Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռոման Վազգենի Սմբատյանի նախագահության շարունակվում է քրեական ենթամշակույթ կրող անձանց ու նրանց ստեղծած խմբավորմանն աջակցածների նկատմամբ հարուցված քրեական գործով դատական նիստը։
Վերջին նիստը, որը նշանակված էր երեկ, չի կայացել ուղեկցող ջոկի մեքենայի տեխնիկական անսարքության պատճառով, ամբաստանյալներին դատարան հասցնել հնարավոր չի եղել։
Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալների թիվը 8-ն է, որոնցից չորսը գրավի դիմաց ազատ էին արձակվել, սակայն նրանցից մեկին՝ Էդմոն Գրիգորյանին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ նորից կալանավորել են։
Ազատ արձակվածներից են Գյումրիում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, ճանաչված գործարար Ռաֆիկ Իգիթյանը՝ «Իգիթի Ռոն», նրա որդի Աշոտ Իգիթյանը և Վահան Տեր-Պողոսյանը։
Կարդացեք նաև
Դատարանը մերժել էր ամբաստանյալի աթոռին հայտնվածներից երկու օրենքով գողերի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։
Դատվողներից մեկը օրենքով գող Սուրեն Ավետիսյանն է, որը լայն շրջանակներին հայտնի է «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ, մյուսը՝ Արտյոմ Ղազարյանն է՝ «Զապի եգան Արտյոմ Լեննականսկին»։ Նա օրենքով գող Անդրանիկ Սողոյանի՝ «Զապ Լեննականսկիի» քրոջ որդին է։
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր «Պաշի տղա Սուրո Լեննականսկուն» 137 միլիոն դրամի անշարժ գույքի գրավադրմամբ ազատ արձակելու միջնորդությունը։ Չէր բավարարել նաև «Զապի եգան Արտյոմ Լեննականսկուն» 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու փաստաբանի միջնորդությունը, անփոփոխ էր թողել նաև այս քրեական գործով անցնող Ցոլակ Գևորգյանի՝ «Տեքստիլի Ցոլոյի» ու Կարեն Վարոսյանի՝ «Աֆիշի Կարենի» խափանման միջոցները։
Նշենք, սակայն, որ այս գործով անցնող գլխավոր մեղադրյալի՝ Սուրեն Ավետիսյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը նրա խափանման միջոցի հարցով հատուկ վերանայման բողոք է ներկայացրել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան։
Ինչպես տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգի dataLex.am կայքից, դեկտեմբերի 2-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Ռ․ Բարսեղյանի նախագահությամբ, գրավոր ընթացակարգով քննել է Սուրեն Ավետիսյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանի հատուկ վերանայման բողոքը ու որոշել է մերժել այն, անփոփոխ թողնել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի հոկտեմբերի 20-ի որոշումը։
Փաստաբանը այն պատրաստվում է բողոքարկել ՀՀ Վճռաբեկ դատարան։
Ի դեպ, ամբաստանյալ Սուրեն Ավետիսյանը վատառողջ է, նա ստացիոնար բուժում է ստանում հիվանադանոցային պայմաններում։
Ինչպես տեղեկանում ենք հարուցված քրգործից, Սուրեն Ավետիսյանի նկատմամբ նախաքննության մարմնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ նա, ունենալով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, ստեղծել և ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում։
Նրան առաջադրված մեղադրանքում ընթերցում ենք․ «Սուրեն Պավլուշի Ավետիսյանը, 1999 թվականին Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Սերժիկ Տբիլիսսկի» մականվամբ Սերգեյ Յեգիևի, «Յուրա Լազարևսկի» մականվամբ Յուրա Ուսոյանի, «Գոչո» մականվամբ Տենգիզ Դումոևի, «Զապ Լեննականսկի» մականվամբ Անդրանիկ Սողոյանի, «Դեդ Հասան» մականվամբ Ասլան Ուսոյանի և «Մարսո Արարատսկի» մականվամբ Մարզպետունի Պետրոսյանի կողմից «թագադրվելով», ստացել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ և «գողական աշխարհում» հայտնի է դարձել որպես «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» և հանդիսացել քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ։
