Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չնայած մեղադրողը միջնորդեց գրավ կիրառել, դատավորը որոշեց 3 ամսով կալանավորել Ավետիք Չալաբյանին

Օգոստոս 03,2022 12:40

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրում «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանի գործով հերթական դատական նիստում այսօր հանրային մեղադրող Արմեն Բեգլարյանը միջնորդեց Ավետիք Չալաբյանի հանդեպ որպես խափանման միջոց ընտրել գրավը։ Պաշտպանները հայտարարեցին՝ թեեւ որպես խափանման միջոց գրավ կիրառելու հիմքեր չկան, իրենք կհամաձայնեն գրավի կիրառմանը, եթե դատարանն այդպես գտնի։

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանի կալանքի ժամկետը լրացել էր հուլիսի վերջին, նա այս օրերին ազատության մեջ էր եւ չնայած կալանքի հետեւանքով խորացած առողջական խնդիրներին՝ ներկայանում էր դատական նիստերին։

Թեեւ մեղադրողը միջնորդեց գրավ կիրառել, դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց երեք ամսով կալանավորել Ավետիք Չալաբյանին եւ որոշումն ի կատար ածել դատական նիստերի դահլիճից։

Ուշագրավ է, որ մինչեւ որոշման հրապարակումը պաշտպանական կողմը ներկայացրել էր մի շարք անձանց երաշխավորագրեր, այդ թվում՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, Արցախի նախագահի, Արցախի ԱԺ նախագահի, Արցախի թեմի առաջնորդի, հասարակական, քաղաքական գործիչների, բիզնես ոլորտի ներկայացուցիչների կողմից։

«Ձեր որոշումն ապօրինի է, եւ ապացուցվեց հերթական անգամ, որ դուք քաղաքական հետապնդման շղթայի մի մասնիկն եք։ Սրա նպատակը նրա քաղաքական գործունեությամբ պայմանավորված՝ կալանավայր ուղարկելն է։ Դուք որեւէ կերպ չպատճառաբանեցիք ձեր որոշումը», – դիմելով դատավորին՝ ասաց Չալաբյանի պաշտպաններից Վարազդատ Հարությունյանը։

Դատավորը հորդորեց հանգիստ լինել արտահայտություններում եւ առարկություններ ունենալու պարագայում բողոքարկել որոշումը։ Դահլիճում ներկաները վրդովվեցին դատավորի որոշումից։ Հայտարարվեց ընդմիջում։

Հիշեցնենք, որ «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է 2022թ․-ին դիմադրության շարժման ժամանակ երկու կամ ավելի անձանց, տվյալ դեպքում՝ ուսանողներին, հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։ Նրա պաշտպանական թիմը հայտարարել է. «Մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Ալիյանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են»։ Ալիյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավաքներին մասնակցելու համար։ Չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալիյանի, որով շոշափվում է նյութական շահագրգռվածության հասցեատեր որևէ երկրորդ անձի անուն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031