Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունից պահանջում ենք ծառայողական քննություն նախաձեռնել և պատասխանատվության ենթարկել ՊՊԾ-ի պետ Սարգիս Հովհաննիսյանին և իրենց լիազորությունները գերազանցած նրա ենթականերին. Lրագրողական կազմակերպություններ

Մայիս 02,2022 20:40

Մայիսի 2-ին Երևանում ընդդիմադիր ուժերի կազմակերպած անհնազանդության ակցիաների ժամանակ խոչընդոտվել է մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնագիտական գործունեությունը։

Մասնավորապես՝ Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը Պռոշյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում նախ ագրեսիվ պահվածք  է դրսևորել «Mediahub.am» լրատվական կայքի թղթակից Նարե Գնունու նկատմամբ՝ հարվածելով նրա ձեռքի բարձրախոսին, ապա ոտքով խփել է նույն կայքի օպերատոր Արման Ղարաջյանին ու վնասել տեսախցիկը։

Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում ոստիկանների ու քաղաքացիների միջև բախման արդյունքում վատացել է «Yerkir.am» լրատվական կայքի թղթակից Լիա Սարգսյանի ինքնազգացողությունը, որին առաջին օգնություն է ցուցաբերվել։

Հերացի փողոցում իրավապահները հարվածել են «AntiFake.am» կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանի ուսին և խոչընդոտել նրա աշխատանքը, իսկ նույն կայքի մեկ այլ լրագրող Իշխան Խոսրովյանին քաշքշել են Խանջյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, հերթական անգամ արձանագրում ենք, որ երկրում հասարակական-քաղաքական իրավիճակի ցանկացած սրացման պայմաններում ավելանում են նաև լրագրողների և օպերատորների նկատմամբ հարձակումներն ու ճնշումները։ Սա հաճախ նաև իրավապահ մարմինների ծառայողների անբավարար պրոֆեսիոնալիզմի և մարդկանց՝ այդ թվում նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ բարեկիրթ հաղորդակցվելու ունակություն չդրսևորելու հետևանք է։

Խստորեն դատապարտելով զանգվածային ակցիաների ընթացքում մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողների ու օպերատորների նկատմամբ հարձակումները իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից՝ կառավարությունից պահանջում ենք.

  • ծառայողական քննություն նախաձեռնել և պատասխանատվության ենթարկել ՊՊԾ-ի պետ Սարգիս Հովհաննիսյանին և իրենց լիազորությունները գերազանցած նրա ենթականերին,
  • համապատասխան ցուցումներ տալ և՛ ՊՊԾ-ին, և՛ Ոստիկանությանը, որպեսզի իրենց գործողություններով չխախտեն ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքները և հարգալից վերաբերմունք ցուցաբերեն նրանց նկատմամբ։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031