն առ այն, թե ՀՀ-ն գրեթե երեսուն տարի «օկուպացրել է Ադրբեջանի տարածքները», թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, թե հայկական կողմն ապօրինի շահագործել է «Ադրբեջանի տարածքի» հանքավայրերը՝ առաջացնելով շրջակա միջավայրի համար հետեւանքներ։

Արցախի հանրապետության եւ ՀՀ-ի վրա զինված հարձակումներ գործած Ադրբեջանի ներկայացուցիչը պնդեց նաեւ, թե իրենք հետամուտ են խաղաղության գործընթացին։

Ապա Ադրբեջանի ներկայացուցիչը վստահեցրեց, թե իրենք պատրաստ են իրենց քաղաքացիների հետ (նկատի ունի ԼՂ հանրապետության հայությանը-հեղ) երկխոսել խնդիրների շուրջ եւ այս համատեքստում հետեւյալ շեշտադրումն արեց․ «Հայաստանը եւ որոշ երրորդ պետություններ ավելի ու ավելի են լարվում՝ տեսնելով տեղի դրական զարգացումները եւ պատրաստ են սադրանքների գնալ՝ սասանելու համար նորմալացման գործընթացը։ Վերջերս հայտնի մի գործարար է ներդրվել Ղարաբաղի շրջանում, Ռուբեն Վարդանյան անունով, որը ոչ մի կապ չունի այդ շրջանի հետ եւ ներգրավված է բնական պաշարների շահագործման մեջ ու ինտենսիվացնում է արտաքին օբյեկտների ապակայունացնող գործողությունները»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031