Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էկոպայուսակների արտադրությունից մինչև զբոսաշրջության զարգացում․ մեկնարկել է «UPSHIFT-Գավառ և Իջևան»-ը (Ֆոտոշարք)

Ապրիլ 25,2022 23:13

Աշխարհի բազմաթիվ երկրներում իրագործվող UPSHIFT համաշխարհային ծրագիրը, որը Հայաստանում ներդրվել է երեք տարի առաջ և որի նպատակը 12-18 տարեկան պատանիներին համայնքների խնդիրների լուծման մեջ ներգրավելն ու ակտիվ, ինքնուրույն որոշումներ կայացնող երիտասարդներ ունենալն է, մեկնարկեց նաև Գավառում և Իջևանում։

«UPSHIFT -Գավառ և Իջևան» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագիրն իրագործվում է ՄԱԿ-ի «Յունիսեֆ» մանկական հիմնադրամի և «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից։

Այն 3 տարի առաջ փորձարկվեց Գյումրիում, այնուհետ՝ Սպիտակում, պատանիները տարբեր գաղափարներ առաջ քաշեցին, դարձրեցին իրողություն, շատերը գաղափարները վերածեցին բիզնեսի՝ էկոգրիչներ, էկոպայուսակներ արտադրելով, ֆուտբոլի դաշտ սարքելով։

Գավառում և Իջևանում ևս հետաքրքիր գաղափարներ կան․ ունենալ աստղադիտարան, զբոսաշրջիկների համար քաղաքի քարտեզ կազմել, կարի մեքենա ձեռք բերել ու էկոպայուսակներ արտադրել՝ փոխարինելով արգելված պոլիէթիլենային տոպրակներին։

«Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ միջազգային խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Իջևան և Գավառ խոշորացված համայնքներում հայտարարվել է երիտասարդական համայնքային գաղափարների մրցույթ ու թվով 500 պատանիներ են դիմել՝ Գավառից ներկայացնելով 65 ծրագրային գաղափարներ, իսկ Իջևանից՝ 57։

Նրանք 3-5 հոգանոց խմբեր են կազմել ու ներկայացրել իրենց համայնքային խնդիրները, դրանց լուծման ուղիները։ Ժյուրիի կողմից յուրաքանչյուր համայնքից ընտրվել են 10 լավագույն գաղափարներ։

Ժյուրիի գնահատման վերջնարդյունքում յուրաքանչյուր համայնքից կընտրվի 5 գաղափար, որոնք ֆինանսական աջակցություն կստանան և մինչև օգոստոս ամիս կյանքի կկոչվեն։

«Գավառում և Իջևանում գաղափարներն առանձնահատուկ են, երեխաների մոտեցումները և համայնքային կարիքների քարտեզագրումը լրիվ այլ ձևով է իրականացվում։ Եթե նախորդ տարիներին պատանիները հիմնականում բնապահպանական խնդիրներին էին ուշադրություն դարձնում, շրջակա միջավայրի բարելավման ծրագրեր էին ներկայացնում, այս դեպքում հստակ բիզնես-գաղափարներ են, որոնց մի մասը զբոսաշրջությանն է ուղղված, զբաղվածության հետ խնդիր ունեցող կանանց աշխատատեղերի ստեղծմանը։ Այս տարի կան նաև նորարական մոտեցումներ, տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված գաղափարներ։

Նրանց նախաձեռնությունները շատ կայուն են և եթե կարողանան լուծում գտնել, համայնքների համար դրական փոփոխություն կլինի»,- ասում է Արթուր Նաջարյանը։

Մեր զրուցակիցը նշում է, որ Գյումրիում ու Սպիտակում իրականացված UPSHIFT ծրագրի շրջանակում առնվազն երեք գաղափար ձեռնարկատիրական գործունեության են վերածվել․ պատանիները Սպիտակում էկոգրիչներ են արտադրում, միջազգային կառույցների, դեսպանատների վաճառում, իսկ գումարը ուղղում համայնքային զբոսայգում նստարանների տեղադրմանը։

