Երևանում մեկնարկել է «Սոցիալական արդարությունը դպրոցում» ուսուցչական համաժողովը։ Իր ձևափաչով բացառիկ այս համաժողովը կազմակերպել են «Գլոբալ թու լոքալ Արմենիա» (“Global to Local Armenia”) հասարակական կազմակերպությունը և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը (ՖԷՀ) հոկտեմբերի 29-30-ը։ Համաժողովին հրավիրված են փորձառու մասնագետներ, որոնք քննարկում են սոցիալական արդարության խնդիրը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը համաժողովի բացման արարողությանը ողջունեց բոլոր մասնակից ուսուցիչներին։
«Շատ կարևոր եմ համարում այն հանգամանքը, որ չնայած բազմազբաղ լինելուն, դուք ձեր հանգստի ժամանակը հատկացրել եք այս կարևոր խնդիրների քննարկմանը, որոնք վճռորոշ են մեր ապագայի համար։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ պատրաստակամության համար»,-նշեց Ժաննա Անդրեասյանը։ Նրա խոսքով՝ սոցիալական արդարությունը շատ բազմաշերտ երևույթ է, որին կարելի է մոտենալ տարբեր կողմերից, և այս համատեքստում ոլորտին առնչվող խնդիրներն իրենց ազդեցությունն ունեն կրթական պրոցեսների վրա։
Անդրեասյանի խոսքով՝ ինքը շատ հետաքրքրված է եղել այս թեմայի ուսումնասիրությամբ որպես ուսումնասիրող։ «Այստեղ հանդես գալով նախարարության անունից պետք է ասեմ, որ մեր անելիքն է հասկանալ՝ ինչքանով են մեր քաղաքականությունները սոցիալապես արդար։ Բազմաթիվ անելիքներ կան այս առումով։ Մենք կարիք չունենք իրականությունը թաքցնելու, միասին պետք է լուծենք առկա խնդիրները։ Բոլոր ուղղություններով ունենք անելիքներ»,-հավելեց ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ վստահություն հայտնելով, որ այս օրերին ուսուցիչները շատ գիտելիքներ ձեռք կբերեն և բարեհաջող քննարկումներ կանցկացնեն։
Կարդացեք նաև
Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Հայաստանի գրասենյակի կրթական ծրագրերի համակարգող Լիանա Բադալյանն ընդգծեց՝ գաղափարն ունենալ նման համաժողով, միջավայր, որտեղ կքննարկվի սոցիալական արդարության մասին, մեկ տարվա կյանք ունի։ Նա իր ելույթի խոսքում առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց միջոցառման մասնակիցներին։
«Ուրախ եմ ողջունել բոլորիդ մեր համաժողովում մանավանդ Հայաստանի համար ոչ հեշտ ժամանակներում։ Այսօրվա մարտահրավերների հետ միասին պետք է շարունակենք կրթել ապագա սերունդը, որպեսզի նոր սերունդն ավելի մեծ հնարավորություններ ունենա խաղաղ և արժանապատիվ կյանքով ապրել։ Եվ այս իմաստով ուսուցիչների դերը շատ կարևոր է»,-նշեց Global to Local -ի հիմնադիր և տնօրեն Իրինա Ալեվերտը։
Ուսուցչական համաժողովի նպատակն է հանրային հարթակ հանդիսանալ հանրակրթական ուսումնական հաստատություններում սոցիալական արդարության ջատագովության, սոցիալական անարդարության պատճառների և դրսևորումների քննարկման, մանկավարժական առաջավոր փորձի և կրթական լուծումների տարածման համար՝ համախմբելով կրթության տեղական ու միջազգային դերակատարներին ։
Համաժողովին մասնակցությունն անվճար է։ Մասնակցում են ավելի քան 100 ուսուցիչներ, տնօրեններ, հանրակրթության բնագավառի մասնագետներ, հետազոտողներ և ներկայացուցիչներ։ Համաժողովը վարում է մանկավարժական գիտությունների թեկնածու Միշա Թադևոսյանը։
Համաժողովին ելույթ կունենան 30 բանախոսներ, որոնց թվում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն Վահրամ Սողոմոնյանը, «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի ընտրության բաժնի ղեկավար Հռիփսիմե Խանզադյանը, ԵՊՀ դասախոս, հաղորդակցության և կրթության հարցերով փորձագետ Անի Կոջոյանը, PH International Հայաստան կազմակերպության ներկայացուցիչ Ալեքսանդր Շագաֆյանը, Դիեգո Պորտալես համալսարանի աստղաֆիզիկայի բաժնի ասպիրանտ Տաթեվիկ Մկրտչյանը, «Փոփոխություների թատրոն»-ի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Հայկ Սեկոյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կրթական և մշակութային ծրագրերի գծով մասնագետ Հասմիկ Միքայելյանը, ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի իրավահավասարության հարցերով պատասխանատու Նվարդ Մանասյանը, Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի ղեկավար Հայկուհի Գեվորգյանը, «Իրավունքի գերակայություն» ՀԿ նախագահ Արա Ղազարյանը, «Սիջար» եզդիների ազգային միավորում ՀԿ անդամ, ուսուցիչ Զեմֆիրա Քալաշյանը, Վանաձորի թիվ 20 հիմնական դպրոցի տնօրեն Կարինե Մարգարյանը, Արեգնազան կրթահամալիրի ուսուցիչներ Կարեն Նազարյանը և Սիփան Հայրապետյանը, «Նաիրյան» վոկալ անսամբլի գեղարվեստական ղեկավար Նաիրա Մուղդուսյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը։ Ելույթներով հանդես կգան նաև կազմակերպիչ կողմերը։
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