Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կարող է ID քարտ տալիս լինել խնամի-ծանոթ-բարեկամ լուծումը». Արսեն Թորոսյանը բողոքում է, որ առաջընթացի տեղը հետընթաց ենք ապրում

Դեկտեմբեր 06,2022 12:05

Այսօր ԱԺ նիստում փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագիծը: Մեր երկրում կենսաչափական անձնագրերը, այդ թվում՝ նույնականացման քարտերը տրամադրվում են 2012 թվականի հունիս ամսից առ այսօր, որոնց զուգահեռ տրամադրվում են նաեւ հին նմուշի անձնագրերը: «Նույնականացման քարտերի մասին» օրենքով սահմանվել էր, որ 2023-ի հունվարի 1-ից դադարեցվելու էր այդ հին անձնագրերի տրամադրումը, փոխանակումը, սակայն հիմա առաջարկվում է 1 տարի հետաձգել այդ դրույթի իրագործումը: Մինչեւ 2023-ի դեկտեմբերի 31-ը պետք է հին անձնագրերը փոխարինվեն նոր նույնականացման քարտերով՝ ID քարտով: Սկզբում կտրամադրեն առանց էլեկտրոնային պահոցի, մինչեւ կառավարությունը սահմանի դրանց տեխնիկական բնութագրերը:

ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանը հարցրեց նույնականացման քարտերի համար գոյացած հերթերից ու բողոքներից:

Ֆիդանյանը վստահեցրեց, որ այն քաղաքացիները, որոնց ամենօրյա աշխատանքում պետք են նույնականացման քարտեր, անխտիր բոլորին տրամադրվում է: Ինչ վերաբերում է հերթերին, նա ասաց, որ էլեկտրոնային հերթագրում է նախատեսվում ներդնել տարածքային բոլոր ստորաբաժանումներում ու խնդիրը լուծել:

ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը դժգոհեց. «Լինելով ՀՀ քաղաքացի, մի քիչ լավ չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս է ոստիկանության աշխատակիցը որոշելու իմ կարիքը՝ ես ունե՞մ ID քարտի կարիք, թե՞ չունեմ: Չեմ ուզում մտածել այդպես, բայց այստեղ կարող է լինել խնամի-ծանոթ-բարեկամ լուծումը, կարող է պարզվի, որ եթե մեկը ծանոթ է, ուրեմն իր կարիքը կարիք է, մյուսինը՝ այնքան էլ կարիք չի: Նման մեխանիզմ ներդնելու փոխարեն պետք է պարզապես հաշվի առնելով մեծ պահանջարկը՝ ապահովել պատշաճ մատակարարումեր եւ հզորությունների մեծացում: Լավ պլանավորման եւ աշխատելու շնորհիվ մեր քաղաքացիները ստիպված չէին լինելու իրենց կարիքն ապացուցել»:

Ֆիդանյանը պատասխանեց, որ անձնագրայինները ծանրաբեռնված են աշխատում, քանի որ կրկնակի ծավալներն ավելացել են:

Արսեն Թորոսյանը նաեւ հարցրեց՝ ինչո՞ւ է 1 տարով կասեցվում կենսաչափական անձնագրերի տրամադրումը, դրանք լավն էին ու ժամանակակից. «Այն քաղաքացիները, որոնց ID քարտերի ժամկետը լրանալու է ասենք թե հունվարի 15-ին, պետք է վերադառնան հին անձնագրերին: Կարծես թե հետընթաց ենք ապրում, ոչ թե առաջընթաց»:

Արա Ֆիդանյանը պատասխանեց. «Հետընթաց միանշանակ չենք ապրում, որովհետեւ բավականին լուրջ ընկերությունների հետ աշխատանք ենք տանում, արդեն ունենք լուրջ խորհրդատվական ընկերություններ, որոնց հետ համապատասխան գործողություններ են կատարվում՝ առավել ժամանակակից լուծումներ գտնելու համար: Կարճ ժամանակ անց ականատես կլինենք ամբողջ թվային համակարգի գերարդիականացմանը»:

ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, որ ներկայումս կառավարությունում մշակվում են իրական կենսաչափական անձնագրերի չափանիշները. «Գաղտնիք չէ, որ նույնականացման քարտերը տրամադրելիս նաեւ տրամադրվում է էլեկտրոնային հասցե, բայց երբեւէ այդ հասցեները չեն օգտագործվել, օգտագործումը խրթին է ու բարդ: Այն կենսաչափական անձնագիրը, որը տրվել է մինչ ­այսօր, համարվում է ոչ բավարար տեխնիկական չափանիշներին: Կառավարությանը պետք է եւս 1 տարի՝ այդ աշխատանքներն ավարտելու համար»:

Արսեն Թորոսյանը հեգնեց. «Հետաքրքիր բաներ ասացիք կենսաչափական անձնագրերի ոչ բավարար լինելու մասին, ինչը իմ համար նորություն էր, որովհետեւ վերջին 10 տարում հակառակի մասին ենք միշտ լսել, որ կենսաչափական անձնագրերը հենց այն անձնագրերն են, որոնք ամեն ինչ պարունակում են: Բայց պարզվում է՝ ամեն ինչ չեն պարունակում, այնքան էլ կենսաչափական չեն՝ կոպիտ ասած: Բայց մենք կարո՞ղ ենք հիմա այստեղ բոլորով պայմանավորվել, որ այլեւս երբեք չենք երկարացնելու նախորդ անձնագրերի գործողության ժամկետը ու մի տարի հետո այստեղ նույն հարցը չենք քննարկելու»:

Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Լիահույս եմ, որ երբեւէ այլեւս անձնագրերի հետ կապված հետաձգումներ չեն լինելու: Լիահույս եմ, որ քաղաքացիները երբեք այլեւս չեն լսելու, որ անձնագիր չկա, նույնականացման քարտ չկա, կամ կա՝ առանց էլեկտրոնային կրիչի կամ պետական փաստաթուղթը տրամադրվում է ըստ անհրաժեշտության՝ ընտրովի կարգով: Սա անընդունելի է: Այո, 10 տարի մենք իմացել ենք, որ ունեցել ենք կենսաչափական անձնագիր, գուցե տեխնիկական առաջընթացով է պայմանավորված, որը չի բավարարում»:

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը Խաչատրյանին շտկեց. «Եկեք ոչ թե լիահույս լինենք, այլ հետեւենք, որ հենց այդպես էլ լինի, որովհետեւ սա ոչ թե հույսերի տեղ է, այլ քաղաքականության իրագործման»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Vardan says:

    Սուտ են ասում որ ID քարտ են տրամադրում պահանջն ունեցողին։ Ես ԱՁ եմ և 2 ամսից ավելա քարտ չեն տալիս, 4 անգամ գնացել եմ անձնագրային բաժին, ասել են չկա!!!

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031