Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսումնասիրելու հարուստ նյութ կա

Հունիս 21,2022 10:00

Մեկ տարի առաջ տեղի ունեցած ընտրությունների ժամանակ 688 761 քաղաքացի իր ձայնը տվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ ապահովելով այդ քաղաքական ուժի բացարձակ մեծամասնությունն Ազգային ժողովում: Դա գործնականում նշանակում է, որ ցանկացած պետական որոշում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է ընդունել միանձնյա (ՔՊ-ական պատգամավորները նրա կամքն իրագործելու հնազանդ գործիքներ են)՝ հաշվի չառնելով մնացած քաղաքացիների կամքը: Իհարկե, այդ 688 հազար ընտրողը Հայաստանում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների մեծամասնությունը չեն կազմում. կան տասնյակ հազարավոր քաղաքացիներ, որոնք ձայն են տվել ներկայիս խորհրդարանական ընդդիմությանը կամ այլ կուսակցություններին, կան հարյուր հազարավորներ, որոնք ընտրություններին չեն մասնակցել: Եթե ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թվից՝ 2 591 316-ից հանենք քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 1 281 997-ը, ապա մենք կստանանք 1 309 319 «բացակայողներ»:

Այդ բոլոր հանգամանքները պետք է հաշվի առնել քաղաքական վերլուծությունների ժամանակ, բայց զուտ ձեւականորեն, իշխանությունը ձեւավորելու տեսանկյունից, դա նշանակություն չունի: Ժամանակակից աշխարհում դրա հիմնական ձեւը ընտրություններն են, եւ եթե ընտրություններն անցել են առանց լուրջ խախտումների, ուրեմն իշխանությունը Հայաստանում վաստակել է միահեծան «թագավորելու» իրավունքը, իսկ քաղաքացիներն, անկախ նրանից, թե ինչպես են քվեարկել, գնացել են ընտրական տեղամասեր, թե բոյկոտել են կամ պարզապես չեն գնացել, բոլորը «վաստակել են» հենց այդպիսի իշխանություն:

Իհարկե, ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներն ասում են, որ մեկ տարում հասարակական տրամադրությունները փոխվել են, եւ եթե հիմա լինեն ընտրություններ, ապա ՔՊ-ն չի հաղթի: Բայց նախ՝ չգիտեմ, թե որքանով է նպատակահարմար ամեն տարի ընտրություններ անցկացնել: Երկրորդ՝ եթե իմ կարծիքը հարգարժան ընդդիմադիրներին հետաքրքրեր, ապա ես խորհուրդ չէի տա հիմա նման փորձ անել՝ նկատի ունենալով վերջին մեկուկես ամսվա փողոցային բողոքի արդյունքները:

Երբ ընտրություններն արդար են անցնում (այն էլ երկու անգամ անընդմեջ), ապա ի թիվս այլ դրական հետեւանքների, ավելի հեշտ է ուսումնասիրել հասարակությունը եւ բացահայտել օրինաչափությունները: Մենք կարող ենք քիչ թե շատ ճշգրիտ դատողություններ անել մեր քաղաքացիների գրագիտության մակարդակի, նրանց քաղաքացիական զգացմունքների որակի մասին:

Գլխավոր հարցն է, իհարկե, թե ինչու են մարդիկ քվեարկել պատերազմում պարտված եւ 4000 զոհ տված իշխանության օգտին: Անմիջական պատասխանները պարզ են. 1/ մարդիկ հավատում են պաշտոնական քարոզչությանը, ըստ որի, Փաշինյանը ոչ մի բանում մեղավոր չէ, եւ ամեն ինչում մեղավոր են «նախկինները», 2/ բուն Արցախի խնդիրն իրենց ավելի քիչ է հետաքրքրում, քան «նախկիններից» վրեժ լուծելու եւ նրանց իշխանության չթողնելու ձգտումը:

