Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևի հրամանագրում Երևանը նշվում է որպես «Ադրբեջանի հինավուրց հող»

Հուլիս 15,2022 11:52

Հայկական ալիք. Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը հուլիսի 14-ին հրամանագիր է ստորագրել պետական մակարդակով նշելու Իրևանի (Երևանի) պետական ադրբեջանական դրամատիկական թատրոնի 140-ամյակը։

Հրամանագրում առկա են ոչ միայն պատմության բազմաթիվ խեղաթյուրումներ, այլև փաստացի ոտնձգություն է կատարվում Հայաստանի տարածքային ամբողջականության, մասնավորապես՝ ՀՀ մայրաքաղաք Երևանի նկատմամբ։ Այսպես, հրամանագրում նշվում է, որ Իրևանի պետական ադրբեջանական թատրոնը «հիմնադրվել է Իրևանի (Երևան) շրջանում, ուր պատմականորեն բնակվում էին ադրբեջանցիները»։ Բացի այն, որ հրամանագրում Երևանը նշվում է որպես «Ադրբեջանի հինավուրց հող», այլև խոսք է գնում «1918-1920 թթ. Իրևանում հայերի կողմից ադրբեջանցիների կազմակերպված զանգվածային սպանդի», ինչպես նաև այլ «վանդալիզմի և բռնությունների» մասին։

Արձանագրենք, որ Ադրբեջանը հերթական անգամ ոչ միայն ամենաբարձր՝ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության մակարդակում խոսում է Հայաստանի սուվերեն տարածքի՝ որպես ադրբեջանական հող լինելու մասին, այլև այդ ուղղությամբ իրականացնում է հետևողական քաղաքականություն և քարոզ թե՛ Ադրբեջանի ներսում՝ այդպիսով նպաստելով հակահայկական տրամադրությունների էլ ավելի բարձրացմանը, թե՛ միջազգային հարթակներում՝ նոր պահանջներ դնելով Հայաստանի առջև։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանի Կոնդ թաղամասի՝ ադրբեջանական մշակութային ժառանգություն հայտարարելու պահանջով Ադրբեջանը դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ։

2020 թ․ դեկտեմբերի 10-ին Բաքվի շքահանդեսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Երևանը, Սևանը և Սյունիքը «պատմական ադրբեջանական տարածքներ են»։ Սակայն սա նմանատիպ առաջին հայտարարությունը չէր։ Ադրբեջանական իշխանությունը հետևողականորեն ներարկում է իր հասարակությանը հայկական պատմական տարածքների՝ ադրբեջանական պատկանելության մասին թեզը՝ այդ գործընթացը ուղեկցելով քարտեզների ստեղծումով, որոնց վրա Սյունիքը, Սևանը և Երևանը պատկերված են իբրև Ադրբեջանի մի մաս, համապատասխան պատմական զեղծարարությունների կատարմամբ։ Պետական բարձր մակարդակում Ադրբեջանի իշխանությունների կողմից ՀՀ նկատմամբ տարածքային հավակնությունների վառ դրսևորում կարելի է համար պաշտոնական հռետորաբանության մեջ «Արևելյան Զանգեզուր» և «Արևմտյան Զանգեզուր» եզրերի կիրառումը։

Ադրբեջանի կողմից այս և նմանատիպ այլ հայտարարությունները, իրադարձություններն ու նախաձեռնությունները փորձ են լեգիտիմացնելու ոչ միայն արդեն իսկ 2020 թվականի նոյեմբերից հետո ՀՀ սուվերեն տարածքի ավելի քան 70 քառակուսի կմ հատվածի գրավումը Ադրբեջանի ԶՈւ կողմից, այլև հող են նախապատրաստում Սյունիքի մարզի և ՀՀ սուվերեն այլ տարածքների դեմ ադրբեջանական նոր ագրեսիայի համար՝ ընդհուպ մինչև լիարժեք գրավում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031