Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանի տնտեսագիտական համալսարանում վերսկսվել է «Հայոց լեզու» դասընթացը

Սեպտեմբեր 07,2022 11:38

Ադրբեջանի պետական ​​տնտեսագիտական ​​համալսարանում (UNEC) վերսկսվել Է «Հայոց լեզու» դասընթացը:

Ինչպես հաղորդում է APA-ն, դասընթացի ընթացքում հետազոտողները մշտապես կհետևեն հայկական լրատվամիջոցների հրապարակումներին, կպատրաստեն նմանատիպ նյութեր, հայերեն աղբյուրներից կստանան ավելի լիարժեք տեղեկատվություն Հայաստանի տնտեսական վիճակի և այլ հարցերի մասին, ինչպես նաև հանդես կգան գիտական հոդվածներով և կտեղեկացնեն միջազգային հանրությանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել հայկական դպրոցներում ադրբեջաներենի և թուրքերենի ուսուցում կազմակերպելու մասին։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացրել էր, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում տարածաշրջանային լեզուների ուսուցման իրականացման նպատակով պարսկերենի, վրացերենի, թուրքերենի և ադրբեջաներենի առարկայական ծրագրերի հեղինակները պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրերով:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ նախարարությունը մայիսին հարցում է իրականացրել ՀՀ բոլոր դպրոցներում՝ որպես 3-րդ օտար լեզու և (կամ) խմբակ տարածաշրջանային որևէ լեզվի ուսուցում կազմակերպելու պատրաստակամության մասին՝ հաշվի առնելով հաստատության ինքնավարությունը: Հարցման արդյունքում ստացվել է շուրջ 400 դրական արձագանք, որի մեծ մասը եղել է ադրբեջաներենի և թուրքերենի ուսուցում կազմակերպելու ցանկության մասին:

«Մասնագիտական քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ադրբեջաներենի և թուրքերենի ուսուցումը կազմակերպել բացառապես 10-12-րդ դասարանների սովորողների համար, սակայն սա նաև ցույց է տալիս դպրոցների և հանրության շրջանում այն գիտակցումը, որ լեզուների իմացությունը կարող է լինել կարևոր խնդիրներին առնչվելու ճանապարհներից մեկը»,- փաստել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ նախարարությունը բազմաթիվ գրություններ և զանգեր է ստանում համապատասխան մասնագետներից, որոնք դասավանդման ցանկություն են հայտնում:

Ադրբեջաներենի առարկայական ծրագրի հեղինակ Լիլիթ Մովսիսյանը, շնորհակալություն հայտնելով խրախուսական պարգևի համար, բարձրաձայնել է մասնագետներին հետաքրքրող մի շարք հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերել են համապատասխան դպրոցների և մասնագետների տվյալների բազա ստեղծելու հնարավորության, ուսումնական նյութերի և մանկավարժի որակավորում չունեցող մասնագետների ներգրավման խնդիրներին:

Ի պատասխան՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին նախարարությունը կունենա ամփոփ տվյալներ՝ դպրոցների հստակ թվի և համապատասխան մասնագետների առումով: Նրա խոսքով՝ մանկավարժի որակավորում չունեցող բարձրագույն կրթություն ստացած մասնագետները, որոնք ձեռք են բերել 30 կրեդիտ, հնարավորություն կստանան դասավանդել դպրոցներում։ Փոխնախարարը հավաստիացրել է՝ քանի որ ծրագիրն այս տարի ներդրվում է փորձնական կարգով, հետևաբար կիրականացվի մոնիթորինգ՝ խնդիրների վերհանման և ծրագրերի լրամշակման համար, որի ընթացքում կշարունակվի համագործակցությունն առարկայական ծրագրերի հեղինակների հետ:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930