Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյումրեցի Խաչատրյանների ընտանիքում 14-րդ երեխան է ծնվել․ կապուտաչյա նորածնին անվանել են Աննա

Հուլիս 11,2022 10:23

Գյումրու ծննդատանը երեկ լույս աշխարհ է եկել Խաչատրյանների ընտանիքի 14-րդ զավակը, որին անվանել են Աննա։

Մայրը՝ 40-ամյա Լիլիթ Խաչատրյանը, որը չցանկացավ նկարահանվել, լուսանկարվել, մեր զրույցում ասաց, որ դստերը Աննա է անվանակոչել, քանի որ այն իր սիրած անուններից է։

Փոքրիկը ծնվել է 2,5 կիլոգրամ քաշով, մայրն ասում է՝ որևէ բարդություն չի ունեցել ծննդաբերելիս, թեև, ըստ նրա, դա էլ չի խանգարի իրեն զավակներ ունենալու․ ինչքան Աստված պարգևի, այնքան ծնելու է։

Աննայի ծնվելով՝ տան տղա ու աղջիկ երեխաների թիվը հավասարվել է․ 7 տղա և 7 աղջիկ։ Երեխաների մեծ մասը կապուտաչյա են, շիկահեր։

Aravot.am-ը մշտապես անդրադարձել է բազմազավակ այս ընտանիքի համալրմանը։ Անցած տարի ծնվեց որդիներից ՝ մեկը, որին ի պատիվ տեգրոջ՝ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսի՝ անվանեցին Միսակ:

Լիլիթ Խաչատրյանը կարծում է, որ մայրերը 44 օրյա պատերազմից հետո որդիներ են պարտք հայ ազգին․ բազմաթիվ տղաների ծանր կորստից հետո նրանք պարտավոր են մտածել ազգի բազմացման մասին։ Ըստ նրա, թեև հեշտ չէ բազմազավակ լինելը, շատ դեպքերում սոցիալական պայմաններն են խանգարում, սակայն հետպատերազմյան Հայաստանում որդի ծնելը ամեն մեկի սուրբ պարտքը պիտի լինի, քանի որ, ըստ նրա, այն թշնամուն հաղթելու ամենահզոր միջոցն է։

Ընտանիքի հայրը՝ Եղիշ Խաչատրյանը, տան միակ աշխատողն է, արհեստավոր է։ Նա երբեմն Ռուսաստանի Դաշնություն է մեկնում՝ արտագնա աշխատանքի։

Գյումրիում հաց վաստակելը, ըստ Լիլիթ Խաչատրյանի, այնքան էլ հեշտ չէ, իսկ իրենք պետությունից աջակցություն ստանալու հույս չունեն։

Բազմազավակության խրախուսման ամենալուրջ ծրագիրը, ըստ Լիլիթ Խաչատրյանի, եղել է 2015 թվականին, երբ պետությունն իրենց բնակարան է հատկացրել, իսկ հիմա խրախուսող ծրագրեր գրեթե չկան։

«14 երեխաների մայր լինելը, բնականաբար, հեշտ չէ, դժվարություններ շատ կան, բայց ամեն դեպքում հաղթահարում ենք։ Հատկապես մեր քաղաքի պայմաններում դժվար է երեխաներին մեծացնելը, ամուսինս աշխատում է, հաղթահարում ենք, պետությունից ո՛չ ակնկալիք կա, ո՛չ էլ օգնություն, միակը՝ նպաստն է, բայց փառ քԱստծո, ապրում ենք։

Երեխայի ծնվելուց հետո պետությունը մեզ մեկ միլիոն ու կես միանվագ գումար կտա, բայց մեր պես ապրող ընտանիքի համար դա երկու ամսվա ծախս է, ոչ ավելին։ Եթե հաշվում ես, մի ամսվա համար 1000-1500 դոլար գումար է պետք յոլա գնալու համար։ Սովորական, առաջնային ծախսերի մասին եմ խոսում, երեխեքից մի քանիսը տրանսպորտից են օգտվում, դասի են գնում-գալիս, դասերից հետո երաժշտական դպրոց, այնպես որ, մեծ գումար չէ։

Պետությունը պիտի խրախուսի, շատ մայրեր կան, որոնք ասում են՝ չեմ կարող շատ զավակներ ունենալ, շատերը դուրս են գնում՝ արտագնա աշխատանքի, էստեղի պայմաններում հաստատ չես կարողանա բազմազավակ լինել։ Այնպես որ պետության աջակցությունը շատ կարևոր է, որպեսզի հայ մայրերը չխուսափեն երեխաներ ունենալուց, կարողանան պահել, շատերը հենց սոցիալական խնդիրներից ելնելով՝ երեխաներ չեն ունենում, բայց մի ամբողջ սերունդ կորցրեցինք պատերազմին, մի՞թե չպիտի մտածենք մեր ազգի մասին։

Ամեն երեխա Աստծո պարգևն է, ամեն երեխա իր ղսմաթն ունի, բազմազավակ երեխաների մայր լինելը ուրախություն է», -ասում է Լիլիթ Խաչատրյանը։

Նա հայ մայրերին խորհուրդ է տալիս երբեք աբորտներ չանել, քանի որ դա հանցագործություն է։

«Աբորտը սպանություն է, մի՞թե կարելի է կյանքից զրկել դեռ լույս աշխարհ չեկած զավակին, մարդը ինչպես կարող է իր երեխային իր ձեռքով սպանել», -ասում է մեր զրուցակիցը։

Ի դեպ, Խաչատրյանների ավագ դուստրը՝ 22-ամյա Շուշանը, ամուսնացել է վերջերս, նա զբաղվում է նկարչությամբ։ Տանը կան հինգ դպրոցականներ, ամեն մեկը մի երաժշտական գործիք նվագում է։

Ավագ դուստրերից մեկը՝ 20-ամյա Հեղինեն, սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի միանգամից երկու բաժիններում․ նա ապագա երաժշտագետ ու դաշնակահար է, անընդմեջ համերգների է մասնակցում։ Ավագ որդիներից մեկը՝ Զավենը, սովորում է բժշկական քոլեջում, մյուսը՝ Հովսեփը արհեստագործական ուսումնարանում։

Խաչատրյանները մյուս տարի բանակ կճանապարհեն բժշկական քոլեջում սովորող որդուն՝ Զավենին, որը կդառնա 18 տարեկան։

Ի դեպ, որդիներից ավագը՝ 21-ամյա Սամվելը, հաշմանդամություն ունի, սակայն ծնողներն ամեն ինչ անում են նրա ներառման համար, տղան երկար ժամանակ հաճախել է «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կենտրոն, որը զգալի դերակատարություն է ունեցել նրա կրթման ու ներառման հարցում։

Այս դժվարությունները ևս չեն խանգարում Խաչատրյաններին հայ ազգը բազմացնելու։

«Եթե Աստված նորից կամեցավ, էլի զավակներ կունենամ»,-ասում է բազմազավակ մայրը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031