Գյումրու Անի թաղամասի Հակոբ Մծբնեցի եկեղեցուց այսօր եկեղեցական ու զինվորական արարողակարգերով հուղարկավորեցին ժամկետային զինծառայող 19-ամյա Սերյոժա Գրիգորյանին։
Եկեղեցականներից, ինչպես նաև հերոսին ճանաչող երիտասարդներից տեղեկացանք, որ նա տան միակ արու զավակն էր, ունի իրենից փոքր դպրոցահասակ քույր։
Երիտասարդը բանակից պիտի վերադառնար 3 ամիս անց։ Նա հարսնացու ուներ, ոմանք ասացին՝ նշանված էր։
Մեզ նաև տեղեկացրեցին, որ Սերյոժան պետական երաժշտական քոլեջ է ավարտել, նրա հարսնացուն ևս արվեստագետ է, երգում է հոգևոր երգչախմբերից մեկում։
Կարդացեք նաև
Եկեղեցականների բնութագրմամբ՝ Սերյոժան համեստ, զուսպ ընտանիքի զավակ է․ հայրն աշխատում է ՌԴ-ում։
Սերյոժան նահատակվել է Մարտունիի շրջանում։
Անի թաղամասում՝ Շիրակի պետական համալսարանի դեմ-դիմաց՝ Պարույր Սևակ փողոցում, որի շենքերից մեկում բնակվում էր Սերյոժա Գրիգորյանը, սև ժապավեն է փակցված։
Հերոսին հուղարկավորել են Շիրակ գերեզամանատան պանթեոնում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