Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քրեական վարույթ՝ Գյումրիում արյունոտ վերքով սպիտակ ձիուն շահագործելու համար

Նոյեմբեր 07,2022 19:18

Երկու օր է՝ սոցիալական տարբեր ցանցերում արյունոտ բաց վերքով սպիտակ ձիու լուսանկարներն են, որոնք արվել են Գյումրիում։  Օգտատերերը, դատապարտելով կենդանուն նման  վատ վիճակում շահագործելը՝  զբոսաշրջիկներին  խնդրում են  չնստել այդ ձիով ֆայտոնը, բոյկոտել, չօգտվել այն կառապանի ծառայությունից, որը իրեն թույլ  է տալիս վիրավոր կենդանու միջոցով փող աշխատելու։

«Սա անմարդկային վերաբերմունք է, անհոգի կերպարներ եք, սադիզմ է»,-գրում են օգտատերերը։

 

Կենդանու խեղճ վիճակի ու դաժան շահագործման հարցն, ըստ էության, առաջինը բարձրաձայնել է Կարինե Դավթյան-Ամիրբեկյանը, որը փորձել է բացատրել կառապանին, որ նման ֆիզիկական վիճակում չի կարելի կենդանուն շահագործել, սակայն արդյունքի չհասնելով,  դիմել է տեղի պաշտոնյաներին՝ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանին, Գյումրու քաղաքապետարանին ու կենդանիների իրավունքները պաշտպանող կազմակերպություններին։

Նա մասնավորապես գրել է․ « Շա՜տ ուշադրություն, շատ:

Հարգելի բոլոր, տուրիստներ ու շիրակցիներ, խնդրում եմ չօգտվել ֆայտոնի ծառայություններից:

Այս անձինք, կարևորություն չտալով կենդանիների առողջությանն ու խնամքին, հաճախ բաց վերքերով ու վատ ֆիզիկական վիճակում էլ շարունակում են վերջիններիս շահագործումը:

Երբ փորձում ես բացատրել՝ խելքն աշխատեցնելու փոխարեն ձայնի տոնայնությունն են բարձրացնում:

Հույսս կտրելով իրենցից, դիմում եմ բոլոր այն անձանց, ովքեր կարող են բան փոխել:

Հուսով եմ հետամուտ կլինեք ու թույլ չեք տա շահագործեն կենդանիներին:

Կարևոր բան էլ նշեմ, որ Women’s Rights House NGO «Կանանց Իրավունքների Տուն» ՀԿ ԿԻՏ-ի կողմից իրականացնում էինք «Քայլող տուր» ծրագիրը ողջ ՀՀ-ի քաղաքացիների համար, և սա թվով երկրորդ տուրն էր, որտեղ Գյումրու պատմամշակութային կոթողների ու կանանց իրավունքների մասին պատմություններով պիտի համեմեինք ու ներկայացնեինք Գյումրին ու պայքարող կանանց, սակայն բոլոր հյուրերն էս տեսարանը ու ձիու՝ հազիվ ոտքի վրա կանգնելը տեսան»։

Ձիու լուսանկարները տարածող օգտատերերից ոմանք իրենց գրառումներում նշել էին նաև ՀՀ ոստիկանությանը։

Ոստիկանության արձագանքը չուշացավ, այսօր պարզեցինք, որ Կումայրի բաժինը օգտատերերի ահազանգը գրանցել ու ընթացք է տվել։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Հրապարակման հիման վրա ոստիկանության Կումայրի բաժնում կազմված փաստաթղթերը ուղարկվել են նախաքննական մարմին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար»։

Գյումրու համայնքապետի մամլո խոսնակ Սոնա Առաքելյանն էլ մեզ տեղեկացրեց, որ թեև ձիու շահագործումը դադարեցնելը քաղաքապետարանի գործառույթը չէ, այդուհանդերձ  քաղաքապետարանի մի քանի պաշտոնյաներ զանգահարել են կառապանին, որի անունը Արտուշ է, խնդրել, հորդորել ու նաև պահանջել են ՝ անհապաղ դադարեցնել կենդանուն այդ վիճակում շահագործելը։ Կառապանը պարզաբանել է, որ կենդանին իր սեփականությունն է, ունի  անասնաբույժի համապատասխան թույլտվություն, սակայն միաժամանակ փոխանցել է, որ կենդանուն դադարել է շահագործել։

Մենք եղանք Գյումրու կենտրոնական այն փողոցներում,  որտեղ սովորաբար կանգնեցնում են ֆայտոնները։ Սպիտակ ձիով ֆայտոնն իրոք չկար։

Կառապանին տեսնել  չհաջողվեց, սակայն ճշտեցինք, որ նա ոստիկանությանը տված բացատրությունում նշել է՝ ձիու թամբը նոր է, հենց այդ պատճառով էլ  կենդանու վրա  վերք է բացվել։

Ի դեպ, Գյումրու նախկին փոխքաղաքապետ, այժմյան ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանը այս հարցով դիմել է Գյումրու թափառող կենդանիների ստերջացման կենտրոնի անասնաբույժին, որը պարզաբանել է, թե դատելով նկարներից՝  կենդանու մոտ մեխանիկական վնասվածք է, որից բաց վերք է առաջացել, և այն ամենայն հավանականությամբ վրայի սանձից է․  որն անդադար շփվում է մաշկի հետ ու վերք է առաջացրել։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gohar says:

    Ապրեք բոլորդ էլ Նունե Արեվշատյան Ձիու կոխմից եմ հայտնում։ երեկվանից այդ Ձին ես էի։ նրա հոգնությունը ցավը Աշխահի անարդարության եվ անտաբերության դեմ աչքերից թափվող հուսահատությունը ինձ հանգիստ չէր տալիս։ Շնորհակալ եմ բարի մարդիկ։ Հիշեցի ընկերոջս՝ ՛ Ալխոյի ձին՛ Հրանտ Մաթեվոսյան։. Հ Գ ներող եղեք սխալներիս համար։ Տեխնիկական են

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930