Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն այն երկրներից է, որ չունի պատգամավորների էթիկայի վարքագծի կանոններ, ԱԺ-ում չափից շատ են օգտագործվում արագացված ընթացակարգերը»․ ԳՐԵԿՈ-ի նախագահը քննադատեց

Հունիս 02,2022 22:10

«Հայաստանն այն երկրներից է, որ չունի պատգամավորների էթիկայի վարքագծի կանոններ, ՀՀ խորհրդարանի աշխատանքը թափանցիկության առումով պետք է ուժեղացվի, իսկ դա ուղղակիորեն կապված է պատգամավորների էթիկայի վարքագծի կանոնագրքի ընդունման հետ»,-հունիսի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք ՀՀ իշխանությունների աշխատանքը կոռուպցիայի կանխարգելման հարցում, այսպես պատասխանեց Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը՝ Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) նախագահ Մարին Մրչելան։

Նա մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց ԳՐԵԿՈ-ի տարեկան զեկույցը։ Անդրադառնալով մեր հարցին և ՀՀ ԱԺ-ի աշխատանքին՝ Մարին Մրչելան ևս մեկ խնդիր ներկայացրեց․ «ՀՀ ԱԺ-ում արագացված ընթացակարգերը չարաշահվում են, ինչպես նաև բացակայում է տեղեկատվությունը ներկայիս փորձառության մասին՝ կապված օրենքների ընդունման գործընթացում հանրության մասնակցության հարցի հետ։ Տեղյակ ենք, որ ՀՀ խորհրդարանում շրջանառվում է պատգամավորների էթիկայի վարքագծի կանոնագրքի նախագիծը։ Մենք սպասում ենք դրա ընդունմանը»։

Խոսելով դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ ԳՐԵԿՈ-ի նախագահն ասաց․ «Կարևոր է, որ դատական իշխանության նկատմամբ վերահսկողությունը չվնասի դատավորների անկախությանը։ Արդարադատության նախարարության իրավասությունը՝ կարգապահական վարույթներ նախաձեռնել դատավորների նկատմամբ, պետք է դադարեցվի։ Ներկայումս գործող մոդելը համադրելի չէ դատական իշխանության անկախության հետ։ Այս բոլոր ուղղություններով դեռ շատ աշխատանք կա Հայաստանում անելու»։

Մարին Մրչելան միևնույն ժամանակ նշեց՝ այն անձինք, որոնք Հայաստանն են ներկայացնում ԳՐԵԿՈ-ում, նվիրված են իրենց աշխատանքին և հստակ գիտեն՝ ինչ են անում։ Բայց նաև փաստեց՝ նրանք ԳՐԵԿՈ-ի առաջարկները միայն փոխանցում են քաղաքական գործիչներին, իսկ իրականացնողները հենց քաղաքական ղեկավարության ներկայացուցիչներն են։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930