Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրու քաղաքապետարանն ապօրինաբար, ճնշումների ներքո քանդում է մեր կիսակառույցը»․ ավագանու նախկին անդամ

Հոկտեմբեր 03,2022 22:11

Այսօր Aravot.am-ին էր ահազանգել Գյումրու ավագանու  նախկին անդամ Ավետիս Առաքելյանը՝ դժգոհելով, որ Գյումրու քաղաքապետարանն ապօրինաբար քանդում  է իրենց ընտանիքին պատկանող կիսակառույց շինությունը, որը գտնվում է Սուրեն Մատնիշյան  փողոցի 65 տան դիմաց։

Ավետիս Առաքելյանի ներկայացմամբ, տվյալ տարածքը, որտեղ ժամանակին տեղադրված  են եղել տնակներ, իր հայրը տնակատիրոջից գնել  է դեռ 2002 թվականին։ Երկու տնակները դատարանի որոշմամբ ապամոնտաժվել են, քաղաքապետարանը կատարել  է դատարանի պահանջը (տես փաստաթղթում), իսկ կիսակառույցը մնացել է, քանի որ դատարանի վճռում որևէ խոսք չի եղել հարակից կառույցի ապամոնտաժման մասին։

Առաքելյանների ընտանիքը երկու անգամ դիմում է գրել Գյումրու քաղաքապետարան, որ այդ տարածքի համայնքապատկան հողը հատկացնեն իրենց,  կիսակառույցը սեփականաշնորհվեն, մի անգամ մերժել են, թե  վիճահարույց հարցեր կան (այդ ժամանակ փոխքաղաքապետը Ռուբեն Սանոյանն էր), երկրորդ անգամ էլ  պատասխանել են, թե  վարչական վարույթի նիստում  կքննարկեն դիմումը,  դիմումատուին էլ կհրավիրեն նիստի։ Սակայն մինչ վարույթի նիստ հրավիրելն ու քննարկելը,  քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետի ժ/պ Ա․ Չախոնյանի զեկուցագրի հիման վրա այսօր այն քանդել են կիսակառույցը։

Ավետիս Առաքելյանը սա որակում է ապօրինություն, երբ քաղաքացուն մի կողմից պատասխանում են, որ հարցը քննարկման փուլում է , մյուս կողմից՝ առանց քննարկման, առանց պատասխանի ու փաստաթղթի՝  կիսակառույցը հողերին են հավասարեցնում։

Ավետիս Առաքելյանը նշում է, որ քաղաքապետարանը գործում է մարզի բարձրաստիճան պատշոնյաներից մեկի ճնշման ներքո, որը իրենց հարևանն է։ Նա անուն չի հնչեցնում, սակայն նշում է, որ հարկ եղած դեպքում կբարձրաձայնի՝ ով է այդ պաշտոնյան, որը, Ավետիս Առաքելյանի բնութագրմամբ, չարաշահում է իր պաշտոնական դիրքը։

«Կառույցը մեզ պատկանում է  այսպես ասած բանավոր տեսքով, մենք տվյալ պահին չունենք հողհատկացման վկայական, բայց դիմել ենք քաղաքապետարան։ Մի անգամ դիմել ենք 14․05․2020 թվականին, մերժվել ենք,  15 օր առաջ նորից ենք դիմել, մեր դիմումի պատասխանը մինչև օրս  չենք ստացել, բայց թաղի բոլոր բնակիչներին որ հարցնենք, բոլորը միաբերան կպնդեն, որ  այն պատկանում է մեր ընտանիքին։

Հայրս դրա դիմաց վճարել է 5000 դոլար, ոչ մի թուղթ չի վերցրել։ Մահացել էր այդ ընտանիքի տղամարդը, կինն ու նրա մայրը  մոտեցել էին հորս, ասել, որ գումար չունեն հանգուցյալին հուղարակվորելու։