Էկոպայուսակների արտադրությունը ևս կայուն բիզնեսի է վերածվել․, այն սկսվել էր Գյումրիում։ Պատանիները պատվերներ են ստանում, համագործակցում խանութների հետ, հատկապես որ պոլիէթիլենային տոպրակների վերացման պահանջ է ներկայացված։

«Յունիսեֆ»֊ի երիտասարդների զարգացման ծրագրերի պատասխանատու Հասմիկ Ալեքսանյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ թե՛ Գավառում և թե՛ Իջևանում ընտրելու են 5 գաղափար, ամեն մի գաղափարի իրագործմանը տրամադրվելու է 120 հազար դրամ։

Ըստ մեր զրուցակցի, դա մեծ գումար է պատանիների համար, ընթացքում նրանք սովորում են նաև ֆինանսական գրագիտություն՝ ինչ անել, որ արդյունավետ ծախսեն։

Հասմիկ Ալեքսանյանի տեղեկացմամբ, երկու խոշորացված համայնքներում՝ Գավառում և Իջևանում, ծրագրի իրականացման համար տրամադրվում է 40-50 հազար դոլար, այն ֆինանսավորում է Եվրամիությունը։

«Յունիսեֆ»֊ի ներկայացուցչի ասելով, ծրագրերի նպատակներից մեկը պատանիների մենթալիտետը փոխելն է, այնպես անել, որ վերջիններս դառնան համայնքի ակտիվ անդամներ, նրանց ձայնը լսելի լինի համայնքում, հասնեն փոփոխությունների։ Հասմիկ Առաքելյանը՝ որպես մտածողության փոփոխության ցայտուն օրինակ, մատնանշում է Սպիտակում աղջիկների ֆուտբոլի թիմի գործունեությունը․ UPSHIFT ծրագրի շրջանակում վերանորոգել են սպորտդահլիճը ու հիմա ունեն աղջիկների ֆուտբոլի թիմ, շարունակում են իրենց գործունեությունը՝ նոր աղջիկների ներգրավելով թիմում։

«Փորձում ենք արդիականացնել համայնքները հենց երիտասարդների միջոցով։

Վերջին 2-3 տարիների ընթացքում, ինչ սկսել ենք UPSHIFT-ը Հայաստանում ներդնել, տեսել ենք մեծ փոփոխություններ երիտասարդների և դեռահասների շրջանում։ Նկատել ենք՝ ինչպես է բարձրանում իրենց ակտիվությունը ու մեր ծրագրի շնորհիվ իրենց տրված 21-րդ դարի հմտություններն ինչպես են օգտագործել իրենց համայնքների համար։

Տարբեր ծրագրեր են իրականացնում երիտասարդները, դառնում են համայնքի ակտիվ անդամ, ունենք նաև երիտասարդներ, դեռահասներ, որոնք մասնակցում են ավագանու նիստերին ու տվյալ համայնքներում օգնում են որոշումների կայացմանը։ Նկատել ենք, որ թեև երիտասարդները տարբեր թեմաներով են հետաքրքրված, սակայն հիմնականում նրանց հետաքրքրության թեման բնապահպանական ծրագրերն են, առողջ ապրելակերպն է, օրինակ՝ ինչպես ասացի, աղջիկների ներգրավվածությունը ֆուտբոլի թիմերում։ Իհարկե, ունենք թեմաներ, որոնցով փորձում են խթանել զբոսաշրջության զարգացումը իրենց համայնքներում»,-ասում է Հասմիկ Ալեքսանյանը։

Մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ ամռանը կամ աշնանը ծրագիրը կիրագործվի նաև Սյունիքում, թեև ցանկություն ունեն իրագործել Հայաստանի ողջ տարածքում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930