Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տղայիս հետ չեմ բերի, բայց թափված արյան համար պատասխան եմ պահանջում». «Առերեսում»

Մայիս 14,2022 22:00

«Իմ տղան զոհվել է՝ նոյեմբերի 7-ին ծանր վիրավորվելով Շուշիի մատույցներում,- «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում պատմեց 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Ադրիխանյանի հայրը՝ Բորիկ Կոյտիկովը՝ ԱԺ ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության կապակցությամբ, թե «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք այս նույն վիճակը, իհարկե առանց զոհերի»։- Ոչ միայն իմ որդին, այլ նաեւ իր ջոկատի շատ տղաներ կարող էին կենդանի մնալ…»:

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության կապակցությամբ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները իրավապահներից պահանջում են նրան որպես մեղադրյալ ներգրավել 2020թ. արցախյան պատերազմի աղետալի հետևանքներին հանգեցրած պատճառների հանգամանքների վերաբերյալ քրեական գործով ու պատասխանատվության կանչել իրենց երեխաների մահվան համար:

Դատախազությունը վստահեցնում է, որ պատերազմական գործերով որևէ կաշկանդվածություն չունի։ «Առերեսում» հաղորդաշարի մյուս հյուրը՝ 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի մայրը՝ Աննա Մկրտչյանը սակայն թերահավատ է. «Իդեալական տարբերակ կլիներ, եթե կաշկանդվածություն չունենային: Բայց ներկա պայմաններում՝ դժվար… Իմ կարծիքով, որոշակի ազդեցություն, ամեն դեպքում լինելու է»:

Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե դատախազության առջև հավաքված ծնողները քաղաքական պայքարի մաս են կազմում՝ Աննա Մկրտչյանն ասում է. «Սա քաղաքական պայքարի մաս չի՝ սա արդարության պահանջ է: Ի վերջո, մեր տղաները զոհ գնացին հենց այդ քաղաքականություն կոչվածին»: Հավելեց՝ «Մեզնից ոչ ոք չի պատրաստվում կուլ տալ ասված բառերը: Մեր տղաների արյան յուրաքանչյուր կաթիլի համար պատասխան ենք պահանջելու: Դրա համար չէինք տղաներին մեծացրել, դաստիարակել, որ «հանուն ոչնչի» զոհեին նրանց: Այսինքն ստացվում է՝ տղաներին տարան, Արցախը թաթախեցին իրենց արյան մեջ ու հետո նվեր տվեցին թուրքերին… Ու հետո էլ որպես վերջին կետ ասում է՝ կարող էի կանգնեցնել, բայց չկանգնեցրի»:

«Ամեն մարդ ինչ արել է՝ պատասխանը պիտի տա: Այս պատասխանն արյան հետ է կապված՝ թող խաղ չանեն: Այս պատասխանն անեծքի հետ է կապված՝ թող խաղ չանեն դրա հետ,- ասաց Բորիկ Կոյտիկովը:-Ու որ տեսնում եմ՝ շատ մարդիկ այս հասարակ բաները չեն հասկանում՝ պիտի ասեմ՝ պարտադիր է ձեր ընտանիքում նման բան լինի, որ նոր հասկանա՞ք»:

Հետաքրքրվեցինք՝ ասելով, թե պետք է պատասխան տա՝ ավելի որոշակի ի՞նչ են ակնկալում, քրեակա՞ն, թե՞ բարոյական պատասխանատվություն. այս համատեքստում հիշեցրինք, որ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը ծնկի էր գալիս շիրիմների առջեւ, ներողություն խնդրում զինվորների ծնողներից: «Ես ոչ մի ներողություն չեմ ընդունում,- ասաց Աննա Մկրտչյանը:- Մի քանի անգամ հնարավորություն է եղել պատերազմը կանգնելու, որը չի արվել: Վերջին հնարավորության մասին ընդհանրապես չի ասվել՝ հետո է պարզվել՝ պատերազմից հետո… Չեմ ընդունում ոչ մի ներողություն: Նա, ով մեղավոր է, նրանք, ովքեր մեղավոր են՝ բոլորը պետք է պատասխան տան… Տղայիս հետ չեմ բերի, բայց թափված արյան համար պատասխան եմ պահանջում»:

Իսկ Բորիկ Կոյտիկովն ասաց. «Եթե ներողություն խնդրողը մի բառ կգտնի ինձ ասելու, թե մոռացիր, թե վերջին անգամ ինչպես տղայիդ տեսար կափարիչը փակելուց առաջ…եթե այդ ներողություն խնդրողն իմ հոգու միջից դա կհանի՝ ես իմ հոգում կներեմ նրան… Դա այդպես չի՝ ասելով, թե ձեր առջեւ խոնարհվում ենք: Պետք չի խոնարհվել: Մենք շատ ներողամիտ մարդիկ ենք: Բայց արյան համար ներողությո՞ւն»:

Զրույցն ամբողջությամբ՝տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031