Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ձերբակալվել է Մրգավետ համայնքի ՔՊ-ական գյուղապետը. պատճառը՝ թոռնիկի խնամակալության հարցն է

Հունիս 09,2022 11:42

Երեկ ձերբակալվել է Մրգավետ համայնքի ՔՊ-ական ղեկավար Գագիկ Նորիկի Սարգսյանը: Նա կասկածվում է ՔՕ 167 հոդվածի երկրորդ մասով. կնոջ՝ Լիաննա Սարգսյանի հետ, թոռանը՝ 2018 թվականին ծնված Լ.Ս.-ին, խնամակալից պահելու մեջ: Երեխայի խնամքը հանձնված է Ավետիք Վարազդատի Աբրահամյանին:

Ավետիք Աբրահամյանը ոստիկանության գնդապետ է, Կոտայքի մարզի ոստիկանության նախկին պետը: Մայիսի 5-ին ոստիկանները Երեւանի բնակարաններից մեկում հայտնաբերել էին 35-ամյա Տաթեւիկ Աբրահամյանի դին՝ պարանոցի եւ դեմքի շրջանում բռնության հետքերով: Տաթեւիկ Աբրահամյանը Ավետիք Աբրահամյանի դուստրն է: Տաթեւիկի սպանության մեջ կասկածվում է նրա նախկին ամուսինը՝ Նարեկ Սարգսյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 104 հոդվածի առաջին մասով:

Ձերբակալված Մրգավետ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանը Նարեկի հայրն է: Ի դեպ, Գագիկ Սարգսյանի կնոջը՝ Լիաննա Սարգսյանին էլ մեղադրանք է առաջադրվել, որի հիմքում Արաբկիրի թաղապետարանի մայիսի 13-ի որոշումն է, որով երեխայի խնամքը հանձնվել է Ավետիք Աբրահամյանին եւ կա դատավոր Մատինյանի որոշումը՝ երեխայի բնակության վայրը որոշելու հայցի ապահովման մասին, որով երեխայի բնակության վայրը սահմանվել է կրկին Ավետիք Աբրահամյանի բնակության վայրով:

Աննա Ծառուկյան

Գագիկ Սարգսյանի եւ Լիաննա Սարգսյանի շահերի պաշտպանությունը նորերս ստանձնած փաստաբան Աննա Ծառուկյանն Aravot.am-ի հետ զրույցում իր պաշտպանյալի ձերբակալությունը ոչ իրավաչափ որակեց եւ տեղեկացրեց, որ արդեն բողոքարկել են Գագիկ Սարգսյանի ձերբակալության հանգամանքը:

«Նման օրենսդրական կարգավորում չկա, որ ծնողի կենդանության օրոք (ծնողը Նարեկ Սարգսյանն է-Ն. Գ.), ծնողական իրավունքներից զրկված չլինելու պարագայում, խնամքը տան մեկ այլ անձի: Օրենսդրական կարգավորում չկա, որ տատիկին, պապիկին խնամք հանձնեն կամ բնակության վայր սահմանեն»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ բնակության վայր սահմանելու մասին հայցապահանջ իրենք էլ են ներկայացրել՝ խնդրելով երեխայի բնակության վայր սահմանել մյուս տատիկ, պապիկի՝ Գագիկ եւ Լիաննա Սարգսյանի մոտ, դատարանը նույնիսկ վարույթ չի ընդունել հայցը՝ նշելով, որ նման օրենսդրական կարգավորումներ չկան. «Այսինքն, կա մի դատարանի որոշում, որն օրինական է, քանի որ օրենսդրական կարգավորումներ չկան եւ մեկ այլ դատարանի որոշում, որը բավարարել է նույնաբովանդակ հայցը՝ առանց օրենսդրական կարգավորումների՝ առանց նիստ հրավիրելու եւ սա դրվել է մեղադրանքի հիմքում»:

Գագիկ Սարգսյանի ձերբակալման հիմք քննիչը նշել է՝ ՔՕ-ով չթույլատրված արարք կատարելը, կատարելուց անմիջապես հետո հայտնաբերման հանգամանքը: Գագիկ Սարգսյանի պաշտպանը նկատում է, որ ձերբակալման նշված հիմքը ոչ իրավաչափ է ճանաչվելու, քանի որ օրենքն ասում է, որ անմիջապես տեղում պետք է բռնված լիներ կամ կատարելուց անմիջապես հետո, ոչ թե համարյա մեկ ամիս հետո. «Երբ դեպքն այսօրվա հետ կապ չունի, ավելի վաղ է տեղի ունեցել. երեխայի խնամակալության հայցի ապահովման որոշումը մայիսի 13-ին է կայացվել, դեպքը այդ պահից սկսած պետք է հաշվել, մինչ այսօր Գագիկ Սարգսյանը չի կանչվել, չի ձերբակալվել, հետեւաբար, այն ոչ իրավաչափ է ճանաչվելու»:

Իսկ ձերբակալման նպատակ, ըստ պաշտպանի, ընդհանրապես նշված չէ:

Պաշտպանի փոխանցմամբ, Գագիկ Սարգսյանն արցախյան երեք պատերազմների մասնակից է, ունի մեդալներ, շնորհակալագրեր, նաեւ առողջական խնդիր ունի՝ սիրտը ստենտավորված է: Գագիկ Սարգսյանը ՔՊ-ական է, իրավապահների հետ խնդիր երբեք չի ունեցել:

Թոռնիկի հետ կապված վեճի առիթով Գագիկ Սարգսյանը նաեւ նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ համոզմունք հայտնելով, որ երեխայի մորական պապիկը՝ Ավետիք Աբրահամյանը, իր նախկին կապերն է օգտագործում երեխային իր խնամակալության տակ պահելու համար: Ըստ նամակի, այս գործում ակտիվ դերակատարում ունի նաեւ Ավետիք Աբրահամյանի որդին, որը ՊԵԿ-ում բարձր պաշտոն է զբաղեցնում: Որքան Աննա Ծառուկյանն է տեղյակ, դատախազությունից արձագանքել են այս նամակին՝ նկատելով, որ առկա են հանցագործության հատկանիշներ եւ հորդորել են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել: Ներկայացրե՞լ են, թե՞ ոչ, պաշտպանն այս պահին տվյալներ չուներ:

Մոտ օրերս Աննա Ծառուկյանը կստանձնի նաեւ Նարեկ Սարգսյանի պաշտպանությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Գագիկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930