Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդների ապահով ու գերժամանակակից տուն՝ Գավառում․ այստեղ կհաճախեն նաև մանկատան սաները (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 14,2022 23:30

Երեկ Գավառում պաշտոնապես բացվեց ոչ ֆորմալ կրթություն ապահովող կարևորագույն կառույցներից մեկը՝ «Երիտասարդների տունը»։

«Գավառի երիտասարդների տունը», ինչպես և հանրապետության մյուս քաղաքներինը, հիմնել է երիտասարդական ոլորտում մեծ փորձ ունեցող «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ ՄԱԿ-ի մանկական ՅՈՒՆԻՍԵՖ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ։

«Երիտասարդների տուն» ունենալու գործում մեծ դերակատարություն է ունեցել նաև Գավառի համայնքապետարանը, որը տարածք հատկացնելուց զատ՝ հոգացել է ծախսերի 60 տոկոսը։

Հիշեցնենք, որ Հայաստանում առաջին «Երիտասարդների տունը» հիմնվել է Գյումրիում՝ 2018 թվականին։ Մեր երկրում ոչ ֆորմալ կրթություն ապահովող բացառիկ մոդելը նախ փորձարկվել է հանրապետության երկրորդ քաղաքում, այնուհետ՝ Սպիտակում, Էջմիածնում, Արմավիրում։

Երիտասարդական տները մասնագետները համարում են «ապահով տարածք», որոնք թեթևացնում են պետության հոգսը՝ աջակցելով դեռահասության շրջանում գտնվող երեխաների շահերի պաշտպանության, նրանց ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման, զբաղվածության ապահովման, մասնագիտական կողմնորոշման հարցերում։

Ոչ ֆորմալ կրթություն ապահովող կառույցներում տարբեր ակումբներ են գործում՝ լուսանկարչական, հեծանվավարության, յոգայի, օճառի պատրաստման, պարի, օտար լեզուների, օրինակ՝ «Էջմիածնի երիտասարդների տանը» նույնիսկ թուրքերեն լեզվի ուսուցման ակումբ կա։ Այս կառույցներում կարևորում են նաև արշավները, որոնք կազմակերպում են հայրենիքը ճանաչել տալու նպատակով։ Այս կառույցներում նաև բանավեճեր են ծավալվում, դեռահասների ու պատանիների վերլուծական միտքն են զարգացնում՝ նրանց նախընտրած դիվանագետների, քաղաքական, հասարակական գործիչների, արվեստի բնագավառի մարդկանց հետ հանդիպումներ կազմակերպում։


«Գավառի երիտասարդների տունը» 5-րդն է հանրապետությունում։ Այն բացառիկ է նրանով, որ նորաստեղծ կառույց հաճախում են նաև Գավառի մանկատան սաները, հաշմանդամություն ունեցող պատանիներ։ Այս պահին «Գավառի երիտասարդների տունը» կրթում է Գավառի ու հարակից համայնքների 12-18 տարեկան շուրջ 150 պատանիների ու երիտասարդների, այն կկարողանա տարեկան սպասարկել 400-500 շահառուի։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Շարունակելու ենք մեր աշխատանքը ոչ միայն նոր կենտրոններ հիմնելու, այլ նաև հնարավորություններ ենք գտնելու ավելի սերտ համագործակցելու երիտասարդների հետ․ չէ՞ որ այսպիսի կենտրոնները ստեղծված են նրա համար, որ դպրոցից դուրս երիտասարդները կարողանան ունենալ իրենց վայրը, որտեղ ոչ ֆորմալ կրթություն ստանալու հնարավորություն կստանան։ Եվ բնականաբար այնպես պիտի անենք, որ այս կենտրոնները ծառայեն համայնքներում երիտասարդների ձայնն ավելի բարձր հնչեցնելու և լսելու դարձնելու»։

Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանն ու փոխքաղաքապետ Գրիգոր Դաշտոյանը իրենց խոսքում շեշտադրեցին ներառականության ապահովման փաստը։ «Ուրախ ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցել այս նպատակի իրականացման ուղղությամբ: Երիտասարդները մեր համայնքի ողնաշարն են, այդ իսկ պատճառով ներդրումներ ենք կատարել հօգուտ դեռահասների և երիտասարդների այս նոր ծառայության ստեղծման՝ բոլորի համար զարգացման համապատասխան հնարավորություններ և ռեսուրսներ ստեղծելու նպատակով: Սա համայնքի ներառականությունն ապահովելու գործում կարևոր օղակ է, քանի որ այն կծառայի նաև Գավառի մանկատանը։ Համոզված ենք, որ այսօրվանից այս կենտրոնը դառնալու է մեր երիտասարդների սիրելի վայրը»,-գրված էր Գավառի համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանի ելույթում։

«Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանն էլ իր ելույթում կարևորեց Գավառի մանկատան սաների կենտրոն այցելելու հանգամանքը։

