Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ կլիներ, որ նույն համառությամբ ԲՏԱ նախարարությունը հաճախականությունների աուդիտ անցկացնի. կոռուպցիոն ռիսկեր կան». Աշոտ Մելիքյան

Հուլիս 25,2022 12:00

«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության՝ շրջանառության մեջ դրած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նոր նախագծում մի շարք խնդրահարույց դրույթներ այս անգամ չկան, սակայն դեռեւս կան որոշ խոցելի դրույթներ, որոնք բազմաթիվ հարցեր են առաջացնում»,-ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ Նրա կարծիքով՝ նախագծի այս տարբերակը նկատելիորեն տարբերվում է նախորդից, եւ հաշվի են առնվել մեդիա կազմակերպությունների քննադատությունները։

Սակայն ուշագրավն այն է, որ այս նախագիծը չի քննարկվել մեդիա կազմակերպությունների հետ, որոնց հետ համագործակցության եռակողմ համաձայնագիր է կնքվել։

«Առավոտ»-ի հետ զրույցում Աշոտ Մելիքյանը հիշեցնում է՝ հուշագիրը ստորագրվել է ԱԺ գլխադասային հանձնաժողովի, արդարադատության նախարարության եւ մեդիա ոլորտի 11 կազմակերպությունների միջեւ, որի գլխավոր նպատակն է՝ մշակել մեդիա ոլորտի օրենսդրության բարեփոխումների հայեցակարգ, եւ ապա դրանից հետո փոխկապկացված նման փոփոխություններ լինեն. «Այս հատվածական փոփոխությունները, մեծ հաշվով, հակասում են այդ գործընթացին, եւ մեզ համար հասկանալի չէ, թե՝ ինչո՞ւ չեն կարող սպասել մինչեւ այդ հայեցակարգն ընդունվի, հատկապես, որ այս ներկայացված փոփոխություններն այնքան հրատապ չեն, որպեսզի հապճեպ դրվեն շրջանառության մեջ։ Ընդ որում, անհասկանալի է, թե ինչու ԲՏԱ նախարարությունն ու այն անձինք, որոնք մասնակցել են այս փաթեթի մշակմանը, խուսափում են լրագրողական կազմակերպությունների փորձագետների հետ հանդիպումներից»։

Ինչ վերաբերում է այս նոր նախագծում տեղ գտած խնդրահարույց դրույթներին, ապա Մելիքյանն առանձնացնում է մի քանիսը։ Օրինակ առաջարկվում է՝ «Հեղինակազորված հեռարձակողի ծրագրում մանկական, կրթական, մշակութային եւ մարզական թեմատիկ ուղղվածության տեսալսողական հաղորդումները պետք է կազմեն շաբաթական եթերաժամի առնվազն 20 տոկոսը՝ ապահովելով սույն մասում նշված յուրաքանչյուր թեմատիկ ուղղվածության տեսալսողական հաղորդումների հեռարձակում շաբաթական կտրվածքով»։ Մելիքյանի դիտարկմամբ՝ նման պայմաններ չի կարելի պարտադրել մասնավոր հեռուստաընկերություններին եւ սա կարող է դիտվել որպես խմբագրական քաղաքականությանը միջամտություն։

Մյուս խնդրահարույց կետն այն է, որ այս նախագծով սահմանվում է, որ հանրային հեռարձակողի խորհրդի անդամներին այսուհետ նշանակելու է մրցութային կարգով ոչ թե վարչապետը, այլ ՀՌՀ-ն՝ կարգավորող մարմինը։ «Սա քննարկման եւ հիմնավորման թեմա է, որովհետեւ սրանով իջեցվում է հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կարգավիճակը, եւ եթե այդ նշանակումը կամ լիազորությունների դադարեցումն իրականացնում է կարգավորողը եւ ոչ թե այն մարմինը, որն իր կարգավիճակով ավելի բարձր է դրանից, այստեղ շատ հարցեր են առաջանում։ Սա պետք է քննարկել որոշում կայացնելուց առաջ»։

Բացի այս, ըստ Մելիքյանի նախագծում տեղ է գտել եւս մեկ շատ խնդրահարույց դրույթ՝ հանվել է այն արգելքը, ըստ որի Հանրային հեռարձակողի խորհրդի անդամը չի կարող երկու անգամից ավելի ընտրվել այդ պաշտոնում. «Չի կարելի թույլ տալ, որ մարդիկ մինչեւ իրենց խոր ծերության մնան խորհրդի անդամ։ Այդ սահմանափակումը գործող օրենքում կա, որ երկու անգամից ավելի չի կարելի ընտրվել։ Այս դրույթը պետք է թողնել»։

