Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սա հումանիտար լրջագույն ճգնաժամ է, որի պատասխանատուն պետք է լինի առաջին հերթին ՀՀ իշխանությունը». Սուրեն Պետրոսյան

Դեկտեմբեր 13,2022 20:45

Ադրբեջանցիների կողմից շրջափակման մեջ գտնվող Արցախի մեր 130 հազար հայրենակիցներին օգնելու պահանջով Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց կայացավ, որը սկսելու մասին ֆեյսբուքի իր էջում իրազեկել էր «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը:

Նա լրագրողների հետ զրույցում նշեց. «Սա միայն ազգային անվտանգության առումով սպառնալիք է, այլեւ հումանիտար ճգնաժամ: Շատ քչեր են պատկերացնում,թե այս ամենի հետեւանքը ինչ կարող է լինել: Եվ եթե մենք հիմա  որոշակի գործողություններ կամ հակազդեցության մեխանիզմներ չմշակենք, այլեւս չենք կարողանալու  կանխարգելել այն աղետը, ինչը կարող է լինել, կամ ինչ մեզ սպասվում է»:

Նրա խոսքով, այդ քայլով ցանկանում են պարտադրել  կառավարությանը, որպեսզի բոլոր հնարավոր եւ անհնար միջոցները ձեռնարկի՝ գոնե սկզբնական մասի մակարդակում այս հումանիտար ճգնաժամը հանգուցալուծելու համար: «Շատերն այս բողոքը հասցեագրում են տարբեր միջազգային կառույցների: Իհարկե, շատ կարեւոր է, որ բոլոր կողմերով ճնշում լինի, բայց մենք պետք է գիտակցենք, որ մեր իրականության, հայության համար պատասխանատուն մենք ենք, եւ որեւէ մեկը չի կարող մեր չափ սրտացավ լինել:

Շատ ժամանակ ասում են՝ միեւնույն է Հայաստանի Հանրապետության իշխանությունն ասել է՝ մենք փաստացի հրաժարվել ենք Արցախից, կողմ ենք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, ի՞նչ եք պահանջում, մինչդեռ այստեղ Արցախի կարգավիճակի խնդիրը չի դրված, այլ մեր ողջ հայության խնդիրն է, սա հումանիտար լրջագույն ճգնաժամ է, որի պատասխանատուն պետք է լինի առաջին հերթին ՀՀ իշխանությունը, նոր միան՝ մնացած կառույցները:

Հետո մենք կարող ենք հասցեագրել մյուսներին, ռուսական կողմին, քանի որ նոյեմբերի 9-ի  համաձայնագրով  այդ կետերի կատարման երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է, նաեւ Բերձորի միջանցքի անխափան գործունեության երաշխավորն է ՌԴ-ն, հետո նոր՝ մնացած միջազգային առանցքային դերակատարները»:

Սուրեն Պետրոսյանն ասաց, որ չի պատկերացնում, թե ռուս  խաղաղապահները ինչպես են ուժով են հեռացնելու այսպես կոչված բնապահպան ակտիվիստներին, բայց կարծում է, որ պետք է բոլոր դերակատարներն  անեն ամեն բան, որ խնդիրը լուծի:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031