Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆայտոնչուն ծեծողը ևս պաշտոն կստանա՞․ նոր բաժիններ ու հաստիքներ՝ Գյումրու քաղաքապետարանում

Հունիս 22,2022 23:40

Այսօր Գյումրու ավագանին հաստատեց համայնքապետարանի հաստիքացուցակում առաջարկվող փոփոխությունները, աշխատակիցների թվաքանակը, պաշտոնների դրույքաչափերը։

Գյումրու համայնքապետարանի անձնակազմի կառավարման բաժնի պետ Սյուզաննա Վարդևանյանը տեղեկացրեց, որ այսուհետ 14 կառուցվածքային ստորաբաժանումների փոխարեն կլինեն 16-ը։

Համայնքի անշարժ գույքի կառավարման բաժնի հիման վրա կստեղծվեն երկու բաժիններ՝ ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժին և բնակարանային տնտեսության ու համատիրությունների աշխատանքների համակարգման բաժին։

Գովազդի բաժինը կառանձնացվի առևտրի և սպասարկման ոլորտի համակարգման բաժնից․ մինչ այդ եղել է գովազդի, առևտրի և սպասարկման ոլորտի համակարգման բաժին։ Այդ բաժինը տարիներ շարունակ գլխավորում էր Սամվել Բալասանյանի հավատարիմ թիմակիցներից մեկը՝ Հարություն Թադևոսյանը։

«Բալասանյան դաշինք»-ի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջև հուշագիր ստորագրելուց հետո պաշտոնների նախնական բաշխում էր տեղի ունեցել․ ՔՊ-ն առևտրի և սպասարկման ոլորտի համակարգման բաժնի պետի պաշտոնում առաջարկել էր Վահան Ձվակերյանի թեկնածությունը, որը երկար տարիներ աշխատել է սպասարկման ոլորտում․ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող ռեստորանում, տեխնիկայի խանութներից մեկում։ Իսկ գովազդի բաժինը մնալու էր Հարություն Թադևոսյանին։

Սակայն նկատենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը չէր հաստատել ավագանու կողմից տարեվերջին հաստատված հաստիքացուցակը, կառուցվածքային փոփոխությունները։ Նախարարությունը դիտարկումներ էր արել ու ուղարկել վերանայման, շտկման։

Նշենք նաև, որ ըստ նախնական պայմանավորվածության, ՔՊ-ն պատրաստվում էր ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժին պետի պաշտոնում նշանակել Գոռ Սարոյանին, իսկ բնակարանային տնտեսության ու համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի պետի պաշտոնում Գևորգ Գրիգորյանին, որը «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի պատասխանատուն էր։

Գոռ Սարոյանը մեր ընթերցողներին հայտնի է աղմկոտ մի միջադեպով․ նա նախկին ոստիկան է, լեյտենանտ․ 2017 թվականի ամռանը Վարդանանց հրապարակում ոչ սթափ վիճակում վիճաբանել ու ծեծի էր ենթարկել ֆայտոնչի Գրիշի թոռին՝ դարբին Սամվելին։

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նրան անմիջապես հեռացրել էր համակարգից, հարուցվել էր քրեական գործ, այն քննում էր ՀՔԾ-ն։

Կնշանակվի՞ նա ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժին պետ, կերևա առաջիկայում, քանի որ նրա մասնակցությամբ մեկ այլ միջադեպ էր գրանցվել հենց քաղաքապետարանի շենքում ու չի բացառվում, որ ՔՊ-ն նրա նշանակման հարցում փոշմանի։

Այսօրվա ավագանու նիստից նաև հայտնի դարձավ, որ կավելանան նոր հաստիքներ, օրինակ՝ Գյումրու գլխավոր ճարտարապետի օգնականի, այգեպանի հաստիքները։

Զեկուցողը նշեց, որ համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում կընդգրկվեն 9 նոր պաշտոններ, համայնքային ծառայության պաշտոնների թվաքանակը կավելանա երեքով, տեխնիկական սպասարկման անձնակազմում կավելանան երկու նոր հաստիքներ, իսկ քաղաքացիական ծառայություն իրականացնող անձնակազմում կավելանա այգեպանի հաստիք։

Գյումրու համայնքապետարանի հաստիքների քանակը կլինի 217։

Նկատենք նաև, որ Գյումրու քաղաքապետարանում աննախադեպ մեծ թիվ են կազմում քաղաքապետի խորհրդականները, նրանք առնվազն 8-ն են, այս կառույցում փոխքաղաքապետերն անգամ օգնականներ ունեն։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930