Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Ամենավաճառվող» քաղաքական ապրանքը

Սեպտեմբեր 27,2022 10:00

Երբ ես գրում էի, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իսկ ավելի ճիշտ՝ անձամբ Փաշինյանը, էապես ավելի բարձր վարկանիշ ունի, քան մնացած կուսակցությունները, շատերն ինձ հետ վիճում էին, եւ ասում, որ չեն հավատում Gallup International– ի եւ NDI-ի հարցումներին: Բայց անցած կիրակի կայացած ՏԻՄ ընտրությունները հաստատեցին այդ վարկածը: Ընտրությունների արդյունքները իշխանության կողմնակիցները համարում են ՔՊ-ի համոզիչ հաղթանակ, իսկ հակառակորդները՝ նույն կուսակցության ջախջախում: Բայց իրականությունն այն է, որ իշխող ուժը համայնքների մոտավորապես կեսում հաղթել է, իսկ մյուս կեսում՝ պարտվել: Դա նշանակում է, որ ընդհանուր գումարով՝ ՔՊ-ն հավաքել է նույնքան, որքան մնացած բոլոր՝ տասնյակից ավելի կուսակցությունները: Այսինքն՝ եթե ՏԻՄ ընտրությունների արդյունքները տարածենք համապետական ընտրությունների վրա, ինչն, իհարկե, գիտական առումով, այնքան էլ կոռեկտ չի լինի, ապա դարձյալ կստացվի, որ ՔՊ-ն ԱԺ ընտրություններում կհավաքի մոտ 50 տոկոս, իսկ մնացած կուսակցությունները՝ 5, 10, 20, առավելագույնը՝ 25 տոկոս:

Պարզ է, որ դա ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին դուր չի գալիս: Բայց եթե այն ուժերը, որոնց տվյալ քաղաքացիները համակրում են, լուրջ մտադրություններ ունեն, ապա նրանք պետք է ընդունեն իրականությունը, եւ ոչ թե առաջնորդվեն իրենց ցանկություններով եւ երազանքներով:

Իսկ իրականությունն այն է, որ, օրինակ, Իշխանասարում, որի մոտակայքում գտնվում են ադրբեջանական ստորաբաժանումները, բնակիչները ձայն տվեցին ՔՊ-ին: Պատճառների մասին կարելի է բազմաթիվ ենթադրություններ անել՝ նրանց չի հուզում թշնամու ներկայությունը, կամ գուցե՝ նրանք մտածում են՝ թող ադրբեջանցիները լինեն իրենց քթի տակ, միայն թե՝ նախկինները չվերադառնան: Բայց որ բացատրությունն էլ ընտրեք՝ դուք չեք կարող հերքել ակնհայտ իրողությունը:

Սառը, հույզերից զուրկ քաղաքական վերլուծության մեջ չպիտի տեղ գտնեն քաղաքացիների հասցեին մեղադրանքները, առավել եւս՝ վիրավորանքները: Քաղաքական ուժերը պետք է պատրաստվեն հերթական ՏԻՄ, այդ թվում՝ Երեւանի ավագանու, եւ հերթական խորհրդարանական ընտրություններին՝ հաշվի առնելով ստեղծված իրողությունները եւ այն հանգամանքը, որ «ամենավաճառվող» քաղաքական ապրանքը շարունակում է մնալ ատելությունը նախկինների հանդեպ, որը վերջերս հաճախ համեմվում է «5-րդ շարասյան» հասցեին մեղադրանքներով:

…Ի դեպ, կարող եք հարցնել՝ իսկ որտե՞ղ են ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն: Պատասխանը պարզ է: Դրանք տեղական մակարդակներում սահուն կերպով վերափոխվեցին ՔՊ-ի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Սևակ says:

    Ես մի բան հաստատ գիտեմ. նիկոլ ընտրող ազգն ապագա չի կարող ունենալ

  2. Ջորդանո Գալիլյան says:

