Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սխալներ եղել են, բայց բոլորս պետք է իրար խոստանանք, որ այդպես չի լինելու»․ Լեւոն Քոչարյանի անկեղծությունը՝ խարույկի շուրջ

Ապրիլ 28,2022 19:40

Այս գիշեր՝ ապրիլի 27-ին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Տավուշից դեպի Երեւան քայլող երթի մասնակիցների հետ Սեւանի ափին «Խարույկի շուրջ» խորագրով քննարկմանը ներկա էր նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդիներից Լեւոն Քոչարյանը։ Նա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանի «ֆեյսբուքյան» էջում ուղիղ միացմամբ պատգամավորի խնդրանքով պատմեց Ստեփանակերտում անցկացրած մանկության դրվագները, որոնց մի մասը ներկայացնում ենք ստորեւ․

– 3 տարեկան էի, երբ սկսվեց Արցախյան շարժումը։ Դրվագներով եմ հիշում, որ մասնակցում էինք մեծ ցույցերին։ Շատ է տպավորվել մկրտությունս։ Երբ շարժումը սկսվեց, շատերը զանգվածաբար երեխաներին տանում էին կնքելու։ Հերթ էր․․․դա այն կնունքը չէր, որն այսօր սովոր ենք տեսնել միջոցառումներով, բայց հայապահպանության մեծ արարողություն էր։

-Պատերազմ, նկուղային կյանք։ Դժվար էր իհարկե, փոքր էինք, ու չունեինք այն զգացողությունները, որոնք ունեին մեր ծնողները, բայց դժվարություններին զուգահեռ՝ նրանք փորձում էին մեր համար ամեն ինչ անել․ տոնածառ էինք զարդարում։ Բոլորը չէ, որ նկուղ ունեին։ Հարեւանները եւս գալիս էին մեր տան նկուղ։ Հեշտ չէր, բայց ինչ-որ հույս կար, համոզմունք կար, որ լավ է լինելու։

-Առանց չափազանցնելու եւ ավելորդ պաթոսի՝ մանկությանս ամենահիշարժան օրերից է Շուշիի ազատագրումը։ Մեզ այնքա՜ն էին ռմբակոծում Շուշիից (ժպտում է), ոնց էր պրծանք մի մեծ բանից, անհնարին թվացողը հնարավոր եղավ։

-Ընկերներս կփաստեն, որ այդ տարիքում բոլորիս գրպաններում փամփուշտներ էին։ Հատկապես այն փամփուշտները, որոնք լույս արձակող էին, տարբեր բաներ էինք սարքում դրանցով, ինքնաշեն ատրճանակներ եւս։ Հիմա որ հիշում եմ, ապշելու բան է՝ չէինք հասկանում, բայց անում էինք։ Փամփուշտը բացում էինք, վառոդը դատարկում․․․

-Հիշում եմ մայրիկիս վիրավորվելը, երբ մեր բակում պայթեց «Գրադ»-ի «սնարյադը»․․․հեշտ չէր։

-Այդ ամենի հետ մեկտեղ մեր մեջ կար եւ հիմա էլ կա հպարտության զգացողությունը՝ հաղթողի հպարտությունը։ Այդ զգացողությունը որոշակիորեն վերջին պատերազմից հետո․․․Առհասարակ, հայրենասիրության համար որեւէ հատուկ աշխատանք չէր տարվում, դա այնքան բնական է եղել, միջավայրն էր այդպիսին։ Սխրանքներ էինք լսում։ Այս ամենը պետք է հասկանան բոլորը, սա պարզապես պաթոս չէ, սա մեր ինքնությունն է, պատմությունը եւ մեր պարտքը այն ամենի հանդեպ, ինչին գնացին այդ մարդիկ։

-2020թ․ նոյեմբերի տասներկուսին, երբ վերադառնում էինք Արցախից, մտանք Դադիվանք, վերջին անգամն էր։ Ճանապարհին չենք խոսել, ի՞նչ խոսեինք։ Նկատեցի, որ Տիգրանի (ընկերն է) աչքերից արցունքներ են գնում։ Ասաց՝ «հայրս ինչի՞ համար զոհվեց, որ այսպե՞ս լինի»․․․ու իսկապես․․․մենք ցավ ենք ապրում, բայց այս մարդկանց ցավն ուրիշ է, մենք պարտավոր ենք նրանց, պարտավոր ենք ունենալ ուժեղ, հավերժական Հայաստան։

-Շատ կուզեի, որ մեր երիտասարդները ճիշտ գնահատեն պահը, ճիշտ վերլուծեն, հասկանան, թե այս ամենն ուր է գնում եւ ուր է հասնելու, եթե այսպես շարունակվի։ Սա պաշտոնի կռիվ չէ, իշխանության բերելու կռիվ չէ։ Եթե կան մարդիկ, որոնք այս ամենում ինչ-որ ուրիշ՝ անձնական խնդիր են ուզում տեսնել, ապա իրենք շատ մեծ հիասթափություն են ապրելու։ Շատ եմ լսում նման բան: Բնակչության մի մասը մտահոգություն ունի, դժգոհ է որոշ երեւույթներից, չի ուզում, որ դրանք կրկնվեն։ Ես կիսում եմ այդ մտահոգությունը եւ հասկանում, որ սխալ բաներ եղել են, բայց բոլորս պետք է իրար խոստանանք, որ այդպես չի լինելու։ Այդ ամենը մեր համար էլ է մերժելի։ Բոլորս պարտավոր ենք ուրիշ եւ մյուսների սխալները հաշվի առնել, որ մեր երեխաներն արժանապատիվ մանկություն ունենան, որ կարողանան ունենալ այն հպարտությունը, որը մենք ենք ունեցել։ Այդ զգացողությունը գնել հնարավոր չէ։ Փորձում են խլել, բայց չպետք է թողնենք։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930