Լրահոս
Օրվա լրահոսը

Պեմզաշենն՝ ահ ու սարսափի մեջ․ հուղարկավորեցին դաժանաբար սպանված մորն ու զավակներին (Ֆոտոշարք)

Նոյեմբեր 12,2022 17:12

Այսօր հուղարկավորեցին Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն բնակավայրի տներից մեկում դաժանաբար սպանված 31-ամյա Զարինե Մ.-ին և նրա երկու անչափահաս երեխաներին` 12-ամյա դստերն և 8-ամյա որդուն։ Նրանց հրաժեշտ տվեցին համայնքապետարանի վարչական շենքի հարևանությամբ գտնվող մի կառույցից՝ հոգևոր կարգով։

Դեպքից չորս օր անց սահմռկեցուցիչ այս սպանությունը դեռևս բացահայտված չէ, պեմզաշենցիները շոկի մեջ են, թե ո՞վ կարող էր գնալ նման սադիզմի։

Ողջ գյուղը մասնակցում էր հուղարկավորությանը, պեմզաշենցիները մեզ հետ զրույցում ասացին, որ իրենք ահ ու սարսափի մեջ են․ բոլորի դռները կողպած են, երեխաներին հատուկ հսկողությամբ են տանում դպրոց ու բերում, կյանքը կարծես կանգ է առել, ցերեկվա ժամերին փողոցներում գրեթե մարդ չկա։

Նրանց համար հանելուկ է այս սպանությունը։ Տունը, որտեղ տեղի է ունեցել ոճիրը, գտնվում է կենտրոնական փողոցում՝ բանուկ մի տեղ, որի դիմաց դպրոցն է,  քիչ հեռավորության վրա համայնքապետարանի, Հայփոստի շենքերն են, կա դեղատուն, խանութներ։

Պեմզաշենցիների ասելով՝ դպրոցում կա տեսախցիկ, սակայն այն չի աշխատում, իրավապահները տարել են տան հարևանությամբ գտնվող երկու խանութների տեսախցիկները։

Խանութի աշխատակցուհիներից մեկը մեզ հետ զրույցում, սակայն, ասաց, որ տեսախցիկը միայն ֆիքսում է խանութի դիմացի անցուդարձը, ոճրագործը գուցե այդտեղով չի անցել, բացի այդ, ըստ նրա, խանութն աշխատում է մինչև երեկոյան 21․00-ը։

Ի դեպ, Պեմզաշենի փողոցները լուսավորված են, սակայն լուսավորությունը մինչև 12․00-ն է, դրանից հետո դժվար է տեսնել՝ ով եկավ, ով գնաց։

Բնակիչներից մի քանիսն էլ ասացին, որ իրենք կասկածելի դեմքեր չեն տեսել, գյուղ նման մարդ չի մտել։

Հուղարկավորությանը մասնակցող կանանցից մեկն էլ ասաց, որ տարօրինակ է այն, որ դեպքի օրը շան հաչոցն անգամ չեն լսել։ Ըստ նրա, Զարինեենց բակի շունն այլևս չի հաչում, մինչդեռ այդտեղով անցնել չէր լինում, շունը մարդ տեսնելուն պես հաչոցը գցում էր։ Մեր զրուցակիցը չի բացառում, որ ոճրագործը գուցե ծանոթ մարդ է եղել, շունը չի հաչել։

Զարինեն, ըստ գյուղացիների, ժիր էր,  չափից ավելի մարդամոտ էր, գրագետ ու գեղեցիկ։ Ամուսինն էլ համեստ, կիրթ մի անձնավորություն է, որը ծնողներից զրկվել է վաղ տարիքում, հայրը Յակուտիայում է խեղդվել, մայրն էլ հիվանդ է եղել ու մահացել։ Որբացած երեք երեխաներին մեծացրել է տատիկը, որը մահացել է երկու տարի առաջ։ Զարինեն 14 տարվա հարս է, նա Գուսանագյուղից է։

Նա հոյակապ հարաբերություններ է ունեցել տան տատիկի հետ։ Կոնֆլիկտներ չունեցող համեստ այս ընտանիքի սպանդի ենթարկվելը հանգիստ չի տալիս գյուղի բնակիչներին՝ ինչո՞ւ պիտի տան մեջ մորթեին նրանց, ի՞նչ են արել։

Այս հարցի պատասխանը գյուղացիները պահանջում են իրավապահներից, հորդորում են տաք հետքերով բացահայտել ու թույլ չտալ մարդիկ ահ ու դողով ապրեն։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, տնից գողություն չի արվել, գյուղացիների ասելով՝ նրանք մեծ ունեցվածքի տեր չեն, համեստ ապրող են։

Մեր տեղեկություններով, Զարինեի՝ վերծանված հեռախոսազանգերում էլ անծանոթ որևէ մեկ հետ զրույցներ չկան, նամակագրություն՝ ևս, ստուգվել են նաև նրա սոցցանցերը։

Ողջ գյուղը հարցաքննվել է, հարցաքննվել են նաև հարևան գյուղերի բնակիչները, սակայն դեռ տեղաշարժ չկա։

Ի դեպ, Զարինեենց տունը հեռու չէր հարևան երկու տներից, սակայն աջ կողմում նրանց ու հարևանի տների արանքում գոմ էր, երկու տների դարպասները տարբեր ուղղություններով էին բացվում, ձախ կողմի տունն էլ պարսպապատ էր, տունը բավական խորքերում էր, դեմ-դիմացի կառույցում էլ բնակվողներ չկային։ Հարևանները կարծես ո՛չ բղավոցներ են լսել, ո՛չ շան հաչոց։

Հսկվող տան բակում կախված էր լվացքը՝ երեխաների շորերը, իսկ բակի մի անկյունում շունն էր կծկված, ընկճված։

Հիշեցնենք, որ ըստ դատախազության տարածած տեղեկատվության․ «Դեպքի վայրի զննությամբ` նշված տան ննջասենյակի մեկտեղանի մահճակալին հայտնաբերվել է արական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը և ոտքերը կապած վիճակում, նույն ննջասենյակի հատակին հայտնաբերվել է իգական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հետին մակերեսին և որովայնի հատվածներում կտրած-ծակած վերքերով, իգական սեռի դի՝ որովայնի և կրծքավանդակի հատվածներում ու կրծքավանդակի հետին մակերեսին կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը հետնամասում թելով կապված վիճակում»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930