Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության գնդապետը՝ Պեմզաշենում դաժան սպանության մասին. «Հոգեկան հիվանդ ճանաչվելու համար բանակից ազատվելու հիմքերը բավարար չեն»

Նոյեմբեր 16,2022 15:09

Ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը «Հայելի» ակումբում խոսեց Պեմզաշենում տեղի ունեցած երիտասարդ մոր եւ երկու անչափահաս երեխաների դաժան սպանության, աղջիկ երեխայի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու, մեղադրյալի եւ կասկածյալների, ինչպես նաեւ հոգեկան հիվանդ լինելու պատճառաբանությամբ պատասխանատվությունից հնարավոր ազատման մասին շրջանառվող լուրերի մասին:

«Ծանր ու սարսափելի դեպք տեղի ունեցավ, որի մասին խոսելն իսկ դժվար է: Բայց բոլոր դեպքերում մենք պարտավոր ենք արձագանքել, որովհետեւ պետք է տեղի ունեցածին իրավական գնահատական տալ: Իհարկե, տեղեկատվությունը շատ կցկտուր է եւ ոչ միանշանակ, բայց եղած տեղեկությունները եթե վերլուծենք, այդ արարքը առանձին դաժանությամբ կատարված սպանություն է»,- ասաց նա:

Գնդապետն ասաց, որ արարքի իրական որակման համար, բնականաբար, վարույթ իրականացնող մարմինը քրեական վարույթ հարուցել է քր. օր. 155 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը արարքն ավելի ծանրացնում է: Բայց նաեւ նշեց, որ սպանության դրսեւորման մեխանիզմն է մինչեւ այս պահն անհասկանալի՝ լիարժեք պատկերացում ունենալու համար: Նրա գնահատմամբ, այնքան էլ վստահություն չի ներշնչում տարածվող այն տեղեկությունը, իբրեւ գողության համար են տուն մուտք գործել: «Սիրելիներս, գողությունը ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն է: Այսինքն, անձը նախապես պարզում է, թե այդ բնակարանում մարդիկ կա՞ն, թե՞ ոչ, տանտերերը բացակայո՞ւմ են բնակարանից, թե՞ ոչ, որից հետո մուտք են գործում եւ որոշակի գույք կամ արժեքներ հափշտակում: Բայց այս ստահակները բնակարան են եկել գիշերը ժամը 12-ից 12:30-ի սահմաններում, երբ շատ դեպքերում մարդիկ քնած էլ չեն լինում: Կարծես, տեղեկացնում են նաեւ, որ սրանք նախնական ուսումնասիրություն են կատարել, որ բակում շուն է եղել եւ շանը կերակրել են, որպեսզի չհաչա: Եվ այս պայմաններում մուտք են գործում բնակարան՝ իբրեւ թե գողություն կատարելու համար:

Ես իմ փորձով չեմ հիշում մի դեպք, որ գողությունը վերածվի սպանության: Գողությունը կարող է վերածվել կողոպուտի: Իսկ կողոպուտն այն դեպքն է, երբ բացահայտ հափշտակություն է տեղի ունենում, կամ բռնություն է կիրառվում անձի նկատմամբ: Բայց գողությունը վերածվի երեք անձի սպանության, նաեւ մանկահասակ երեխաների, սա չլսված իրավիճակ է»,-ասաց պրոֆեսիոնալը եւ հույս հայտնեց, որ վարույթ իրականացնող մարմինները մինչեւ վերջ կբացահայտեն այդ ստահակների իրական նպատակն ու հանցագործության կոնկրետ շարժառիթները:

Անդրադարձ եղավ նաեւ գործողությունների հետեւանքով տարածվող այն տեղեկությանը, թե հանցագործություն կատարած անձը իբրեւ թե բանակից ազատվել է հոգեկան որոշակի խնդիրներ ունենալու պատճառով: Ու հիմա հրապարակում են, թե այդ անձը եղել է հոգեկան հիվանդ, ինչի հետ կապված պետք է գործողություններ կատարեն: «Նախ, հոգեկան հիվանդ ճանաչվելու համար բանակից ազատվելու հիմքերը բավարար չեն: Վարույթ իրականացնող մարմինը պարտավոր է դատահոգեբուժական փորձաքննություն նշանակել: Այս դեպքում, կարծում եմ, ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն: Բայց տեղեկացրել են, որ նրանց տեղափոխել են «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ: Միայն դատահոգեբուժական փորձաքննության արդյունքներից հետո կարող է որոշում կայացվել, թե նա եղե՞լ է հոգեկան հիվանդ, թե՞ ոչ եւ գործել է մեղսունակությա՞ն շրջանում, թե անմեղսունակության պայմաններում: Հետեւաբար, ինչո՞ւ են հապշտապ նման հրապարակումներ տարածվել, թե անձը եղել է հոգեկան հիվանդ: Որ բժշկական բնույթի հարկադրական միջոց կիրառվի այդ անձի նկատմամբ, տեղափոխվի բժշկական հաստատություն եւ երկու-երեք տարի հետո նրան ազատեն, իբրեւ թե բուժվե՞ց: Սրանց արարքը իրապես պետք է գնահատել Քր. օր. 155 հոդվածի 2-րդ մասով, որով նախատեսվում է պատիժ 14-ից 20 տարի ազատազրկում կամ ցմահ ազատազրկում»,- ասաց ոստիկանության գնդապետը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930