Նա գործել է իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրացման իրավաչափ ձևերին։
Նպատակը հանցագործություն կատարելն է կամ հանցագործության կատարումը հովանավորելը կամ այլ անձանց հանցավոր արարքի կատարմանը ներգրավելը կամ բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելը կամ անօրինական օգուտ կամ այլ առավելություն ստանալն է։
2021 թվականի օգոստոսի 19-ի դրությամբ շարունակելով պահպանել «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը՝ ղեկավարել է իր կողմից ստեղծված՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը՝ դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու միջոցով, մասնավորապես՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելով, մասնավոր հարցին առնչվող վեճը (խնդիրը) լուծելու համար քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող անձանց տվել է հանձնարարություններ, ինչպես նաև իր հեղինակությունն օգտագործելով՝ կայացրել է պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին չհամապատասխանող և իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով շարժվելու վերաբերյալ «որոշումներ»:
Իրենց հերթին, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող անձինք, ստանալով և կատարելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու մասին «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ հայտնի, «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սուրեն Պավլուշի Ավետիսյանի հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաև ներգրավվել դրա հետապնդած նպատակների իրականացմանը»։
ՀՀ Քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն էլ, «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ անձը տարբեր անձանցից, այդ թվում «Արմավիր», «Սևան» քրեակատարողական հիմնարկներից դրամական միջոցներ է հավաքագրել։
Ըստ հարուցված քրգործի՝ 4.595.000 ՀՀ դրամ գումար է հավաքագրվել, որն այս տարվա հունվարի 9-ին փոխանցվել է խմբավորման անդամներ Ռաֆիկ Իգիթյանին (գործարար Իգիթի Ռոյին․ նա, ի դեպ, Սուրեն Ավետիսյանի հոր ընկերն է, հեղ․) և Ցոլակ Գևորգյանին։
Նրանք գումարի չափի մասին հեռախոսազանգով հաշվետվություն են ներկայացրել «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ անձին։
Այնուհետև վերջինս Ռաֆիկ Իգիթյանին հանձնարարել է իր մոտ պահվող գումարներից 5000 ԱՄՆ դոլարը փոխանցել «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձին՝ քրեակատարողական հիմնարկից ազատվելու կապակցությամբ։ Ռաֆիկ Իգիթյանը նույն օրը այն տարել է «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձի բնակության վայր։ Այնուհետև, ըստ պաշտոնական հաղորդագրության, նույն Ռաֆիկ Իգիթյանին ու խմբավորման մեկ այլ անդամի հանձնարարվել է հանցավոր աշխարհում ձևավորված ավանդույթի համաձայն՝ հոր մահվան կապակցությամբ 10.000 ԱՄՆ դոլար գումար փոխանցել «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձին: Իգիթյանն էլ հեռախոսազանգի միջոցով կապ է հաստատել որդու՝ Աշոտ Իգիթյանի հետ, հրահանգել գումարների պահման թաքստոցից վերցնել 10.000 ԱՄՆ դոլար և տեղափոխել իր մատնանշած վայր: Որդին՝ Աշոտ Իգիթյանը, կատարել է հանձնարարականը, գումարը թաքստոցից վերցրել, տեղափոխել է մատնանշված վայր ու փոխանցել հորը։
Հայրը Ցոլակ Գևորգյանի հետ միասին գումարը տվել է «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձին»։
«Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականունով հայտնի անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, Էդմոնդ Գրիգորյանի, Աշոտ Իգիթյանի, Ռաֆիկ Իգիթյանի, Արմեն Վարոսյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով, «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի «օրենքով գողի», Կարեն Վարոսյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