Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինքնակա՞մ, թե՞ պարտադրված հրաժարական․ Շիրակի նախկին մարզպետի պարզաբանումը

Հոկտեմբեր 14,2022 20:35

Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը հրաժարական է ներկայացրել պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնից։

Պատճառը, ըստ  շրջանառվող տեղեկությունների, քաղաքական է,  անմիջականորեն կապված է  Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների հետ․, թեև երեք քաղաքական ուժերն էլ  մանդատները ստացել են, սակայն իշխանություն այդպես էլ չի  ձևավորվում, գուցե և չեղյալ համարվեն ընտրությունները։

ՔՊ-ական վերնախավին դուր չի եկել այն հանգամանքը, որը Տիգրան Պետրոսյանի սատարած քաղաքական ուժը՝ նորաստեղծ «Հայկական երազանք» կուսակցությունը, կոալիցիա չի ձևավորում ՔՊ-ի հետ։ «Հայկական երազանքը» պայման է դրել․ պատրաստ է  իշխանություն ձևավորել  միայն մի դեպքում, եթե համայնքապետի թեկնածու առաջադրեն Ագուն Սաղաթելյանին։ Մինչդեռ այս ուժը ստացել է ընդամենը երեք մանդատ։

Անիում  հիմնական ընտրապայքարը ընթացել է «Ազգ-համայնք» դաշինքի և ՔՊ-ի միջև,  սակայն ոչ մեկը, ոչ մյուսը չեն կարող  միանձնյա իշխանություն  ձևավորել, չեն հավաքել ձայների կեսից ավելին։

Այս երկու ուժերը չեն կարող նաև  համատեղ կոալիցիա կազմել, քանի որ այստեղ խոսքն այսպես ասած նախկինների ու ներկաների մասին է․ «Ազգ-համայնք» դաշինքը գլխավորում է 18 տարվա ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանը․ նա ստացել է 10 մանդատ, իսկ ՔՊ-ն՝ «Հայ Փոստի» տեղի պատասխանատու Արման Սարիբեկյանը։ Այս ուժը ստացել է 8 մանդատ։

Այս երկու ուժերն էլ ակամա կախյալ վիճակում են հայտնվել Ագուն Սաղաթելյանից, որին ջերմորեն սատարում է Տիգրան Պետրոսյանը։

Ըստ տարածված տեղեկությունների, « Հայկական երազանք» կուսակցության թեկնածու Ագուն Սաղաթելյանի՝ Անիի համայնքապետ դառնալու պայմանն էլ դարձել է Տիգրան Պետրոսյանի հրաժարականի պատճառ։

Նախկին մարզպետը, որը ուղիղ մեկ տարի կառավարեց իր «հարազատ բուհը», քիչ առաջ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ կշարունակի աշխատել այնտեղ՝ որպես դասախոս, սակայն իրեն չի տեսնում կրթության ոլորտի պաշտոնատար անձի կարգավիճակում։ Նա նաև նշել է, որ ինքն է հրաժարական ներկայացրել՝ լրատվական դաշտին հորդորելով սենսացիոն վերնագրեր չտեղադրել։
«ՀԱՊՀ հարգարժան գործընկերներ, մասնաճյուղի սիրելի ուսանողներ և աշակերտներ,

Երեկ, ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում, վերջին անգամ մասնակցել եմ մասնաճյուղի գիտական խորհրդի նիստին, որտեղ ներկայացրել եմ մասնաճյուղի 2021-2022թթ. ուսումնական տարվա գործունեության հաշվետվությունը, մասնաճյուղի և ընդհանրապես մարզային կրթության բնագավառում առկա մարտահրավերներին դիմագրավելու նշմարվող ուղիների իմ տեսլականը: Օգտվելով առիթից՝ իմ խորին շնորհակալություն եմ հայտնել մայր ԲՈՒՀ-ի և մասնաճյուղի ողջ անձնակազմին, ուսանողական ու աշակերտական համակազմին՝ նպատակասլաց և արդյունավետ աշխատանքային տարվա համար: Հուսամ, անձամբ առիթ և ցանկություն կունենաք այցելելու, ծանոթանալու պոլիտեխնիկական մեր նորացված առօրյային և ինչու ոչ ձեր և ձեր հարազատների կրթության կարևոր առաքելությունը վստահել մեր մասնաճյուղին:

Նշեմ, որ դիմում էի ներկայացրել ՀԱՊՀ ռեկտորին մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ, որն ընդունվել է: Շնորհակալ եմ Գոռ Վարդանյանին լիարժեք վստահության և այս ամբողջ ընթացքում մասնաճյուղին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար, որի վերջին դրսևորումն էր հենց երեկ մասնաճյուղում բացված նոր համակարգչային լաբորատորիան: Առավել քան վստահ եմ, որ Պոլիտեխնիկը լուրջ առաջընթաց է գրանցելու նրա ղեկավարման տարիներին:

Այս ընթացքում շրջանառվող շահարկումներին վերջ տալու նպատակով՝ շեշտեմ, որ սույն որոշումն ամբողջությամբ իմն է: Շարունակելու եմ դասավանդել իմ հարազատ ԲՈՒՀ-ում, ղեկավարել ուսանողների ավարտական աշխատանքներ, աշխատել և ջատագովել հանուն մեր երկրում և հատկապես մարզերում որակյալ կրթական միջավայրերի ձևավորման, սակայն օրվա իրողություններում ինձ չեմ տեսնում կրթության ոլորտի պաշտոնատար անձի կարգավիճակում:

Չեմ ցանկանում առավել ընդլայնվել պատճառների ներկայացման հարցում, և պետք է խնդրեմ լրատվական դաշտին պարզապես ի գիտություն ընդունել այս մոտեցումը և դրանից վերնագրեր չսարքել. «սենսացիոն» վերնագրերի պակաս այսօր ցավոք չկա…

Հաջողություններ եմ ցանկանում իմ գործընկեր Արթուր Կոստանդյանին այս պատասխանատու պաշտոնում և աջակցությունս եմ հայտնում Գյումրու մասնաճյուղի զարգացման բոլոր նախաձեռնություններում», -գրել է նախկին մարզպետը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31