Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վանաձորում պարեկների կողմից ծեծի ենթարկված քաղաքացիները մանրամասներ են ներկայացնում

Նոյեմբեր 28,2022 20:02

Օրերս լուրեր տարածվեցին, որ Լոռու մարզի պարեկային ծառայության աշխատակիցների ու վանաձորցիների միջեւ տեղի է ունեցել միջադեպ՝ պարեկները Վանաձորում ծեծի են ենթարկել մի քանի քաղաքացու: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ աշխատակիցները փորձել են ճանապարհն ազատել Լոռի այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյան համար: Այդ ընթացքում վեճի են բռնվել տարեց քաղաքացու հետ:

Միջադեպից տուժել են 3 քաղաքացիներ: Նրանցից 2-ը բուժում են ստանում Վանաձորի բժշկական կենտրոնում:

Տուժող Ռադիկ Ավետիսյանը (լուսանկարում) պատմում է, որ դեպքի օրը արհեստանոցում տղայի հետ գործ անելիս են եղել: Տղան առողջական խնդիրներ ունի: Հայրն ասում է, որ բազմաթիվ անգամներ դժվարությամբ են կարողացել որդու կյանքը փրկել:

Դեպքի օրը նկատել է, որ տղային ծեծում են ոստիկանության աշխատակիցները. «Տեսա մի 7-8 էկիպաժ պարեկներից եկան կալոնկա: Երեխան ասթմա ունի, աչքերի հետ խնդիրներ ունի: Իրեն մի քանի անգամ կոմայից ենք հանել: Էն տեսա, որ երեխի վրա գազ են փչել, ու մի 4 հոգով ծեծում են: Դրանից հետո ես չեմ հիշում, թե ինչ եմ արել ու ոնց եմ արել: Ու հետո ինձ էլ են խփել՝ գլուխս ասֆալտով, կողերս էլ է ջարդած, ոտքեր եւ այլն: Մի 30 հոգով մեկ գազ էին փչում, մեկ՝ խփում: Երեխեն էլ ասում էր՝ հիվանդ եմ, ինձ մի խփի, էլի խփում էին»:

Հայր ու որդի այժմ գտնվում են Վանաձորի բժշկական կենտրոնում: 17-ամյա տղան պատմում է դեպքի մանրամասները. «Պատճառը չգիտեմ ինչն էր: Ես դրսում գործ էի անում: Աչքերիս բան փչեցին, տարան գարաժ ու ծեծեցին: Ու ավտոյի մեջ էլ են մի քանի անգամ խփել, որ տանում էին բաժին: Բաժնում ուշքս գնաց ու էլ բան չեմ հիշում: Բժիշկներն ասում են սալջարդ է: Ու նաեւ գլխիս են խփել»:

Նկատենք, որ այս կապակցությամբ այսօր ՀՀ քննչական կոմիտեն, որը պետք է զբաղվի այս գործի հետաքննությամբ, հաղորդագրություն էր ներկայացրել, որում ակնհայտորեն պաշտպանվում էր ոստիկանության աշխատակիցների արարքը եւ ներկայացվում էր դեպքի՝ զուտ ոստիկաններին կողմից ներկայացված վարկածը:

Դեպքի առթիվ Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ է պահանջել ՀՀ ոստիկանությունից, որի համաձայն՝ դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «ՄԻՊ ներկայացուցիչներին ոստիկանությունից նաեւ բանավոր հավաստիացվել է, որ դեպքի կապակցությամբ ծառայողներին ամրակցված տեսանկարահանող սարքերով արված տեսանյութերը պահպանվել են։ Պաշտպանը հաջորդիվ քրեական վարույթի վերաբերյալ պարզաբանումներ է պահանջելու նաեւ քրեական հետապնդման մարմիններից եւ իր ուշադրության կենտրոնում է պահելու քրեական վարույթի ընթացքը՝ բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության ապահովման նպատակով»։

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930