Լրահոս
Օրվա լրահոսը

Հատուկ օր՝ Էջմիածնում ու Արմավիրում․ այս քաղաքները ևս ունեցան երիտասարդների տներ (Ֆոտոշարք)

Հուլիս 29,2022 14:51

Երեկ պաշտոնապես բացվեցին «Էջմիածնի երիտասարդների տուն» ու «Արմավիրի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնները։

Դրանք, մասնագետների բնութագրմամբ, ապահով տարածքներ են․ 700-ից ավելի պատանիների ու երիտասարդների հնարավորություն կտան ոչ ֆորմալ կրթություն ստանալ, փոխել միջավայրը, զարգացնել մտածելակերպը, ինքնուրույնություն ձեռք բերել, տիրապետել 21-րդ դարի հմտություններին, ճիշտ կողմնորոշվել մասնագիտություն ընտրելու հարցում ու լծվել իրենց իսկ համայնքների խնդիրների լուծմանը։

Հայաստանում երիտասարդների առաջին տունը հիմնվել է Գյումրիում՝ դեռ 5 տարի առաջ, այն ոչ ֆորմալ կրթություն ստանալու առաջին փորձն էր։

Երկրորդը՝ հիմնվեց Սպիտակում երկու տարի առաջ, այժմ Էջմիածնում ու Արմավիրում, շուտով կբացվի նաև Գավառում, մտադրություն կա հիմնել նաև Արթիկում։

13-18 տարեկան պատանիների համար եզակի հնարավորություն է ստեղծվում՝ լուսանկարչությունից, հեծանվավարությունից մինչև յոգայի, օճառի պատրաստման, պարի, օտար լեզուների ակումբների հաճախելու, ինչպես նաև արշավների մասնակցելու, հայրենիքը ճանաչելու, նախընտրած հասարակական գործիչների, դիվանագետների ու արվեստագետների հետ հանդիպելու, հետաքրքրող հարցեր տալու, զրուցելու, նրանց հյուրընկալվելու։

Երիտասարդական տները Հայաստանի բոլոր տեղանքներում հիմնվել են «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ։

Արմավիրում, Էջմիածնում երիտասարդական տները ստեղծվեցին ու բացվեցին «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի կողմից՝ Ճապոնիայի կառավարության, ինչպես նաև Էջմիածնի ու Արմավիրի համայնքապետարանների աջակցությամբ:

Համայնքները ևս իրենց ներդրումն են ունեցել․ ոչ միայն համապատասխան տարածք են հատկացրել, այլ վերանորոգման համար անհրաժեշտ ֆինանսական և նյութատեխնիկական աջակցություն տրամադրել, ինչպես նաև կենտրոնների պահպանման ծախսերն առաջիկա հինգ տարում ընդգրկել համայնքային բյուջեում։

Արթուր Նաջարյան

«Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը իր ելույթում հիշեց, թե ինչպես 12 տարի առաջ շատերը թերահավատորեն էին մոտենում այս գաղափարի իրականացմանը։

«Երբ 12 տարի առաջ մեր թիմով եվրոպական շուրջ 16 երկրներում ուսումնական այցեր ձեռնարկեցինք՝ հասկանալու, թե որոնք են լավագույն հիմնական միջոցները և մեթոդները դեռահասների զարգացման, երիտասարդական աշխատանքում բազմատեսակ մեթոդներ ի հայտ եկան, և, իհարկե, գործիքներ, որոնցից մեկը բաց երիտասարդական աշխատանքն է։

Մեզ համար ամենակարևորն էր՝ հասկանալ, թե որն է որն է ամենաճկունը, որն է հնարավոր տեղայնացնել Հայաստանում, հայաֆիկացնել, հայկականացնել, մեր մենթալիտետին ու առհասարակ արժեհամակարգին համաձայնեցնել։

Այդ ժամանակ մեր միջազգային գործընկերները, ինչու չէ նաև տեղի շատ գործընկերներ, որոնք երիտասարդական ու կրթության ոլորտում գործունեություն էին ծավալում, հավատ չունեին, որ դա կիրականանա։ Այսօր, իհարկե, պատիվ ունեմ ներկա լինելու Հայաստանում երիտասարդական 3-րդ և 4-րդ տների բացմանը։ Սա մեզ համար մեծ պատասխանատվություն է»,-ասաց Արթուր Նաջարյանը։

Քրիսթինե Վայգանդ

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդն իր ելույթում շեշտեց, որ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ներկայացուցիչների համար հատուկ օր է։

«ՅՈՒՆԻՍԵՖ»-ում աշխատելու դեպքում նման իրադարձությունները մեզ համար հատուկ օրեր են, հատուկ իրադարձություններ են, որովհետև մենք շատ լավ գիտենք, թե որքան կարևոր է դեռահասների ու երիտասարդների համար ունենալ սեփական տարածք, ունենալ մի վայր, որտեղ կկարողանան նստել, խոսել, զրուցել, խաղալ, կրթվել և ինչու չէ նաև բարձրացնել հարցեր և դիմել, եթե դրա կարիքը կա»,-ասաց Քրիսթինե Վայգանդը։