Բայց այդ ակնհայտ ճշմարտությունների հետեւում ավելի լուրջ, ավելի խորը օրինաչափություններ կան, որոնք դեռ երկար պետք է ուսումնասիրել:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    «Երբ ընտրություններն արդար են անցնում…»
    Մուրճը ձեռքին, բերանից կղանքը շաղ տալով, խեղճուկրակ մարդկանց կենդանական բնազդին միտված նախընտրական քարոզչությամբ ընտրությունները ես արդար չեմ համարում, որովհետև դրանք բացահայտ անարդարության և անազնվության տարրեր պարունակելուց բացի, թուլացրեցին պետության հիմքերը:
    Վերջին մեկուկես ամսվա պայքարի արդյունքներն էլ, որոնց մասին խոսում եք, մասամբ կարելի է բացատրել հոդվածի վերջում բերված 2 պատճառներով: Ինչու մասամբ, որովհետև կա նաև մարդկանց երրորդ խումբը, որոնք չեն հավատում պաշտոնական քարոզչությանը, որոնց Արցախի խնդիրը շատ է հուզում, սակայն որոնք դեռ չեն հաղթահարել Քոչարյանի բարդույթը: Այս մարդիկ, միգուցե, ընդունել են 2018 թ. պատուհասին մասնակցելու իրենց մեղսակցությունը (թեկուզև հրապարակից հնչած ստերին հավատալու մասով), բայց դեռ ի վիճակի չեն պրոյեկտելու 18 թվին ու դրանից հետո կատարվածը 2008-ի իրադարձությունների վրա ու գիտակցելու, որ մարտի 1-ի պատասխանատվությունը (նաև հասարակության բևեռացման առումով) հալալ կիսովի է Քոչարյան – Սարգսյան ու Տեր Պետրոսյան – Փաշինյան զույգերի միջև:

  2. Hay says:

    Ամեն անասուն ընտրելու իրավունք չպետք է ունենա, լինի որոշակի IQ սահման: Թե չէ դուրս է գալիս, որ նախիրը պիտի որոշի, թե ինչպիսի երկրում ապրենք մենք:

  3. Լավատես says:

    Նկարիչների միության նախագահի ընտրութուններին պետք է մասնակցեն բոլոր նկարիչները, որոնք նկարչի բարձր կոչումը եւ ընտրելու իրավունքը ստանում են տասնութը լրանալուց անմիջապես հետո: Նմանապես ընտրվում է կոմպոզիտորների, գրողների եւ այլ մասնագիտական միությունների նախագահները 🙂 Եթե այդ մասնագիտական ընտրություններում համապասխան մասնագիտություն ու մակարդակ ունեցողներն են մասնակցում եւ որեւէ անսլուխ մեկը չի բողոքում, որ իր կարծիքն էլ է նույնքան կարեւոր կոմպոզիտորների ընտրությւններում, որքան պրոֆեսիոնալ կոմպոզիտորներինը: Բայց եթե նպատակը կոմպոզիտորների միությունը ցրելն է, ապա գործին խառնում են անմասնագետներին, շարիկովներն ու կուխարկաները պրոֆեսիոնալների գլխին դառնում են նաչալնիկ, դե սրանք էլ թողնում փախնում են եւ միությունը քանդվում է: Անմասնագետներին պետք է խորհրդատվական իրավունք տալ եւ կրթել ու դաստիարակել եւ նոր միայն դրանից հետո քննություն հանձնի, անցնի անվտանգության համակարգով եւ որոշող ձայնի իրավունք ստանա: Քաղաքացի լինելը նույնքան մասնագիտական է, ինչքան նկարիչը, գրողն ու կոմպոզիտորը, անմասնագետները թող խորհրդատվական ընտրություն կատարեն, իսկ պրոֆեսիոնալ քաղաքագետները որոշող ձայնի իրավունք ունենան, թե չէ մեր շարիկովներն ու կուխարկաները իրենց նման մեկին կընտրեն բարձր պաշտոններում: Կեցցե՛ մեր ապագա բարձրմասնագիտական քաղաքական եւ պետական համակարգը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930