Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մենք հիմա շոկի մեջ ենք, պետք է ուժ գտնենք՝ շոկից դուրս գալու

Օգոստոս 01,2022 12:15

Արցախյան երկրորդ պատերազմին որպես կամավոր մասնակցած Ավետիս Ավետիսյանը քաղաքացիական հասարակությանը հայտնի է 2013թ. նոյեմբերի 5-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում  «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների հետ իրականացրած արժեքների հեղափոխության ակցիայով:

Ավետիսին դատապարտեցին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ կետով (Խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով): Նա անազատության մեջ է անցկացրել չորս տարի, չորս ամիս, տասնմեկ օր: Ավետիսի առաջնեկը հինգ օրական էր, երբ նրան ազատազրկեցին:

Այնուհետեւ նա ընկերների հետ իր գաղափարներն էր պաշտպանում նաեւ դատական նիստերի  ժամանակ:

«Շանթի հետ ծանոթացել եմ այդ ակցիայից երեք ամիս առաջ, սակայն մինչ այդ շատ էի լսել նրա մասին, տեղյակ էի նրա անցած ուղուն: Հասկանում էի, որ մեր երկրում խնդիրը ոչ թե Սերժ Սարգսյանի նման կառավարիչ կամ կոռումպացված մեկ այլ պաշտոնյա ունենալն էր, այլ խեղաթյուրված արժեքները: Շանթն առաջին մարդն էր, որ խոսեց արժեքների մասին, եւ ես միացա իրեն: Նա իմ ավագ ընկերն է, հիմա էլ պարբերաբար հանդիպում, շփվում ենք: Հիմա էլ, երբ մենք այս ճահճի մեջ ենք, փչացած արժեհամակարգի պատճառով է այդ ամենը: 2013 թվականի համեմատ հիմա, ակնհայտ է, որ շատ ավելի վատ է վիճակը: Վիճակը վատ է, որովհետեւ երկրի կառավարիչները չեն ուզում փոփոխություններ անել, իրենք բարձր արժեքների կրողը չեն»,- մեզ հետ զրույցում ասաց Ավետիսը:

Ավետիսն ակտիվորեն մասնակցել է նաեւ 2018թ. իշխանափոխությանը: Նա ազատության մեջ է հայտնվել մարտի 16-ին եւ ակտիվորեն մասնակցել բոլոր ակցիաներին:

Արցախյան երկրորդ պատերազմին Ավետիսը մասնակցել է «Եղնիկներ» զորամասում`սեպտեմբերի 28-ից  մինչեւ հոկտեմբերի 19-ը` վիրավորվելու օրը: Նա պատերազմ է մեկնել «Մեծն Տիգրան» կամավորական ջոկատի հետ: Ջոկատում եղել են նաեւ արցախյան առաջին պատերազմի մասնակիցներ, հենց հրամանատարը` Հայկ Մանուկյանը, 90-ականներին պատերազմի ակտիվ մասնակիցներից է: Շանթ Հարությունյանի ակցիային մասնակցած եւ նրա հետ ազատազրկված ընկերներից կամավոր պատերազմ է մեկնել նաեւ Սեւակ Մնացականյանը, Վահե Մկրտչյանը եղել է Վայքում եւ Կապանում:  Շանթ Հարությունյանն էլ որդու` Շահենի հետ եղել է Կապանում:

Ավետիսը կարծում է, որ հաղթելու համար նախ քաղաքական կամք է պետք, ինքնակազմակերպում, ինչը  չի  եղել: Ինչ-որ տեղ ինքնակազմակերպման փորձեր արել է ժողովուրդը, փորձել է ձեռքից եկածն անել:

«Մեր ազգը հիմա շոկի մեջ է, բայց մենք պետք է ուժ գտնենք` շոկից դուրս գալու, որպեսզի հետ չմնանք իրադարձություններից: Մենք պետք է պատրաստ լինենք հաջորդ պատերազմին, ինչն անխուսափելի է: Պետք է պատրաստվել, ուժեղանալ, բանակում բարեփոխումներ անել: Ինչ-ինչ բարեփոխումներ կատարվում են, սակայն այդտեղ էլ ենք հապաղում: Մենք պետք է կարողանանք աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին ճիշտ հայացքով նայել: Մենք դարերով սխալ հայացք ենք ունեցել: Այն, ինչ  նկարագրել է Մովսես Խորենացին իր «Ողբ »-ում, նույնն է, ոչինչ չի փոխվել: Ոնց որ բառ առ բառ այսօրվա մասին գրած լինի նա: Չկա՛ տարբերություն: Մենք առնվազն 1600 տարի սխալ ենք ապրել: Երբ ծանոթանում  ենք 1920թ. Կարսի անկման պատմությանը, նույն վիճակն է եղել»,-ասում է Ավետիսը:

Ավետիս Ավետիսյանից հետաքրքրվեցի, թե որն է այսօր իր սեղանի գիրքը, առհասարակ` հայոց պատմությանը ծանոթանալու, արժեքները վերարժեւորելու հարցում ինչ գրքեր խորհուրդ կտար կարդալ երիտասարդներին:

«Պետք է անպայման կարդալ, ուսումնասիրել  Րաֆֆու ստեղծագործությունները, քանի որ նա Հայաստանը շատ ընդգրկուն է ներկայացնում`սկսած գյուղացու կյանքից մինչեւ ազատագրական պայքար: Մանկության տարիներին իմ սիրելի գիրքը Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչ»-ն էր, ես այդ գիրքը սիրել եմ Աստվածաշնչի պես: Պետք է պարբերաբար կարդալ նաեւ Մովսես Խորենացուն»,- ասաց Ավետիսը:

Իսկ  պատերազմից հետո Ավետիսը մի քանի անգամ այցելել է Արցախ, եւ նրան չի լքում ցավի զգացողությունը:

 

Թագուհի  Հակոբյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031