Գրականագետ Ռոբերտ Բաղդասարյանի 75-ամյակին
Ռոբերտ Անդրանիկի Բաղդասարյանը բանասիրական գիտությունների դոկտոր, գրականագետ, լեզվաբան, արձակագիր, հրապարակախոս է, որը իր ուրույն տեղն է գրավում հայ գիտության մեջ, հասարակական-մշակութային կյանքում:
Ծնվել է Երեւանում՝ 1947 թ. սեպտեմբերի 20-ին, մի ընտանիքում, որի ակունքներն ու արմատները – վանեցիներն ու նոր-նախիջեւանցիներն են: Եվ բնական ու ներդաշնակ էր նրա հետաքրքրությունը ոչ միայն մայրենի հայոց լեզվի եւ գրականության, մշակույթի եւ պատմության նկատմամբ, այլ նաեւ նվիրվածությունը ռուսաց լեզվին եւ գրականությանը, ռուսական մշակույթին, որոնք դարձան իր մասնագիտական գործունեության եւ հոգեւոր զարգացման անկյունաքարերից մեկը:
Անցել է կյանքի հետաքրքիր ճանապարհ, որը բնորոշ է սովետահայ սերունդներին: Բուհն ավարտելուց հետո նշանակվել է աշխատանքի Լոռվա լեռնային գյուղերից մեկում՝ Ղաչաղանում (այժմ՝ Արեւածագ) որպես ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցիչ, ապա զորակոչվել է Խորհրդային բանակ, ծառայելով Ռուսաստանում, Լենինգրադի մարզի Վիբորգ քաղաքի զորամասերից մեկում: Վերադառնալով հարազատ Երեւան, անցել է աշխատանքային գործունեության, որը շարունակում է մինչ օրս: Երեւանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտում ուսման տարիներին նրա դասախոսների թվում են եղել անվանի գրականագետներ եւ լեզվաբաններ Տ.Հախումյանը, Զ. Յասինսկայան, Մ. Միրզա-Ավակովան, Վ. Չիտունին, Ռ. Մանուչարյանը եւ այլք, որոնք նկատել էին իրենց շնորհալի ուսանողի պրպտուն միտքը, խոր գիտելիքները, գիտական ջիղը, կանխագուշակել նրա ապագա հետազոտությունների ուղիներն ու հեռանկարները, մեծ հույսեր կապել՝ որպես ապագա փայլուն գրականագետի եւ գործընկերոջ՝ բուհական համակարգում:
Կարդացեք նաև
Ռ. Բաղդասարյանի ուսանողական եւ հետագա տարիները ցույց տվեցին, որ նա մեծ հետաքրքրություն է տածում հիմնականում Հայաստանի ու Ռուսաստանի գրական-մշակութային եւ պատմա-հասարակական հարաբերությունների հարցերին:
20-րդ դարի, մասնավորապես խորհրդային ժամանակաշրջանի, հայ-ռուսական գրական կապերը լրջորեն հետազոտող գիտնականը հարստացրել է գրականագիտությունը եւ գրաքննադատությունը բազմաթիվ գիտական հոդվածներով, մի շարք հետաքրքիր գիտական մենագրություններով – «Նիկոլայ Տիխոնովը եւ Հայաստանը» (1995), «Անտոկոլսկին եւ Հայաստանը» (2004), «Կարեն Միքայելյան. ստեղծագործությունը եւ ավանդը ռուս-հայկական գրական-մշակութային փոխադարձ կապերում» (2010) եւ այլք: Նրա գիտական եւ ստեղծագործական ակտիվում է ավելի քան երկուհարյուր հոդված՝ հայկական եւ ռուսական պարբերականներում:
Բաղդասարյանի ամենամեծ գրականագիտական վաստակը կարելի է, անշուշտ, համարել «Կարեն Միքայելյան. ստեղծագործությունը եւ ավանդը ռուս-հայկական գրական-մշակութային փոխադարձ կապերում» գիրքը. այն գրավեց ոչ միայն հայ եւ ռուս բանասեր մասնագետների ուշադրությունը, այլ նաեւ բավականին լայն հասարակության հետաքրքրությունն առաջացրեց եւ Հայաստանում, եւ Ռուսաստանում:
Մենագրությունը առաջինն ու միակն է հայ եւ ռուս գրականագիտության մեջ, որտեղ լուրջ գիտական մակարդակով բազմակողմանի ներկայացված է 1937-ին բռնադատված անվանի հայ արձակագիր, թարգմանիչ, գրական-մշակութային գործիչ, մոսկվաբնակ, ծագումով ագուլիսցի, Կարեն Սարգսի (ռուսական միջավայրում՝ Գերասիմ Սերգեյի) Միքայելյանի հարուստ կյանքը, գրական-հասարակական եւ հայրենասիրական բեղմնավոր գործունեությունը: Միքայելյանի բարեկամների եւ գործընկերների թվում էին Տերյանը, Չարենցը, Բրյուսովը, Տիխոնովը, Անտոկոլսկին եւ այլք: Կարեն Միքայելյանի լուսահոգի կրտսեր զավակը՝ մի շարք հայտնի խորհրդային ֆիլմերի հեղինակ, կինոռեժիսոր Սերգեյ Միքայելյանը անմիջապես արձագանքեց ջերմ շնորհակալական նամակով իր նշանավոր հոր մասին գրքի հեղինակին. «Հարգելի Ռոբերտ Անդրանիկի, շատ շնորհակալ եմ Ձեզ: Մեծ հետաքրքրությամբ եւ ալեկոծված սրտով կարդացի ձեր գիրքը. հրաշալի, մանրակրկիտ, իմաստուն եւ մեծ աշխատանք: Կարդալուց հետո իմ մանկության հիշողությունները, ցրված տեղեկությունները, հորս կյանքի ինձ քիչ հայտնի տարիները միացվեցին եւ Ձեր շնորհիվ ձեռք բերեցին հզոր, համարձակ, տաղանդավոր գրող-հայրենասերի կերպարը»:
Ռոբերտ Բաղդասարյանի գիտական հետաքրքրությունները դուրս են գալիս բուն բանասիրական բնագավառից: Նա լրջորեն զբաղվել է նաեւ հայ ժողովրդի պատմության, մասնավորապես Մեծ Եղեռնի, ուսումնասիրությամբ: Գիտնականի գրչին է պատկանում 2003 թվականին լույս տեսած «Ցեղասպանությունը եւ Ռուսաստանի հայ մտավորականությունը» ծավալուն մենագրությունը: Այս աշխատանքով բանասերը իրեն դրսեւորեց նաեւ որպես բանիմաց պատմաբան, ծանոթացնելով ընթերցողին ռուսահայ մտավորականության ականավոր ներկայացուցիչներ Գ. Ջանշիեւի, Ա. Ջիվելեգովի, Գ. Չալղուշյանի, Կ. Միքայելյանի եւ այլոց մշակութային-հասարակական եւ ազգային-հայրենասիրական գործունեությանը՝ հայերի ցեղասպանության տարիներին, ներկայացնելով նաեւ սեփական տեսակետները եւ մոտեցումները նշված գործիչների եւ դաժան դարաշրջանի վերաբերյալ:
Գիտնականը այսօրվա Հայաստանում ոչ միայն ճանաչված գրականագետ է, այլեւ ռուսաց լեզվի եւ ռուս գրականության լավագույն մասնագետներից մեկը: Նա տարբեր տարիներին դասավանդել է լեզու, գրականություն, գրականագիտության տեսություն, հայ-ռուսական գրական կապերի հատուկ դասընթացներ մի շարք բուհերում, այդ թվում իր alma mater-ում, եղել ռուս գրականության գծով ՀՀ Ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի մասնագիտացված գիտխորհուրդի անդամ, ընդդիմախոսել բազմաթիվ թեկնածուական եւ դոկտորական թեզեր: Ռոբերտ Բաղդասարյանը նաեւ ստեղծագործական միությունների անդամ է. 1981-ից՝ ԽՍՀՄ/Հայաստանի ժուռնալիստների միության, 2013-ից՝ Հայաստանի գրողների միության:
Հայտնի գիտնական եւ ակտիվ քաղաքացի Բաղդասարյանը պատկանում է այն մարդկանց շարքին, ով խորապես տեղյակ է ժամանակակից հայկական, ռուսական եւ համաշխարհային քաղաքական ու գրական-հասարակական զարգացումներին, հայ իրականության ընթացիկ խնդիրներին: Դրա մասին են վկայում նրա խորիմաստ, երբեմն սուր հարցադրումներով, հոդվածները տեղական եւ ռուսաստանյան մամուլում, վկայելով նրա հրապարակախոսական տաղանդի մասին («Լիտերատուրնայա գազետա», «Լիտերատուրնայա Արմենիա», «Գոլոս Արմենիի», «Գրական թերթ», «Նորք», «Գարուն» եւ այլն): Նրա վառ, արտահայտիչ, գեղարվեստական եւ լրագրողական՝ միայն իրեն բնորոշ ոճով գրված հոդվածներն ու ակնարկները՝ Սայաթ-Նովայի, Իսահակյանի, Թումանյանի, Տերյանի, Չարենցի, Պուշկինի, Նեկրասովի, Գորկու, Բրյուսովի, Գորոդեցկու, Տիխոնովի, Անտոկոլսկու, Էրենբուրգի, Բուլգակովի եւ գրականության այլ երեւելիների մասին, գրավել են գրքասեր շրջանակները, արժանացել գրականագետների ուշադրությանը:
Բաղդասարյանը նաեւ գրող է՝ «փոքր արձակի» ժանրում, որի ռուսալեզու լակոնիկ եւ պարզ ուրույն պատմվածքներն ու նովելները տպագրվել են Երեւանում ժողովածուների տեսքով («Ժամանակի ծամածռություններ», 2012, «Մայրամուտին», 2013, «Ունայնություն ունայնությանց», 2014, «Ղաչաղան. Լոռվա նոթեր», 2016, եւ այլն), ծանոթացնելով 20-րդ դարի երկրորդ կեսի հայ իրականության, երեւանցիների կյանքի հետ, նրբորեն նկարագրելով մարդկային ճակատագրերը, հարաբերությունները, հույզերը, մտորումները: Այդ գործերը նույնպես գտել են իր շնորհակալ ռուսալեզու ընթերցողին…
Գիտնականի ուղին արժանապատիվ, արդյունավետ եւ արգասավոր է, լի հաջողված ուսումնասիրություններով: Երկու տասնամյակից ավելի հոբելյարը իր գիտահետազոտական գործունեությունը հաջողությամբ համատեղում է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պատասխանատու, բարձր գնահատված աշխատանքով, պարգեւատրվել ԱԺ Նախագահի շնորհակալագրով (2005, 2012 թթ.): Ցանկանք վաստակաշատ գիտնականին եւ մտավորականին նորանոր ստեղծագործական հաջողություններ, քաջառողջություն եւ արեւշատություն:
Միքայել ԱՄԻՐԽԱՆՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր
«Առավոտ» օրաթերթ
20.09.2022
Առաջին անգամ ենք լսում նրա անունը:
Աննա, դա ձեր, այլ ոչ թե իմ պրոբլեմն է…