Համաձայն Կադաստրի կոմիտեի տվյալների՝ Արշակունյաց 15 հասցեում գործող «Սուրմալու» առևտրի կենտրոնի վարչական շենքից 2019թ․ մայիսից 116 քմ վարձակալած «Գոհար Առաքելյան Վրեժի» ԱՁ-ն 2019թ․ սեպտեմբերին Ֆինանսների նախարարությունում հաշվառվել է որպես հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր իրականացնող կազմակերպություն:
Aravot.am-ին հայտնի դարձավ, որ Գոհար Առաքելյանն արդեն մոտ մեկ տարի է՝ Հայաստանում չէ, առողջական խնդիրներով ՌԴ է մեկնել: Նրա ԱՁ լիազոր ներկայացուցիչն այժմ Աբրահամ Միքայելյանն է:
«Օրենքով սահմանված հրագործական նյութերի ներմուծում, արտադրություն, վաճառք կետի տակ ներառված են տորթի համար նախատեսված փոքր մոմերից մինչեւ օրինա՝կ հինգ միլիոն դրամ արժողությամբ հրավառություն: Բոլորը ներմուծվում է այդ նույն կետի դրույթների համաձայն: «Գոհար Առաքելյան» ԱՁ-ն միմիայն ներմուծել է տորթի համար նախատեսված «սալյուտներ», որի համար կան բոլոր օրինական փաստաթղթերը, մաքսազերծման հայտարարագրերը: Ներմուծման եւ վաճառքի համար ունենք Ֆինանսների նախարարության կողմից տրված թույլտվությունը, որի համար ամեն տարի վճարում ենք պետական տուրք»,- մեզ հետ զրույցում ասաց Աբրահամ Միքայելյանը:
Ըստ նրա՝ «Գոհար Առաքելյան» ԱՁ-ի կողմից ներկրված ապրանքների 90 տոկոսը խաղալիք ու գրենական պիտույք է. «Տարին մեկ կամ երկու տարին մեկ անգամ կարող ենք ներմուծել քսան-երեսուն արկղ տորթի հրավառելիք, որը խաղալիքների հետ ենք վաճառում: Մեր ԱՁ-ի կողմից ներմուծվել է այսքանը»:
Կարդացեք նաև
Աբրահամ Միքայելյանը նաեւ պարզաբանեց, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունը եղել է երկրորդ հարկում, իսկ իրենց պահեստը հինգերորդ հարկում է, ընդ որում՝ հինգերորդ հարկի այն հատվածում, որը պայթյունից հետո էլ կանգուն է. «Հետեւություն, պայթյունը կամ հրդեհը ոչ մի առնչություն չունի Գոհար Առաքելյանի պահեստի հետ, որտեղ գտնվել է, ենթադրենք 5 կամ 8 արկղ տորթի հրավառելիք։ Հրդեհի սկզբնաղբյուրը մեզ մոտ չէ, հրդեհի սկզբնաղբյուրը երկրորդ հարկում է, կրկնում եմ՝ Գոհար Առաքելյանի պահեստը 5-րդ հարկում է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