Լրահոս
Օրվա լրահոսը

Մտքում ունենալով պատերազմը

Սեպտեմբեր 16,2022 10:00

Հայաստանը գտնվում է պատերազմական վիճակում, որը շարունակվելու է տարիներ, գուցե եւ՝ տասնամյակներ, եթե, իհարկե, հաջողենք պահպանել մեր պետությունը: Այդ դաժան իրականությունը, ինձ թվում է, մինչեւ վերջ չի գիտակցվում մեր երկրի իշխանությունների, քաղաքական ուժերի, հասարակության մեծ մասի կողմից:

Գիտակցելով այդ վիճակը՝ պետք է, հավանաբար, հասկանալ, որ իմաստ չկա սպասելու, թե վաղը կամ մյուս օրը «ամեն ինչ կդզվի», եւ այդ պատճառով հետաձգել որեւէ աշխատանք կամ որեւէ ծրագիր՝ մինչեւ այդ վիճակն ավարտվի: Բոլոր պետական, տնտեսական, կրթական, մշակութային կառույցները պետք է աշխատեն, եւ աշխատեն ավելի լավ, քան ենթադրելի  (եւ մոտ ժամանակներում՝ անիրական) խաղաղ ժամանակներում: Աշխատեն՝ մտքում ունենալով պատերազմը:

Առաջնահերթությունն, իհարկե, բանակն է: Իմ տպավորությամբ՝ մենք հիմա թերագնահատում ենք մեր զինված ուժերի մարտունակությունը, ինչպես որ՝ գերագնահատում էինք 2020 թվականից առաջ: Ես, օրինակ, վստահ եմ, որ ադրբեջանական առաջխաղացումը վերջին հարձակման ժամանակ կասեցրել է հենց մեր բանակը: Չնսեմացնելով միջազգային գործընկերների դերը՝ կարող ենք արձանագրել, որ մեր զինծառայողներն այս հարցում վճռորոշ դեր են խաղացել:

Բանակի, անվտանգության հարցում Հայաստանի իշխանություններից պահանջվում է որոշակի լրջություն: Մասնավորապես, կառաջարկեի, որ վարչապետ Փաշինյանը կամ էլ այն մարդիկ, որոնք հետագայում կղեկավարեն երկիրը, կարդան 100 էջանոց հայտերը, որոնցում մեր զինվորականները միլիոնավոր դոլարներ են նախատեսում սպառազինությունների համար: Թերեւս ֆեյսբուքյան ստատուսներ եւ մեկնաբանություններ կարդալն ավելի հետաքրքիր զբաղմունք է, բայց պետության առաջին դեմքի պարտականությունների մեջ, կարծում եմ, մտնում է նման «ձանձրալի» փաստաթղթեր կարդալը: Ի դեպ, ենթադրում եմ նաեւ, որ այդ մակարդակի պաշտոնյան պետք է ավելի հստակ, ավելի կայուն լինի իր համոզմունքներում ու մտադրություններում: Եվ մի քանի ժամում 180 աստիճանով չփոխի իր խոսքը՝ «ստորագրում եմ»-«չեմ ստորագրում»:

Ես այն կարծիքին չեմ, որ պատերազմի ժամանակ քաղաքական կյանքը պիտի ամբողջապես սառեցվի: Թող լինեն նաեւ հանրահավաքներ, չնայած, մարտական գործողությունների պարագայում դրանք առանձնապես սրտովս չեն: Իշխանության եւ ընդդիմության բանավեճը պետք է շարունակվի: Ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես եւ ինչի շուրջ է այդ բանավեճն ընթանում: Այժմ ես տեսնում եմ անդաստիարակ մարդկանց մանր, անիմաստ, գավառական հրմշտոց:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Սևակ says:

    Բանակի և Աստծո օգնությամբ դուրս գանք այս վիճակից, Հայ ժողովրդի առաջին խնդիրը պետք է լինի վարչապետի աթոռին լղոզված, ոչ ադեկվատ, մեզ ու աշխարհին անհասկանալի այս արարածին պաշտոնից հեռացնելը: Ժողովուրդն անձամբ իրեն չի ընտրել, ընտրել է կուսակցությանը և պետք է պահանջի իշխող կուսակցությունից՝ ներկայացնել նոր, խելքը գլխին թեկնածու և հեռացնել սրան: Մենք ժամանակ չունենք:

  2. Հայկ համբարձումեան says:

    Պատերազմ կրնան մղել միայն պետութիւնները. իսկ այսպիսի կիսապետութեամբ եւ քայքայուսծ հասարակութեամբ միայն կարելի է դիմադրութեան մասին խօսիլ։

    Քանի որ հայերը, ընդ որում առավոտի գրողները, միայն հետաքրքրուած են վերլուծութիւններով եւ ոչ ամենակարեւոր խնդիրներուն արաք լուծում գտնելով, այդ մարդը եւ իր հովանաւորները պիտի յաջողին մեծ չափով անպէտք ՀՀ մը կերտել, հիմակուընէ ալ աւելի նեղ սահմաններով.

    Անկէ ետք կրնայ ըլլալ դիմադրողներ ձեր ըսածները ընեն։

  3. Ջորդանո Գալիլյան says:

    “Բանակի և Աստծո օգնությամբ դուրս գանք այս վիճակից…”

    Առաջինը՝ կազմաքանդված ու թուլացող, երկրորդը՝ հորինված ու գոյություն չունեցող…

    “Բանակի և Աստծո օգնությամբ դուրս գանք այս վիճակից, Հայ ժողովրդի առաջին խնդիրը պետք է լինի վարչապետի աթոռին լղոզված, ոչ ադեկվատ, մեզ ու աշխարհին անհասկանալի այս արարածին պաշտոնից հեռացնելը:”

    Պետք չէ խառնել հերթականությունը: Այս վիճակից դուրս գալ հնարավոր է միմիայն հայտնի արարածին վռնդելուց հետո: Եթե մոտակա օրերս մեր սիրելի, անդաստիարակ, մանրոգի, գավառական, մեծարգո պարոն ստախոսը չհեռացվեց իր զավթած աթոռից, ապա թուրքերը մի երկու շաբաթից ռմբակոծելու են Երեւանը…

    “մեզ ու աշխարհին անհասկանալի այս արարածին…”

    Եկեք ազնիվ լինենք. այդ արարածը շատ լավ էլ հասկանալի է եւ մեզ, եւ «աշխարհին»: Նիկոլածին ազգը պետություն ունենալու իրավունք չունի, նիկոլին երկրորդ անգամ ընտրած ազգը ապրելու իրավունք չունի…

  4. Ջորդանո Գալիլյան says:

    “Մտքում ունենալով պատերազմը”

    Հիշեցի, թե ինչ էր ասում մեծարգո պարոն մահաբերը Սյունիքի մարզպետարանի շենքում տարի ու կես առաջ՝ մտքում ունենալով պատերազմը: Սրա մտքում ընդհանրապես միայն պատերազմ է՝ իհարկե պարտության ակնկալիքով: Դե ու՞մ էր պետք Ջերմուկը: Դա մի դժգույն ու դժբախտ քաղաք էր…

    «Չեն ուզում Մեղրիի միջանցքը իրենց կամքով, խաղաղ կյանքի դիմաց տան, ուրեմն պատերազմով կվերցնեն»:

    Նիկոլ Փաշինյան
    22.04.2021 թ.

  5. Anonymous says:

    Thanks, Aram
    Indeed, this was stopped by Armenian soldiers first and foremost! God bless them…
    And eternal gratitude to our perished compatriots!

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930