Հայրս  գումար էր տվել նրանց, իսկ  երբ  այդ մարդիկ տուն ստացան, բերեցին բանալիները մեզ տվեցին, ասին՝ շնորհակալ ենք ձեզանից։
Երբևիցե չենք մտածել, որ ինչ-որ մեկը կարող է գալ  մեր թաղի մեջ, ասել, որ ձեր տան դիմացի կիսակառույցը պիտի քանդեք։

Հարցնում ես՝ ինչի՞ հիման վրա եք քանդում կիսակառույցը, պատասխանում են՝ դատարանի վճռի, բայց նորից եմ կրկնում, դատարանի որոշման մեջ կիսակառույցը քանդելու մասին խոսք չկա, այնտեղ խոսք է գնում տնակները քանդելու մասին, որը և ժամանակին կատարվել է քաղաքապետարանի կողմից․ տնակներն այլևս չկան։ Ասում եմ՝ բացեք դատարանի որոշումը, մի տեղ ցույց տվեք, որտեղ նշված է կիսակառույցը կամ կից շինությունն ապամոնտաժել, ես ասեմ խնդիր չկա, դուք օրենքով եք գործում, բայց նման տող չկա, այստեղ լրիվ ապօրինություն է տեղի ունենում։

Ինձ չեն հատկացնում հողը, չեն սեփականաշնորհում կիսակառույցը և կատարում են քանդման աշխատանքները։ Մենք ասել ենք, պատրաստ ենք գումարը մուծել, օրինականացնել, քաղաքապետարանից միշտ հայտարարում են՝ եկեք, դիմեք, ձեր ապօրինի շինությունները, կիսակառույցներն օրինականացրեք, պատրաստ ենք աջակցել ձեզ, խնդրեմ՝ վառ օրինակ, թե ինչպես են անում։

Մեզ փաստացի վնաս տվեցին, ապօրինություն ու անօրինականություն է տեղի ունենում: Օրենքի ոչ մի տառ չկա էստեղ, եթե դատարանի որոշում լինի, ես պատրաստ եմ ենթարկվել դատարանի որոշմանը, բայց անօրինական քանդում են ինչ-որ մարդկանց՝ բարձր պաշտոն զբաղեցնող անձի ճնշման ներքո։

Բարձր պաշտոնյա է, իր պարիսպը կառուցել է, հիմա ապօրինաբար ուզում է զավթել  համայնքապատկան հողը։ Ես նաև տեղյակ եմ, որ քաղաքապետարանը իրեն չի հատկացրել նույնիսկ մուտքի հատված»,-ասաց Ավետիս  Առաքելյանը։

Նա պատրաստվում է դիմել դատարան։

«Ես պատրաստվում եմ օրենքի տառով շարժվելու, գտնում եմ, որ այս ամենը պիտի մտնի իրավական դաշտ, փաստաբան եմ վարձելու, թող փաստաբանը զբաղվի այս ամենով և ճշտի՝ արդյոք այս գործողությունները օրենքի սահմաններո՞ւմ են։ Թող դատարանով, իրավապահ մարմիններով որոշումը կայացնեն, եթե  օրենքի սահմաններում է , լավ, եթե՝ոչ, թող պատասխան տան այս ապօրինությունները կատարողները»։

Գյումրու քաղաքապաետարանից մեզ պարզաբանեցին, որ կիսակառույցի քանդման  համար հիմք են ընդունել 24․10․2019թ․-ի Շիրակի մարզի ընդհանուր իրավասաության դատարանի որոշումը, որտեղ մասնավորապես գրված է․ «Հայցվոր Հրանտ Ներսեսի Ներսիսյանի հայցը սեփականության իրավունքի խախտումները վերացնելու պահանջի մասին, բավարարել։ Պարտավորեցնել  Գյումրու համայնքին տեղափոխել Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 3/1, 3/2 հասցեներ տանող ճանապարհը փաստացի արգելափակող Գյումրի համայնքի թիվ 116/04 և 116/042 տնակները»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31