Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ է իրականում ասել Ավետիք Չալաբյանը Էմմա Սարգսյանին՝ Թոռնիկ Ալիյանի մասին. Վարազդատ Հարությունյանը մանրամասներ է ներկայացնում հայտնի ձայնագրությունից

Հունիս 20,2022 13:55

«Ավետիք Չալաբյանի նկատմամբ հորինված քրգործի շրջանակներում իրականացվում է ակնհայտ բռի եւ լկտի քաղաքական հետապնդում»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում նման գնահատական հնչեցրեց «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի անդամ Վարազդատ Հարությունյանը:

Հիշեցնենք, Ավետիք Չալաբյանը կալանավորված է մայիսի 14-ից : Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ մարդկանց դրդելու հավաքների, ցույցերի՝ նյութական շահագրգռվածության միջոցով:

Պաշտպանը հիշեցրեց, որ մայիսի 13-ին Ավետիք Չալաբյանը հարուցված քրգործի շրջանակներում ներգրավվել է որպես մեղադրյալ: Քրեական գործը հարուցվել է՝ 2 հազար ուսանողների հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ: Պաշտպանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել հենց այդպես, կոնկրետ՝ մեկից ավելի անձանց հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ: Մինչդեռ Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի երկրորդ մասը, որը փոփոխության է ենթարկվել նախորդ տարի մայիսին, նախատեսում է քրեական պատասխանատվություն ոչ միայն հավաքներին հարկադիր մասնակցելուն հարկադրելու համար, այլ նաեւ հավաքներին մասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար. «Այս պահին վարույթ իրականացնող մարմինը ոչ միայն ձեռք չի բերել գեթ մի ապացույց, որ Ավետիք Չալաբյանը մեկից ավելի անձանց շահագրգռել է հավաքներին մասնակցելու նպատակով, այլ անգամ ձեռք չի բերել որեւէ ապացույց, որով հիմնավորվում է, որ Ավետիք Չալաբյանը ընդհանրապես որեւէ մեկին նյութապես շահագրգռել է հավաքի մասնակցելու նպատակով»:

Վարազդատ Հարությունյանը հիշեցրեց հայտնի ձայնագրությունը, որտեղ Թոռնիկ Ալիյանը սադրանքի է ենթարկում զրուցակիցներին եւ անընդհատ խոսում է փողի մասին, որին ի պատասխան Ավետիք Չալաբյանը շատ հստակ ասում է, որ «միգուցե գոյատեւելու համար ֆինանսն է կարեւոր, բայց մարդավարի ապրելու համար ոչ նյութական արժեքներն են կարեւոր». «Այստեղ ունենք մի դերակատար՝ Թոռնիկ Ալիյանը, որը ենթադրյալ հնարավոր նյութական շահագրգռության հասցեատերն է, բայց շատ կարեւոր է, որ նույնիսկ Թոռնիկ Ալիյանը առերես հարցաքննության ժամանակ չի պնդել, անգամ հերքել է, որ Ավետիք Չալաբյանն իրեն երբեւէ որեւէ նյութական շահագրգռություն է առաջարկել որեւէ հանրահավաքի մասնակցելու նպատակով: Քրգործով չկա նաեւ որեւէ այլ անձի կողմից նման պնդում»:

Վարազդատ Հարությունյանի պնդմամբ, Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել հատկապես 163-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ կետով, որովհետեւ այդ հոդվածով կալանք կարելի է կիրառել միայն այն հանցագործությունների դեպքում, որոնց համար պատիժը նախատեսում է մեկ տարուց ավելի ազատազրկում:

Մանրամասները՝ տեսանյութում

Վարազդատ Հարությունյանը նաեւ մանրամասնեց, թե ինչ է տեղի ունեցել իրականում. «Այդ տխրահռչակ հանդիպումից հետո Ավետիք Չալաբյանը՝ Էմմա Սարգսյանի հետ քննարկելով Թոռնիկ Ալիյանին քաղաքական պրոցեսների մեջ ներգրավելու հարցը, ասում է, որ Թոռնիկ Ալիյանը քաղաքականությամբ ընդհանրապես չհետաքրքրված, գաղափարական որեւէ աշխատանքի համար ոչ նպատակահարմար, ֆինանսի մասին հոգացող անձնավորություն է: Աննպատակահարմար է նրան ներգրավել քաղաքական գործընթացներում, որպես գաղափարական ուսանող, ուստի, եթե նա ունի կազմակերպչական օղակներ, ապա կարող ենք իր եւ մնացած ուսանողների հետ, որոնք պատրաստ են վճարովի աշխատանք կատարել, կնքել վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրեր, որոնց հիմա վրա կներգրավենք իրենց տեխնիկական աշխատանքների մեջ: Ավետիք Չալաբյանը սրա վերաբերյալ, իր նախաձեռնությամբ, հարցաքննվել եւ ցուցմունք է տվել 25 օր առաջ: Մինչ այս պահը Ավետիք Չալաբյանը չի առերեսվել իր ցուցմունքի կապակցությամբ, քրգործով անցնող որեւէ այլ անձի հետ: Նախորդ դատական նիստում քննիչը հստակ հայտարարեց, որ որեւէ հակասություն չկա Ավետիք Չալաբյանի արած նոր հայտարարությունների եւ գործով անցնող մնացած վկաների ցուցմունքների մեջ: Այստեղ հարց. եթե չկա հակասություն, բա Ավետիք Չալաբյանին բանտարկված ինչո՞ւ եք պահում»,- ասաց Վարազդատ Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930