Նա երիտասարդական կենտրոնները համարեց ապահով վայրեր դեռահասների համար, որտեղ ոչ ֆորմալ կրթություն ստանալով՝ սովորում են աշխատել թիմով, ձեռք են բերում դարի հմտությունները, այստեղ մեծանում է երիտասարդների դիմակայունությունը։

Րիկա Օնոդերա

Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի տնտեսական համագործակցության հարցերով երկրորդ քարտուղար Րիկա Օնոդերան էլ նշեց «Ճապոնիայի կառավարությունը նախորդ տարի որոշեց անհետաձգելի դրամաշնորհային օգնություն տրամադրել Հայաստանին՝ հումանիտար անհապաղ կարիքները հոգալու համար։

Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելիս, մենք առանձնակի կարևորում ենք կրթական ոլորտը, քանի որ կարծում ենք՝ երեխաները անգին գանձեր են, և կրթությունը երկրի զարգացման հիմք է։ Մենք անկեղծորեն հույս ունենք, որ այս երիտասարդական տները երկար ժամանակ կծառայեն որպես կարևոր կրթական կենտրոններ Էջմիածին և Արմավիր համայնքների երիտասարդների համար։ Ցանկանում եմ ընդգծել, որ Ճապոնիայի կառավարությունը շարունակելու է Հայաստանի կողքին լինել երկրի հետագա զարգացման ճանապարհին»։

Արթուր Մարտիրոսյան

ՀՀ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն էլ երիտասարդական տներն առանցքային կառույցներ համարեց համայնքների համար՝ նշելով, որ ընդունվել է ՀՀ կրթության զարգացման պետական ծրագիրը, որտեղ առաջնահերթ կարևորվում է կրթական ծառայությունների հասանելիությունը Հայաստանի ողջ տարածքում և կյանքի ողջ փուլերում։

«Կապ չունի մարդը ծնվել է Արմավիրում, թե Երևանի կենտրոնում, թե Մեղրիում կամ Նոյեմբերյանում, ինքը պիտի ունենա կրթական ծառայությունների և առհասարակ սոցիալական ծառայությունների հասանելիություն։

Ես վստահ եմ, որ այս կենտրոնների հիմքում դրված է հենց այդ համոզմունքը․ երիտասարդների կարողությունների բացահայտման, դրանց զարգացման, քաղաքացիական կեցվածքի ձևավորման և դրսևորման համար կենտրոնները կդառնան կարևորագույն հարթակ։

ՀՀ-ն կառավարության ծրագրում՝ 2021-2026 թվականների համար ամրագրել է երիտասարդական քաղաքականության ոլորտում կարևորագույն դրույթներ, այնտեղ առաջնայինը մարզաբնակ երիտասարդների համար նրանց կարողությունների զարգացումն ու իրացումն է, այս կենտրոնների ամբողջ բովանդակությունը դրա մասին է»,-ասաց փոխնախարարը։

Դիանա Գրիգորյան

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գրիգորյանն էլ նշեց, որ թեև ցանկացած քաղաքում նման կենտրոնի բացումը կարևոր է, սակայն Էջմիածնի դեպքում առավել։ Էջմիածինը, շատ մոտ լինելով Երևանին, անընդհատ ունենում է երիտասարդական ռեսուրսի արտահոսք մայրաքաղաք, երիտասարդներն իրենց առօրյան անցկացնում են մայրաքաղաքում, այս դեպքում նրանց կկարողանան պահել տեղում, ներգրավել իրենց իսկ համայնքի զարգացմանը։

Նա նաև տեղեկացրեց, որ Էջմիածնի ավագանին որոշել է առաջիկա 5 տարում ֆինանսավորել կենտրոնի գործունեությունն ամբողջությամբ։

Դավիթ Խուդաթյան

Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն էլ հայտարարեց, որ պարտավորվում են ամեն ինչ անել իրենց երիտասարդների տունը հանրապետություն երիտասարդական տների ցանկում լավագույններից մեկը դարձնելու համար։ Նա խոստացավ գեղեցկացնել միջավայրը, բարեկարգել շենքն ու բակային հատվածը։ Քաղաքապետը նշեց, որ այդ շենքում տեղակայված է մանկապարտեզը ու Արմավիրի կենտրոնական գրադարանը, դրանք շուտով կվերանորոգվեն կառավարության հետ համատեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրով՝300 միլիոն դրամով։

«Ոգևորությամբ ենք մասնակցել այս ծրագրի աշխատանքներին, քանի որ մեր համայնքում, ինչպես Հայաստանի մի շարք այլ համայնքներում, երիտասարդների առօրյան կազմակերպելու, նրանց համար համապատասխան կրթական հնարավորություններ ստեղծելու կարիք կար, իսկ համապատասխան միջավայր և ռեսուրսներ՝չկային:

Վստահ ենք, որ այսօրվանից սկսած, այս կենտրոնը կդառնա մեր երիտասարդների համար սիրված վայր և այստեղից նրանք իսկապես շատ բան կվերցնեն», – ասաց Արմավիրի քաղաքապետը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ մինչև տարեվերջ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում բնակվող դեռահասների և երիտասարդների համար ևս կբացի նորաստեղծ երիտասարդական տան դռները։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031