Նախագծով սահմանվում է՝ «Դիստրիբյուտորը պարտավորվում է տեսալսողական տեղեկատվություն տարածողների հետ խտրական պայմաններով պայմանագրեր չկնքել, չկատարել այնպիսի գործողություններ, որոնք անհավասար մրցակցային պայմաններ կստեղծեն ցանցային օպերատորների համար»:

ԽԱՊԿ ղեկավարի կարծիքով՝ այս դրույթն էլ անիմաստ է, շատ հարցեր է առաջացնում, քանի որ օպերատորը կամ դիստրիբյուտորը կարող է տարբեր հեռարձակողների հետ տարբեր պայմանագրեր կնքել՝ հաշվի առնելով ծրագրերն ու հետաքրքրությունները, արժեքն եւ այլն. «Այստեղ հավասարեցում պարտադրելը ճիշտ չէ, եւ արգելք է պարունակում հավասարար մրցակցություն ստեղծելուն»։ Մելիքյանի խոսքով՝ սա էլ պետք է քննարկել, թե որքանով է նպատակահարմար նման դրույթ ներառելը, որովհետեւ հակամենաշնորհային կամ մրցակցային օրենսդրությունում ամեն ինչ գրված է։

«Լավ կլիներ, որ նույն համառությամբ ԲՏԱ նախարարությունը ստուգեր, թե այդ ինչպես եղավ, որ Հայաստանում անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման անցնելու պարագայում չձեւավորվեց թվային դիվիդենտը ՝ազատված հաճախականությունների հավաքածուն։ Բոլոր երկրներում թվային դիվիդենտը ձեւավորվել է եւ դա օգտագործվել է նաեւ մասնավոր մուլտիպլեքսների համար։ Ինձ հասած տեղեկություններով՝ ՀՌՀ-ն հետաքրքրվել է հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանցից, թե՝ արդյոք հնարավոր է ստեղծել մասնավոր մուլտիպլեքս։ Պատասխանել են, որ դրա համար հաճախականություն չկա։ ԲՏԱ նախարարությունը, մանավանդ հետհեղափոխական շրջանում, պետք է հաճախականությունների աուդիտ անցկացնի, ուսումնասիրի փաստաթղթեր, եւ տեսնի, թե՝ ինչ են եղել այդ հաճախականությունները, եւ ինչպես են, ենթադրում եմ՝ մեջ-մեջ արել եւ վաճառվել։ Սա իհարկե, խորը հետազոտության կարիք ունի, կոռուպցիոն ռիկսեր կան այդ գործընթացում»,-ասում է Մելիքյանը։

Նա գտնում է, որ նախագծում տեղ են գտել մի շարք անիմաստ հոդվածներ, որոնք ընդհանրապես անհրաժեշտություն չկար ներառելու։ Մելիքյանն օրինակ է բերում նախագծի հոդված 3-ը, որով սահմանվում է. «Պայմանագրային կարգով տրամադրվող տեսալսողական տեղեկատվությունը ստանալու համար ապակոդավորման միջոցները տրամադրվում են սպառողներին համապատասխան բաժանորդային պայմանագրերի հիման վրա բոլոր վճարների գանձումն իրականացվում է բացառապես անկանխիկ եղանակով»: Մելիքյանի կարծիքով՝ սա ամենեւին էլ տեսալսողական մեդիայի ոլորտի կարգավորող հարց չէ, այն ավելի շատ տնտեսական քաղաքականությանն է վերաբերում։

Այլ անիմաստ հոդվածներ եւս կան այս նախագծում։

Այդուհանդերձ, Աշոտ Մելիքյանը ենթադրում է, որ հեղինակների հետ աշխատել են արդարադատության նախարարությունն ու ԱԺ գլխադասային հանձնաժողովը, քանի որ ակնհայտ է, որ նախագծի այս տարբերակում խնդրահարույց շատ դրույթներ տեղ չեն գտել. «Բայց դա չի նշանակում, որ այսպես հապճեպ ու առանց հայեցակարգի ընդունման պետք էր այս նախագիծը մշակել ու դնել շրջանառության մեջ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031