    Gallup-ի ու NDI-ի հարցումները, անկախ իրենց հավաստիության աստիճանից, չի կարելի կապել ՏԻՄ «ընտրությունների» արդյունքների հետ: Տեղերում պողոսը միշտ ընտրել է եւ անցած կիրակի էլ ընտրեց կոնկրետ մարդկանց («հարց լուծող», «գործ անող», «լավ մարդ»), այլ ոչ թե քաղաքական սկզբունքներ ու կուսակցություններ: ՏԻՄ ընտրություններում թեկնածուները ուղղակի ստիպված են ինչ որ մի կուսակցական կնիք կպցնել իրենց վրա: Զարմանալի չէ, որ որ նույն մարդը հաղթելու ակնկալիքով երեկ չէ մյուս օրը ԲՀԿ-ական էր, երեկ՝ ՀՀԿ-ական, իսկ այսօր՝ ՔՊ-ական: Վաղը նա կարող է շատ հանգիստ դառնալ «Տկար Հայրենիք» դաշինքի կամ «Մեռնելու Երկիր» կուսակցության սկզբունքային ներկայացուցիչը, իսկ վաղը չէ մյուս օրը՝ մտնել «Ջլատված Համայնք» կամ «Դեպի Վիլայեթ» դաշինքը…

    Այնպես որ կարելի է համոզված ասել, որ այս «ընտրություններում» ոչ ՔՊ-ն է հաղթել, ոչ էլ ընդդիմությունն է պարտվել, կամ էլ՝ հակառակը: Որոշ չափով քաղաքական կարող են լինել Երեւանի քաղաքապետի ընտրությունները, եթե ընդդիմությունը մատների արանքով չնայի դրանց վրա եւ իհարկե՝ եթե մեծարգո պարոն մուրացկանին հաջողվի մինչեւ այդ պահը դեռեւս կառչած մնալ իր ազգակործան աթոռին…

  3. garo says:

    Վերջին պարբերությունը ապացուցում է, որ ընտրությունները կեղծվում են: Նույն այսպես կոչված թաղային/գյուղային հեղինակությունները, տասովշիկները հիմա ՔՊ -ի համար են տոկոս խփում:
    Նիկոլագռզո դաշինքը դառելա սովորական ընտրություն կեղծող հիմնարկ, էլ հնարավոր չի ընտրությունով իր վարկանիշը որոշել:
    Համոզված եմ, որ Իշխանասար գյուղում ասել են գնա սրա օգտին քվերակի խելոք քվեարկել են, նույն կերպ ոնց ժամանակին ՀՀՇ-ի օգտին են քվեարկել, հետո ՀՀԿ-ի:

  4. Լավատես says:

    Նոր մարտահրավերներին նոր մոտեցումներ են պետք, այդ թվում եւ ընտրական համակարգում, օրինակ, ես գտնում եմ, որ ընտանիքի անդամներն իրենց միջից ընտրում են հրամանատար, նրա հետ քննարկում խնդիրներն ու դրանց լուծումները, իսկ քննարկման արդյունքում ընտանիքի հրամանատարը վերջնական որոշում է ընդունում եւ այդ որոշում հրամանին ընտանիքի բոլոր անդամները ենթարկվում են արդեն առանց հակաճառելու, եթե նույնիսկ դեմ լինեն: Նմանապես, համայնքի ընտանիքների հրամանատարներն իրենց միջից ընտրում են համայնքի հրամանատար, քննարկում խնդիրներ հրամանատարի հետ եւ վերջում ենթարկվում նրա հրամանին: Համայնքների հրամանատարներն էլ իրենց միջից ընտրում են պետության գլխավոր հրամանատար, քննարկում նրա հետ խնդիրներ եւ քննարկման վերջում գլխավոր հրամանատարը հրաման է արձակում, որին ենթարկվում են համայնքի հրամանատարներն անվերապահորեն: Նույն կերպ եւ վերպետական մակարդակներում: Նման բան չկա ոչ մի տեղ, մերը ստեղծենք, հո միշտ ուրիշների հետեւից չե՞՛նք գնալու, այնպես որ ինչքան շատ նոր գաղափարներ առաջարկենք, այնքան լավն ընտրելու ավելի շատ հնարավորություն կունենանք:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930