«Ինչպես տիկին Վայգանդը նշեց՝ այն ապահով տարածք է, որը հասանելի է բոլոր պատանիներին, որոնք 12-18 տարեկան են։ Մեծ ջանքեր են ներդրվել, որ կենտրոնը հարմարեցված լինի հենաշարժողական խնդիրներ ունեցող մեր պատանիների և երիտասարդների համար»,-ասաց Արթուր Նաջարյանը։

Նա նաև ներկայացրեց, թե ինչպես 2018 թվականին Եվրամիության հետ համատեղ Գյումրիում «Գյումրիի երիտասարդների տուն» հիմնելիս՝ շատերը թերահավատորեն էին վերաբերում գաղափարի իրագործմանը։

«Շուրջ 14 տարի է՝ ինչ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնն» աշխատում է Հայաստանում՝ իրականացնելով երիտասարդակենտրոն աշխատանք՝ 14-30, իսկ վերջին մոտ 7 տարին 13-18 տարեկանների համար։

Մեր տարբեր գործընկերությունների շրջանակում փորձեցինք հասկանալ, թե ավելի զարգացած ու քաղաքակիրթ երկրներում ինչպիսի մոդելներ կան երիտասարդների հետ աշխատանքում և սկսվեցին մեր ճանապարհորդությունները, ուսումնական այցերը տարբեր երկրներ։

Բաց երիտասարդական կենտրոնները հիմնական, կարևորագույն մոդելներից էին, որոնց մշտապես հանդիպում էինք։ Եվ երբ 2018 թվականին այս մասին սկսեցինք ավելի բացեիբաց խոսել և Եվրոպական Միության հետ համագործակցությամբ փորձեցինք կյանքի կոչել «Գյումրիի երիտասարդների տան» գաղափարը, շատերը թերահավատ էին այս ամենին։

Ընդամենը մեկ տարի աշխատելով՝ ականատես եղանք կենտրոնի գործունեությանը, տարեկան շուրջ 700 պատանիներ և երիտասարդներ առօրյա գրաֆիկով ստանում են ծառայություններ կրթության, ազատ ժամանցի, մասնագիտական կողմնորոշման, առողջ ապրելակերպի, և սա համայնքում դրական փոփոխություն էր։

Ի ուրախություն մեզ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, որի հետ մենք ունենք հիանալի համագործակցություն, հավատացին այդ առաքելությանը և սատար կանգնելով մեզ՝ արդեն 4 տարի է՝ ինչ Հայաստանի Հանրապետության տարբեր համայնքներում սկսել ենք կյանքի կոչել մեզ համար ժամանակին երազանք հանդիսացող և այսօր դեռ շատ համայնքների պատանիների համար երազանք մնացող «երիտասարդների տան» գաղափարը։

Պատկերացրեք՝ մոդելի բացառիկությունը միայն նրանով չէ պայմանավորված, ինչով մենք աշխատում ենք պատանիների հետ, բացառիկությունը նաև այն է, որ կա եռակողմ համագործակցություն։

Կենտրոնները ստեղծվում են այն համայնքներում, որտեղ համայնքային և մարզային իշխանությունները սատարում են գաղափարը։ Սատարելը պարզապես ողջունելը չէ, համայնքապետարանները տրամադրում են անհատույց տարածքներ և կենտրոնի ստեղծման և գործարկման որոշակի ժամանակից հետո ամբողջապես իրենց վրա են վերցնում կենտրոնի պահպանման և գործարկման ծախսերը»,-ասաց Արթուր Նաջարյանը։

Ըստ նրա, նման կենտրոնների հիմնադրելով՝ փոխում են երիտասարդներ մենթալիտետը, նրանց դարձնում են իրավագիտակից, զարգացած, լայն աշխարհընկալում ունեցող, որոնք վերածվում են առաջամարտիկների՝ իրենց համայնքները բարեկեցիկ դարձնելու գործում։

«Նրանք դառնում են համայնքում խնդիրներ բարձրացնողը, բայց ոչ բողոքողը։ 21-րդ դարի կարևոր հմտությունները՝ ծրագրերի մշակում, կառավարում, որոնք ձեռք են բերում կենտրոններ այցելելով՝ օգտագործում են համայնքների կյանքի որակի բարձրացմանը՝ համագործակցելով իրենց համայնքային իշխանությունների հետ»,- ասաց Արթուր Նաջարյանը՝ տվյալ դեպքում անչափ կարևորելով Գավառի քաղաքային իշխանության դերակատարությունը «Երիտասարդների տուն» հիմնելու գործում։

Նախնական տեղեկություններով, 2023 թվականին Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքում ևս «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը» ՅՈՒՆԻՍԵՖ֊ի հետ համատեղ կհիմնի երիտասարդների տուն։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31